Քաղաքական

03.12.2022 18:59


Այդ խաչմերուկում ադրբեջանցիները դարպասներ են դրել՝ Սղնախից գալիս, մտնում են Քարին տակ ու գնում Շուշի․ Շուշիի քաղաքապետ

Այդ խաչմերուկում ադրբեջանցիները դարպասներ են դրել՝ Սղնախից գալիս, մտնում են Քարին տակ ու գնում Շուշի․ Շուշիի քաղաքապետ

Կեսօրին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Տեղեկությունը հայտնել էր Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:

Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դրանից ժամեր անց Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք և ճանապարհը բացվել է։

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ Ստեփանակերտի իր տնից տեսնում է այն ճանապարհը, որտեղ ադրբեջանցիները փակել էին՝ մեքենաները շարժվում են։

«Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բաց է ճանապարհը։ Դե, մեզ համար այս ամենը սպասելի էր, այդ ապուշներն իրենց սադրանքները սկսել են, այդպես էլ շարունակելու են, մի օր ճանապարհն են փակելու, մի օր գազն են կտրելու և այդպես շատ բան են անելու։

Քարին տակ-Շուշի-Ստեփանակերտի խաչմերուկում են կանգնած եղել, մի ճանապարհն իջնում է դեպի Քարին տակ, մյուս ճանապարհով բարձրանում են դեպի Շուշի, մյուսն էլ իջնում է Ստեփանակերտ, այնպես են արել, որ բոլոր կողմերից փակ լինի»,-նշեց Արծվիկ Սարգսյանը։

Ըստ նրա, այդ խաչմերուկում ադրբեջանցիները դարպասներ են դրել՝ Սղնախից գալիս, մտնում են Քարին տակ ու գնում Շուշի։

Այս խորագրի վերջին նյութերը