Լրահոս

03.10.2022 12:44


Փորձ է արվել ՀՀ-ից ՌԴ արտահանել չհայտարարագրված 199 հազար տուփ ծխախոտ (տեսանյութ)

Փորձ է արվել ՀՀ-ից ՌԴ արտահանել չհայտարարագրված 199 հազար տուփ ծխախոտ (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող և արտահանվող ապրանքների օրինականության նկատմամբ։

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառման արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ քաղաքացի Ռ.Մ-ն պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու կամ ապրանքները ոչ իրենց անվամբ հայտարարագրելու եղանակով ՀՀ-ից ՌԴ արտահանել ծխախոտային մեծ քանակի արտադրանք։

Ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարել ՀՀ-ից ՌԴ ուղևորվող, տվյալ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերել են չհայտարարագրված և առանց ակցիզային դրոշմանիշերի ընդհանուր թվով 199 հազ. տուփ ծխախոտ։

Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նախապես հայտարարագրման է ներկայացրել 8 տոննա 240 կգ համաքաշով քարեր, որից հետո ավարտելով ապրանքների հայտարարագրման գործընթացը՝ ուղևորվել է դեպի սահմանային անցակետ՝ դրանք ՌԴ արտահանելու նպատակով: Վերջինս, սակայն, մինչև սահմանային կետ հասնելն առանց մաքսային մարմնի թույլտվության բացել է բեռնատարի դռները և հայտարարագրված քարերի մի մասը բեռնաթափել՝ դրանց փոխարեն բեռնելով շուրջ 4.630 կգ քաշով՝ թվով 199 հազ. տուփ չհայտարարագրված և առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ։

Փաստի առթիվ, ՀՀ մաքսային օրենսգրքի 196-րդ, 197-րդ, 198-րդ և 203-րդ հոդվածների իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը