Կարծիք

22.12.2022 20:22


Ըստ «Bloomberg»-ի, հայկական դրամը աճի տեմպերով աշխարհում առաջատարն է դարձել. սա խայտառակություն է երկրի համար

Ըստ «Bloomberg»-ի, հայկական դրամը աճի տեմպերով աշխարհում առաջատարն է դարձել. սա խայտառակություն է երկրի համար

Միջազգային այս հեղինակավոր գործակալության տվյալներով, այս տարվա ընթացքում հայկական դրամը արժևորվել է ավելի քան 22 տոկոսով, ինչը նշանակում է, որ Հայաստանի արժույթի արժևորման աճը ամենաբարձրն է աշխարհում: Փաստորեն, մենք մի ցուցանիշով գերազանցում ենք աշխարհում բոլոր երկրներին: Մենք միշտ փորձում ենք մեզ առանձնացնել ինչ-որ դրվագներով, օրինակ նշելով, որ առաջինն ենք ընդունել քրիստոնեությունն աշխարհում: Սակայն զարմանալիորեն հպարտանում ենք նաև այնպիսի հատկություններով, որի համար, սովորաբար ամաչում են մյուսները:

Ազգային դրամի արժևորման հարցն այդ շարքից է: Քանզի արժևորված դրամ ունենալը, նշանակում է չունենալ իրական տնտեսություն: Եվ ներկայիս իշխանության գործունեության արդյունքը, ցավոք, դա է հուշում: Ռուսների հոսքի հաշվին ունենալ 14 տոկոսանոց տնտեսական աճ, դա հերոսություն չէ: Իսկ երբ այդ ներհոսքը երկիրն չի կարողանում օգտագործել երկրի շահերի համար, դա արդեն հիմարության նշան է:

Թվում էր ռուսների հոսքի արդյունքում երկրում կարող էր առաջանալ պահանջարկի ծավալների մեծացում, որին կարող էր հետևել առաջարկը: Արդյունքում կարող էր երկրի իրական տնտեսական ճյուղերի զարգացում ապահովել: Բայց իրականում, նույնիսկ այս հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս հնարավորությունն օգտագործեց ի վնաս պետության:

Ռուսաստանի դեմ Արևմուտքը հսկայածավալ պատժամիջոցներ է կիրառում, որպեսզի կարողանա փլուզել այդ երկրի ազգային արժույթը: Այս տարվա փետրվարին հենց այդպես էլ եղավ: Սակայն այդ երկրի Կենտրոնական բանկը կարողացավ իր վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով կանխել դա: Սկզբից այն դարձավ 20 տոկոս, իսկ հետո բանկը աստիճանաբար սկսեց այն իջեցնել և այս պահին այն կազմում է 7,5 տոկոս: Բանկի տոկոսադրույքը ազդում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա: Ինչքան փոքր է այդ տոկոսադրույքը, այնքան աշխույժ է գործում երկրի իրական տնտեսությունը:

Բանկն իր տոկոսադրույքի քաղաքականությամբ կարգավորում է այդ գործընթացը: Իհարկե, լինում են դեպքեր, երբ բանկը ստիպված է լինում բարձր տոկսադրույք հաստատել, սակայն դա սովորաբար կարճաժամկետ բնույթ է կրում, քանզի բարձր տոկոսադրույքը, փաստացի ոչնչացնում է երկրի իրական տնտեսությունը: Նման տոկոսադրույքի հաստատումը ստիպված բնույթ է կրում, երկրում ֆինանսական խուճապը կանխելու համար:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչ քաղաքականություն է վարում Հայաստանի ԿԲ-ը:

Այս տարվա սկզբին Հայաստանի ԿԲ-ի տոկոսադրույքը կազմում էր 7,75 տոկոս: Երբ սկսվեցին այս տարվա հայտնի փետրվարյան դեպքերը, հայկական դրամը արժեզրկվեց մինջև 5 տոկոս, դրամի կուրսը մեկ դոլարի դիմաց կազմելով մինչև 500-520 դրամ: Այդ ժամանակ մեր ԿԲ-ը միանգամից տոկոսադրույքը բարձրացրեց մինչև 9,25 տոկոս, կանխելու համար հետագա դրամի արժեզրկումը, ինչը ճիշտ որոշում էր: Սակայն հետագայում Ռուսաստանում ինֆլյացիոն գործընթացները փորք ինչ թուլացան, որի արդյունքում այդ երկրի ԿԲ-ը աստիճանաբար սկսեց իջեցնել իր տոկոսադրույքը, որպեսզի կարողանա աշխուժացնել տնտեսությունը: Նույն այդ ժամանակ, երբ արդեն ռուսների հոսքը դեպի Հայաստան սկսվեց, հայկական դրամը ոչ միայն կայունացավ, այլ նույնիսկ սկսեց արժևորվել: Թվում էր, թե այդ պահին Հայաստանի ԿԲ-ն, ռուսների օրինակով, պետք է որ սկսեր իջեցնել տոկոսադրույքը, որպեսզի հայկական տնտեսությունն էլ աշխուժանար: Սակայն, ավաղ, կատարվեց ճիշտ հակառակը, ինֆլյացիայի դեմ պայքարի պատրվակով, ԿԲ-ն ոչ թե իջեցրեց, այլ բարձրացրեց տոկոսադրույքը՝ հուլիսին 9,5 տոկոս, այնուհետև հարցրեց մինչև 10,5 տոկոսի: Իսկ բոլորովին վերջերս, դեկտեմբերի 13-ին ԿԲ-ն ևս 0,25 տոկոսով ավելացրեց տոկոսադրույքը այն հասցնելով մինջև 10,75 տոկոսի:

Եվ այն դեպքում, երբ ազգային դրամն արժևորվել է ավելի քան 22 տոկոսով: Բոլոր այն պնդումները, թե իբր դա կատարվում է ինֆլյացիան զսպելու համար, ցինիկ դեմագոգիա է: Իսկ Փաշինյանի այն պնդումը, թե ԿԲ-ն չի կարող ազդել դրամի կուրսի փոփոխման վրա, կամ դասական անգրագիտություն է, կամ էլ թաքնված խարդախություն: Քանզի Հայաստանի ԿԲ-ն ուղղակի է խառնվում դրամի կուրսի կարգավորման մեջ:

Իսկ ինչու՞ է Փաշինյանի իշխանությունը շահագրգռված երկրի ազգային դրամի արհեստական բարձր կուրսը պահպանելու հարցում, կարելի է տարբեր ենթադրություններ անել: Սակայն ամենատեսանելին, դա լեգիտիմ թալանն է, որ իրականացնում է այս իշխանությունը բնակչության հանդեպ, բանկային գործիքների միջոցով: Այն Փաշինյանն, ով ժամանակին փնովում էր նախկիններին բանկային թալանի համար, այսօր այդ թալանը իրականացնում է եռակի անգամ ավելի մեծ ծավալներով:

Իսկ երկրի տնտեսությունը շարունակում է քայքայվել, քանզի մեր բիզնեսի մրցակցային պայմանները ավելի վատն են դառնում:

Այսօր շատերը կարող են օրինակ բերել, թե իբր տեսեք հարևան Վրաստանի ԿԲ-ն էլ է բարձր տոկոսադրույք հաստատել: Բայց նման հիմնավորումները զուրկ են տրամաբանությունից, քանզի բոլորն էլ գիտեն, թե ինչ կառուցվածք ունի Վրաստանը և այդ տեսանկյունից նրանց հետ համեմատվելը պարզապես անգրագիտություն է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը