Կարծիք

06.12.2022 15:55


Զուգահեռ իրականություններ

Զուգահեռ իրականություններ

Մենք ապրում ենք զուգահեռ իրականություններում։ Կան մարդիկ, ովքեր խելագարվում են ամենօրյա փլուզումներից, ովքեր ամենայն սրությամբ զգում են երկրի գլխին կախված կործանարար պատերազմի վտանգը, ովքեր տեսնում են պետության արագընթաց անկումը, պատրաստ են պայքարել անվտանգ հայրենիք (և ընդհանրապես հայրենիք), իրական խաղաղություն, մեր երեխաների արժանապատիվ ապագան կերտելու համար, և կան մարդիկ, ովքեր բացարձակ անտարբեր են, անտարբեր՝ իրենց անցյալի, ներկայի ու ապագայի նկատմամբ, անտարբեր պետության, հայրենիքի, իրենց ու իրենց երեխաների ճակատագրի նկատմամբ, անգամ անտարբեր՝ տիրող համատարած անտարբերության նկատմամբ։ Նրանց գրավում են միայն Սարյան փողոցում հորդող գինիները, Հրապարակի կուրացնող լույսերը և իշխանական քարոզչամեքենայի կողմից ժողովրդի ուղեղի մեջ սրսկվող հիմարությունները։

Թշնամին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությամբ պատրաստվում է պատերազմի, հայաստանյան իշխանությունները դրան պատասխանում են մայրաքաղաքը տոնական լույսերի մեջ ողողելով՝ այդպիսով մարդկանց կուրացնելով ու նրանց զգոնությունը բթացնելով։ Ի դեպ, մատաղացու գառանն էլ են կուշտ կերակրում՝ մորթելուց առաջ, վզին էլ մի գեղեցիկ կարմիր ժապավեն կապած։

Հայաստանն այս աղետալի ընթացքից փրկվելու և վերջնարդյունքում հաղթանակած դուրս գալու շանս կունենա միայն այն ժամանակ, երբ այս երկու զուգահեռ իրականությունները հատվեն, երբ առաջնորդություն ստանձնած ուժերը զգան անտարբերների զարկերակը, նրանց սթափեցնելու ուղղությամբ գերգրագետ քայլեր ձեռնարկեն և ներգրավեն հայրենիքի պահպանության պայքարին, երբ շատերը գիտակցեն, որ չի կարող լինել իշխանության համար պայքար, եթե չկա Հայաստան պետությունն ընդհանրապես, որ շենշող լույսերը կուրացնող միջոց են՝ չտեսնելու քիչ այն կողմ գտնվող եռապատկված Եռաբլուրը, թշնամու կողմից օկուպացված մեր իսկ տարածքներում մնացած երիտասարդների անթաղ մարմինները, համատարած աղետն ու նվաստացումը, Հայաստան աշխարհի կործանումը։

Անելիք շատ կա, ժամանակն էլ կարճ է։ Եվ ուրեմն՝ բոլորիս իմաստնություն, ազնվություն, համառություն, վճռականություն և անմնացորդ նվիրում։

Հայաստանն ու Արցախը կործանումից փրկել դեռ հնարավոր է։ Դե՛ռ։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը