Քաղաքական

07.12.2022 10:42


Վստահ եմ, որ հիմքում էլի Ալիև-Փաշինյան պայմանավորվածություններն են․ մանրամասներ Վոլկովի հետ հանդիպումից

Վստահ եմ, որ հիմքում էլի Ալիև-Փաշինյան պայմանավորվածություններն են․ մանրամասներ Վոլկովի հետ հանդիպումից

Մի խումբ ադրբեջանցի «բնապահպաններ» դեկտեմբերի 2-ին փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին ու պահանջում էին ռուս խաղաղպահներից՝ իրենց ուղեկցել Արցախի հանքավայրեր, որ տեղում ուսումնասիրություններ կատարեն: Բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվեց, իսկ ռուս խաղաղապահների հրամանատար Վոլկովը հայտարարեց, որ անցակետի մոտ սկաներ տեղադրելու մասին բանակցություններ են գնացել: Արցախում այդ լուրը բուռն քննարկումների ու անհանգստության առիթ դարձավ:

Մենք տեղեկացանք, որ այսօր Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների ղեկավարները հանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատար Վոլկովի հետ՝ քննարկելու դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած միջադեպն ու դրան հաջորդած իրողությունները:

«Հրապարակի» հետ զրույցում ԱՀ Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն հաստատեց հանդիպման փաստը և ասաց․

«Վոլկովի ասելով՝ շատ հարցեր համաձայնեցված են եղել նաև Արցախի պատկան մարմինների հետ: Այսինքն, խոսքը ոչ թե մաքսակետի մասին էր, ինչպես շրջանառվում էր տարածվող տեսանյութում։ Խաղաղապահները փաստում են, որ տեսանյութը կոնտեքստից կտրված է եղել և այն չի, ինչ որ ներկայացվել է ադրբեջանական մամուլի կողմից, բայց ընդհանուր խոսակցությունը գնացել է այդ սկան ապարատը տեղադրելու մասին, ինչին որ միանշանակ մենք դեմ ենք: Ցանկացած տեսակի դիտարկում, ցանկացած վերահսկողություն մենք չենք ընդունելու: Որովհետև միջանցքի գաղափարի մեջ այդպիսի սահմանում չկա, երկրորդը՝ դա միանշանակ բնակչության մեջ խուճապ է առաջացրել, որովհետև խաղաղ բնակիչներն իրենց մեքենայով անցնում են միակ կենսական ճանապարհով, այն էլ այդ հոգեվիճակում մարդկանց պատկերացնել, որ իրենք սկանավորվելու են և այդ նյութերը, ճանաչելով մեր թշնամի կողմին, հասկանում ենք, որ հնարավոր է նաև հայտնվի իրենց ձեռքին»,-ասաց Հակոբյանը:

Նա շեշտեց, որ այդ բոլոր հանգամանքները հաշվի առնելով, այսօր Ազգային Ժողովը Վոլկովին ներկայացրել, որ ժողովուրդը դեմ է, չի ընդունելու դա և անհրաժեշտության դեպքում նաև կպայքարի դրա դեմ:

Մեր հարցին ի պատասխան, Հակոբյանն ասաց, որ խմբակցությունները միակարծիք են եղել այս հարցում և առհասարակ այն, ինչ վերաբերում է Արցախին, Արցախի ինքնորոշման իրավունքին ու անվտանգությանը՝ Արցախի Ազգային Ժողովի խմբակցությունները տարակարծիք լինել չեն կարող: Մեր հարցին՝ այսինքն, մտավախություն կար, որ սկաների տեղեկատվությունը կարող էր փոխանցվել նաև ադրբեջանցիներին, Հակոբյանն ասաց, որ այստեղ խնդիրը ռուս խաղաղապահների մեջ չէ: «Մենք ի՞նչ իմանանք, թե հետագայում քաղաքական այրերն ինչ կորոշեն։ Ավելի շատ անվստահություն կա հենց Հայաստանի իշխանությունների հանդեպ, որովհետև այս գաղափարը, որ շրջանառվում է՝ մաքսակետ դնելու, դա բոլորդ հիշում եք որտեղից է եկել՝ էլի Ալիև-Փաշինյան հանդիպումների արդյունք է: Ադրբեջանական կողմը Սյունիքի միջով անցնող միջանցքի հարցն է բարձրացրել, և իրենք անընդհատ ասում էին չէ՞․ հակառակ դեպքում մաքսակետ կտեղադրեն: Եվ հիմա իրենք փորձում են բոլոր ճնշումներով գնան դրան և ես էլի վստահ եմ, որ հիմքում Ալիև-Փաշինյան պայմանավորվածություններ կան։ Իսկ խաղաղապահը կանի այն, ինչ կորոշեն քաղաքական այրերը»,-շեշտեց Հակոբյանը։

Այս խորագրի վերջին նյութերը