Քաղաքական

05.12.2022 12:22


«Սա արդեն երրորդ միջադեպն է, չենք թույլատրելու, որքան էլ գնան սադրանքների, մենք ևս նրանց նույն ձևով պատասխանելու ենք». Գետավանի համայնքապետ

«Սա արդեն երրորդ միջադեպն է, չենք թույլատրելու, որքան էլ գնան սադրանքների, մենք ևս նրանց նույն ձևով պատասխանելու ենք». Գետավանի համայնքապետ

Արցախի Հանրապետության ոստիկանության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 4-ին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներից բացի, շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։

«Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։

Այդ հողի վրա առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներին միացել են նաև բեռնատար մեքենաների վարորդները և բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։

Վեճը դադարեցնելու նպատակով նույն տեղանք են ներկայացել նաև երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։

Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև ադրբեջանական մարդատար ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների, Քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, այնինչ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ։

Արցախի Հանրապետության ոստիկանությունն այս պահին միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու և փաստագրելու ուղղությամբ։

Միջադեպի մասին տեղեկացված է նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»,-տեղեկացրել է Արցախի ոստիկանությունը։

168.am-ի հետ զրույցում Գետավան համայնքի ղեկավար Արարատ Զախարյանը միջադեպի և դրան նախորդած դեպքերի մասին որոշ մանրամասներ փոխանցեց: Ըստ նրա՝ այս միջադեպից մի քանի ամիս առաջ ադրբեջանական կողմը կրկին ավտոմեքենաների շարասյունը կանգնեցրել էր գյուղի մեջ, իբր խանութներից առևտուր անելու նպատակով, և կրկին միջադեպ էր գրանցվել երիտասարդների միջև։

«Ադրբեջանցիներին բացատրվել է, որ գյուղում չկանգնեն ու սադրանքներ թույլ չտան։ Միառժամանակ խելոք գնում-գալիս էին, սակայն դրանից հետո կրկին միջադեպ էր եղել կամրջի մոտ, մեկ անգամ էլ է նրանց ասվել՝ մի արեք նման բաներ։ Սա արդեն երրորդ դեպքն է։ Գետավանը կողքի բոլոր գյուղերի խաչմերուկում է գտնվում, երեխաները երեկ եկել են այդ խաչմերուկ, որպեսզի գնան իրենց տները, այնտեղ կանգնած է եղել ադրբեջանական ավտոշարասյունը, տղերքն ասել են՝ ճանապարհ տվեք գնանք, նրանք էլ թե՝ մեր հողն է, երբ մենք գնանք, դուք էլ կանցնեք։ Դրանից հետո վիճաբանություն է տեղի ունեցել, դրանից հետո ադրբեջանցին հարվածել է մեր երեխային, առաջացել է ծեծկռտուք միմյանց միջև»,-նշեց Արարատ Զախարյանը։

Իսկ երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած անձանց վիճակը նորմալ է, ասաց Գետավանի համայնքապետը՝ հավելելով՝ նման միջադեպեր միշտ էլ լինելու են։

«Ադրբեջանական կալոննան գյուղով իմ տան դեմով է գնում, ոռոգման ջուր կա, որտեղից անասուններին էլ ենք տանում ջրում, այդ հատվածն ադրբեջանցիներն ամբողջությամբ փչացրել էին։ Երեկ ռուս խաղաղապահներին կանչել ու բացատրել եմ, որ այդ քարերը, որոնք լցրել են այդ հատվածում, պետք է հանեն, որպեսզի կարողանանք մեր անասուններին ջրենք։ Նրանք հանձնարարություն տվեցին, քարերը հանեցին, բայց ճանապարհն ամբողջովին ավերել են, ասֆալտը պոկել են։ Ադրբեջանական կողմը երկար մեքենաներով է գալիս, տեղափոխում է ծանր բեռներ, իրենց մեքենաները այդ ճանապարհների համար են, դրա համար էլ փչացնելով ճանապարհը՝ գնում-գալիս են։ Դրանից առաջ էլ դեպք է եղել, որ գյուղի տրանսֆորմատորն են վառել, գծերը վառել էին, ինչի հետևանքով բնակիչների սառնարանները վնասվել են։ Սա էլ հերթական այդ սադրանքներից էր, որը կատարվեց ազերիների կողմից»,-շեշտեց Արարատ Զախարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այս միջադեպը Բերձորի ճանապարհը փակելու սադրանքների շարունակությունն էր, փորձել են Գետավանում էլ ճանապարհ փակել, սակայն չի ստացվել։

«Ես մոտ 50 տարեկան մարդ եմ, ադրբեջանցիների բոլոր սադրանքները լավ եմ հիշում, այսօր էլ նրանք նույն մարդիկ են, չեն փոխվել, ավելին՝ այդ մարդիկ չեն կարողանում խաղաղ ապրել, որովհետև նրանց միշտ իրենց ղեկավարները հրահրում են։ Կյանքի փորձը ցույց է տվել, որ նրանց հետ անհնարին է խաղաղ ապրել, այդ սադրանքները նրանք մշտապես թույլ են տալու, բայց մենք որևէ տեղ չունենք գնալու, այստեղ է մեր հողն ու ջուրը, մեր նպատակը մեր հողում ապրելն է, որտեղ մեր զոհված տղաների, մեր նախնիների շիրիմներն են։ Այսինքն՝ իրենք ինչքան էլ ուզեն, մինչև վերջին հային չեն կարողանալու այստեղից հեռացնել։

Ռուս խաղաղապահների մեջ նորմալ տղաներ կան, նրանք կատարած աշխատանքներ ունեն և կարող են սաստել ադրբեջանցիներին։

Հասարակ ժողովուրդը երեկվա միջադեպով դաս տվեց ադրբեջանցիներին, պատրաստ է չլսել ոչ մեկին և ադրբեջանցիների սադրանքներին սադրանքով պատասխանել։ Մեկ է՝ չենք թույլատրելու, որքան էլ գնան սադրանքների, մենք ևս նրանց նույն ձևով պատասխանելու ենք, իրենք իրենց արածից կփոշմանեն»,-եզրափակեց Արարատ Զախարյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական աշխատանքներ կատարելու պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Այս խորագրի վերջին նյութերը