Լրահոս

08.09.2011 15:07


Տ. Թորոսյան. «Ինքնորոշման իրավունքն ունի բարձրագույն իրավական նորմի կարգավիճակ»

Տ. Թորոսյան. «Ինքնորոշման իրավունքն ունի բարձրագույն իրավական նորմի կարգավիճակ»

Այսօր կայացած «Նոր մոտեցումներ ԼՂՀ հիմնախնդրին» խորագրով գիտաժողովի ժամանակ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը համեմատականներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի և Կոսովոյի հիմնահարցի կարգավորումների միջև։

Նա նշել է, որ թեև Կոսովոյի անկախացումից հետո շատ փորձագետներ միտք են հայտնում, թե այդ հակամարտության կարգավորումը բացառիկ է ու չի կարող նախադեպ հանդիսանալ ուրիշ հիմնահարցերի կարգավորման համար, սակայն չեն կարող բացառիկության հատկանիշն ապացուցող գեթ մեկ փաստարկ բերել։

Նրա խոսքերով՝ ԼՂ կարգավորման ձգձգման պատճառներից մեկն այն է, որ բանակցություններում հետաձգվում է կարգավիճակի հստակեցման հարցը։

Անդրադառնալով տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքներին՝ Տ. Թորոսյանն ասել է, որ 2010թ. այդ բանավեճերին վերջակետ դրեց ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանը, որը հստակ ամրագրել է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը եզրափակվում է ճանաչված պետությունների հարաբերությունների ոլորտով։ «Դատարանն արձանագրել է, որ ինքնորոշման իրավունքն ունի բարձրագույն իրավական նորմի կարգավիճակ, որի կատարումը անվերապահ է ՄԱԿ անդամ բոլոր երկրների կողմից։ Այստեղից հետևում է, որ տարածքային ամբողջականությունը բացարձակ նորմ չէ, և անդամ երկրների սահմանները ոչ թե չեն կարող փոփոխվել ընդհանրապես, այլ անձեռնմխելի են մյուս անդամ երկրների համար։ Այսպիսով՝ միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերը հստակորեն սահմանում են, որ տարածքային ամբողջականության սկզբունքն ու ինքնորոշման իրավունքը կարգավորում են միանգամայն տարբեր՝ չհակադրվող հարաբերություններ»,–պարզաբանել է Տ. Թորոսյանը։

Բանախոսի կարծիքով՝ նմանատիպ հիմնահարցերի լուծումը ձգձգվում է այն պատճառով, որ նպատակը ոչ միայն հակամարտության կարգավորումն է, այլև հետագայում կողմերի միջև բնականոն հարաբերությունների պահպանումը, ինչը հաճախ բերում է պատային իրավիճակի, ու միակ ելքը մնում է ռազմավարության փոփոխությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը