Տնտեսական

25.02.2023 08:43


Շուրջ 103 մլն դրամ գումար կծախսի անհայտ անձանց միջոցով Փաշինյանի աշխատակազմը

Շուրջ 103 մլն դրամ գումար կծախսի անհայտ անձանց միջոցով Փաշինյանի աշխատակազմը

Տարին նոր է սկսվել, իսկ Կառավարությունն արդեն անցել է պետական բյուջեից գումարներն անհայտ նպատակներով «մսխելու» իր արատավոր պրակտիկային։ Կառավարությունը վերջին երկու շաբաթների ընթացքում ընդունել է թվով երեք որոշում, որոնցով պետական բյուջեից հատկացված խոշոր չափի գումարներն ուղղվելու են չգիտես ում, չգիտես ինչի համար։

Նախ Կառավարությունը երկու որոշումներ ընդունեց, որոնցից մեկով՝ 38.9 մլն դրամով, իսկ մյուսով՝ 5 մլն դրամով նվազեցրեց վարչապետի աշխատակազմին 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցները։ Սակայն պետք չէ խաբնվել նվազեցման փաստով, քանի որ նման որոշումները ենթադրում են տվյալ գումարների վերաբաշխում կամ փոխանցում այլ նպատակային ծախսեր կատարելու համար:

Քանի որ նշված որոշումները, գործող կառավարության սովորության համաձայն, չզեկուցվող էին, որևէ պաշտոնական մեկնաբանություն վերջիններիս նպատակահարմարության վերաբերյալ հասարակությանը հայտնի չդարձավ։ Որոշման կասկածելի բնույթն իր հերթին ամրապնդեց որոշումների 2-րդ և 3-րդ կետերի հույժ գաղտնի լինելու փաստը:

Ինչ վերաբերում է որոշումներին կից Կառավարության պաշտոնական կայքում ներկայացված փաթեթներին, ապա 38.9 մլն դրամի ճակատագիրն անհայտ է, քանի որ չկա նշված որևէ տեղեկություն, թե նվազեցումից հետո ուր է փոխանցվելու այդ գումարը, իսկ 5 մլն դրամի պարագայում գումարը նախատեսվում է ուղղել «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի շրջանակներում «Խորհրդատվական, մասնագիտական և վերլուծական ծառայություններ» միջոցառման իրականացմանը, սակայն թե ի՞նչ խորհրդատվությունների մասին է խոսքը, ո՞վ կամ ո՞ր կազմակերպությունն է տրամադրելու այդ խորհրդատվական ծառայությունները, կրկին անհայտ է:

Հետաքրքրական է, որ Կառավարությունն իր վերջին՝ երրորդ որոշմամբ վարչապետի աշխատակազմին հատկացրեց 59 մլն դրամ, որը կրկին ուղղվելու է խորհրդատվական և վերլուծական ծառայությունների իրականացմանը: Գումարը փոխանցվել է մի շարք միջոցառումների, մասնավորապես՝ Սփյուռքի հետ ծրագրավորված միջոցառումների իրականացման համար հատկացված գումարներից վերաբաշխում կատարելու եղանակով: Որոշման այս նախագիծը ևս օրակարգում ներառված էր չզեկուցվողների շարքում: Որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը հույժ գաղտնի են, այլ մանրամասներ, այդ թվում՝ թե գումարն ի՞նչ նպատակով է հատկացվում, որոշման փաթեթում բացահայտված չեն:

Կարելի է ենթադրել, որ 38.9 մլն դրամը ևս ուղղվելու է նույն նպատակային, ասել է թե՝ խորհրդատվական ծախսերին: Այսպիսով, Կառավարությունն ընդհանուր առմամբ 102.9 մլն դրամ պատրաստվում է ծախսել խորհրդատվական ու վերլուծական ծառայությունների վրա, սակայն հայտնի չեն ո՛չ խորհրդատվական ծառայություն մատուցող կազմակերպության կամ կազմակերպությունների անունները, ո՛չ էլ խորհրդատվության բուն նպատակը:

Նմանօրինակ վերաբաշխումները, որոնք պարունակում են հույժ գաղտնի կետեր, և հստակ նշված չէ առնվազն ծառայություն մատուցողի անունը, իրենց մեջ լուրջ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, քանի որ ոչ հիմնավորված խորհրդատվական ծառայությունների մատուցումը կարող է պատվիրակված լինել որևէ անհասկանալի, իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող նորաստեղծ կազմակերպությանը, որից մեկ անձից գնում կատարելու, իսկ այս պարագայում՝ ծառայություն պատվիրելու եղանակով կիրականացվի պետական բյուջեից խոշոր չափով գումարների շորթում:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը