Լրահոս

08.09.2011 14:22


Շ. Քոչարյան. «Ինչ արել է Հայաստանի Հանրապետությունը, դա մեր միջազգային պարտավորությունն էր»

Շ. Քոչարյան. «Ինչ արել է Հայաստանի Հանրապետությունը, դա մեր միջազգային պարտավորությունն էր»

Այսօր ԵՊԼՀ–ում տեղի է ունեցել «Նոր մոտեցումներ ԼՂՀ հիմնախնդրին» խորագրով գիտաժողով, որին մասնակցել է նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

ԱԳ փոխնախարարը ներկայացրել է, թե ինչպիսին է ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցությունը միջազգային հիմնարար փաստաթղթերում։

Մեջբերելով ՄԱԿ–ի կանոնադրության առաջին հոդվածը՝ նա ասել է, որ այնտեղ ամրագրված է, որ կազմակերպության 3 նպատակներից մեկը հետևյալն է՝ զարգացնել բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի վրա, իսկ երկրորդ հոդվածի նախաբանում ասվում է, որ ՄԱԿ–ի կողմից ընդունված սկզբունքները պետք է իրականացվեն՝ հետամուտ լինելով առաջին հոդվածի նպատակներին։

–Տարածքային ամբողջականության պահպանումը սկզբունք է և ոչ թե նպատակ,–պարզաբանել է Շ. Քոչարյանը։

Ներկայացնելով 1975թ. ԵԱՀԽ կողմից ընդունված Հելսինկյան եզրափակիչ ակտի կետերը, բանախոսը նշել է, որ եթե ինքնորոշման հետևանքով խախտվում է ՄԱԿ–ի անդամ պետության տարաքծքային ամբողջականությունը, ապա դա չի նշանակում, որ կա հակասություն ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության կետերի միջև։

«ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի հռչակագրի կետերից մեկում նշված է, որ պետությունների իրավունքն ու պարտականությունն է լիարժեք սատարել ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ազատությանն ու անկախությանը։ Այսինքն՝ ինչ արել է Հայաստանի Հանրապետությունը, դա մեր միջազգային պարտավորությունն էր»,–նկատել է փոխարտգործնախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը