Կարծիք

11.12.2022 11:59


Արցախի դրությունն օր օրի ավելի է բարդանում

Արցախի դրությունն օր օրի ավելի է բարդանում

Արցախի դրությունն օր օրի ավելի է բարդանում։ Ադրբեջանը աշխատանքի նոր դաշտ է գտել ու, վստահ եմ, շարունակելու է սադրանքների քաղաքականությունը։

Ակնհայտ է՝ ռուս խաղաղապահները դրան պատրաստ չեն։ Նրանք խնդիր ունեն. ադրբեջանցիները գալիս ու հայտարարում են, թե Արցախն Ադրբեջան է ու հետևաբար «տեսչական ստուգումներ» անցկացնելու իրավունք ունեն, ռուս խաղաղապահները չեն կարողանում հակադարձել դրան։ Հակափաստարկ չունեն, որովհետև Երևանն էլ է ասում, թե Արցախը Ադրբեջան է։

Ուրեմն ի՞նչ անել այս վիճակում։ Նախ, պետք է հրաժարվել հեշտ «լուծումներից»։ Հեշտ լուծում չկա։ Չենք կարող նստել և հույսն ամբողջությամբ դնել ռուս խաղաղապահների վրա։ Մինչ Արցախում և Հայաստանում իրական քաղաքական պահանջ և այդ պահանջն իրագործելուն ուղղված գործողություններ չլինեն, ռուսական կողմը քիչ-քիչ զիջելու է իր դիրքերը (կարդա՝ մեր կենսական շահը) Արցախում։ Եվ ոչ միայն Արցախում։

Ադրբեջանցի «բնապահապաններին» Կաշենի գյուղացիներն ու հանքի աշխատակիցները չպիտի դիմավորեն։ Դրա համար Արցախում կա Պաշտպանության Բանակ։ Հետևաբար, պետք է այնպես անել, որ ռուս խաղաղապահների միակ գործառույթը արցախցիներին ադրբեջանցիներից պաշտպանելը չլինի։ Նրանք պետք է նաև ադրբեջանցիներին պաշտպանեն հայերից։ Այդկերպ մենք պետք է ստիպենք ռուսներին իսկական խաղաղապահ դառնալ։

Գիտեմ, այս լուծումը շատերը կարող են ռիսկային համարել և ճիշտ կանեն։ Բայց սա հենց այն դեպքն է, երբ ռիսկերը լիովին արդարացված են։ Որովհետև այլընտրանքը գիտենք, թե ինչն է։

Երկրորդ կարևոր խնդիրը, որ պետք է լուծել, հետևյալն է՝ Արցախի իշխանությունները պետք է նորից պատասխանատվություն ստանձնեն հայկական երկրորդ պետության համար։ Ռուս խաղաղապահը չէ որոշողը, թե երբ ու որտեղ կարող է այցելել ադրբեջանցի «բնապահպանը»։ Դա պետք է որոշի Արցախի իշխանությունը և իր այդ որոշումը պարտադիր դարձնի բոլորի համար։ Այլ խոսքերով՝ Արցախի իշխանությունը պետք է իր գործառույթն իրականացնի, ռուս խաղաղապահը՝ իր։ Հավատացեք՝ այդ դեպքում կշահի ոչ միայն Արցախը, այլև Ռուսաստանը։ Ընդ որում, երկուսը հավասարապես։

Ես բազմիցս ասել և շարունակելու եմ կրկնել՝ մենք այնքան թույլ չենք, որքան փորձում են ներկայացնել Նիկոլն ու Ալիևը։ Հայկական երկու պետություններն ունեն պաշտպանվելու և նույնիսկ վերականգնվելու ռեսուրս։ Պետք է պարզապես հավատալ մեր ուժերին և գործով զբաղվել։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը