Կարծիք

16.08.2022 21:59


Բա ի՞նչ էինք ուզում

Բա ի՞նչ էինք ուզում

Բազմիցս’ թե հայտարարվել, թե’ փաստվել է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը ծայրահեղ դիլետանտ է, չեն համապատասխանում պաշտոններին, մասնագետ չեն, չեն կարողանում ղեկավարել, գործից գլուխ չեն հանում։ Սովորական պայմաններում կասեինք ոչինչ, կսովորեն, բայց բանն այն է, որ այդ դիլետանտությունը մեր երկրի համար աղետ է արժենում։ Այս իշխանությունը գործունեության ամբողջ ընթացքում տարբեր ճգնաժամեր է բերել, կամ խորացրել, ու չի կարողացել հաղթահարել թե’ իր բերած, թե’ արտաքինից եկած և ոչ մի ճգնաժամ, բոլորից դուրս ենք եկել պարտված։

Թվարկենք մի քանիսը․

Կորոնավիրուս

Կորոնավիրուսն իշխանափոխությունից հետո առաջին ճգնաժամն էր, որ եկավ Հայաստան՝ աշխարհում լայնորեն տարածվելով։ Հայաստան կորոնավիրուսը հասավ, երբ արդեն շատ երկրներում կար, արդեն կառավարությունները փորձի փոխանակում էին անում, լայնորեն փակել էին հնարավոր ամեն բան՝ վարակի չտարածման համար։ Հայաստանում անլուրջ ընդունեցին․ իշխանությունը հանրահավաքներ էր անում հենց այն ժամանակ, երբ կորոնավիրուսի մասին արդեն հայտնի էր, սահմանադրական դատարանի կազմն էին ուզում փոխել։ Այդ ժամանակ, «հեղափոխության ուժով» Առողջապահության նախարար աշխատող Արսեն Թորոսյանը հայտարարում էր, թե գրիպի նման սովորական բան է, ձեռք էր առնում հարց տվողներին։

Արդյունքում ունեցանք 8 հազարից ավելի զոհ։ Երկար ժամանակ էլ տարածաշրջանում մահերի թվով առաջատար էր հենց Հայաստանը։

Արսեն Թորոսյանը, ըստ կենսագրականի, առողջապահության կազմակերպիչ է, բայց փաստացի՝ այնպես վատ կազմակերպեց, որ հազարավոր մարդիկ հրաժեշտ տվեցին կյանքին, տասնյակ հազարավորներն առողջական խնդիրներ ունեն մինչև հիմա։

Այս ամենի պատճառը, կարծում ենք, կառավարման, որոշում կայացնելու պիտանի փորձ չունենալն էր։ Արսեն Թորոսյանն այն չուներ։ Մինչ հեղափոխությունը, աշխատել էր հասարակական կազմակերպության սոցիալական աշխատողների խմբի ղեկավար, ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող, մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իրենց ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն: Հիմա ի՞նչ եք կարծում, եթե Հայաստանի առողջապահության նախարարը լիներ մեր երկրում առողջապահության քիչ կառավարիչներից մեկը, օրինակ՝ նախկին նախարար Քուշկյանը, Ալթունյանը, Բաբլոյանը, կամ այլ «նախկիններ» աշխարհը ցնցած վիրուսը կհամարե՞ր սովորական բան ու կդառնար մահերի պատճա՞ռ։

Պատերազմ

Երկրորդ դաժան փորձությունը պատերազմն էր, որը ևս դարձավ Հայ ժողովրդի պատմության վերջին հարյուրամյակի ամենամեծ ողբերգությունը՝ Ցեղասպանությունից և երկրաշարժից հետո։ Կորցրեցինք Հայաստանից հսկայական տարածքներ, Արցախի Հանրապետության մեծ մասը։ Գլխավոր պատճառը, ըստ ինձ, ու եթե մի կողմ դնենք դավադրության վարկածը, իշխանության դիլետանտությունն էր։ Ադրբեջանի նախագահը պատերազմ սկսելով՝ հղում արեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ասում էր՝ եթե մենք բանակցում ենք Արցախի շուրջ, իսկ դու արդեն որոշել ես, ուրեմն բանակցելու բան չկա, մնում է պատերազմով «հարցեր լուծելու» տարբերակը։ Պատերազմը վարեցին մարդիկ, որոնք մեծամասամբ հեռու էին զինվորականությունից, կադրային գեներալներին մեկուսացրեցին, հրամանատարական շտաբը լցվեց կասկածելի ու վստահաբար դիլետանտ դեմքերով։ Արդյունքում՝ շուրջ 5 հազար զոհ, տասնյակ հազարով վիրավոր, կորսված հայրենիք, մի քանի տասնյակ հազար փախստական։ Ապա վարչապետը հայտարարեց, որ պատերազմը չկանգնեցրեց, որ իրեն չաասեն դավաճան։

Նիկոլ Փաշինյանի կենսագրության ընթերցումն իսկ բավարար է՝ հասկանալու համար՝ այդ կենսագրական տվյալներով մարդը կարո՞ղ էր լինել բանակցող, կարո՞ղ էր կոչվել Գերագույն գլխավոր հրամանատար։ Ունի ընդամենը միջնակարգ կրթություն, չի ծառայել բանակում, պետական համակարգում երբեք չէր աշխատել աշխատել, չի ունեցել համակարգի կառավարման պաշտոն, երբեք մոտ չի եղել բանակին։ Միանգամից մտածում ենք՝ բա, էլ ի՞նչ էինք ուզում։

Ի՞նչ եք կարծում, եթե երկրի ղեկավարը լիներ զինվորական գործից հասկացող մարդ, կառավարման ու հատկապես ճգնաժամային կառավարման փորձ, ինքն իրենով ուժեղ ֆիգուր, մենք կունենայի՞նք այս ողբերգությունը, այս մասշտաբով։

Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում

Երրորդ ողբերգությունը, որն իշխանությունը չկարողացավ կանխարգելել, իսկ հետագայում նվազագույնով տակից դուրս գալ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունն է, օրեր առաջ։ Հայաստանն ունի պատրաստված ԱԻՆ, ունի ոստիկանություն, որն իր հարաբերակցությամբ տարածաշրջանում ամենամեծն է, ունի բանակ, սակայն մի քանի շենքում պայթյունից երկու օր անց արտակարգ իրավիճակների նախարարը հայտարարում է, թե ընդամենը 30 տոկոսն են դեռ մաքրել փլատակից։ Գիտեն, որ փլատակների տակ մարդիկ կան, լսվում են ձայներ փլատակների տակից, սակայն աշխատում են ավելի քիչ թվով փրկարարներ, քան առաջին օրը։ Ոստիկանությունը, պարզվում է, բան ու գործ չունի, բանակը ներգրավված չէ, անգամ տեխնիկաների սակավություն է։

Ընդամենը ականատես ենք լինում ԱԻ նախարարի, մի քանի հեղափոխական գործիչների ֆոտոսեսիաներին՝ փլատակների ֆոնին։ Փիար ու փիար։ Անգամ փիարվեց այն, թե ԱԻ նախարարը պայթյունի վայրում ծխահարվել է։ Ամաչելու փոխարեն գովազդ արեցին։ Կարո՞ղ են բացատրել, թե ինչու պետք է ԱԻ նախարարը ծխահարվի, նրանից սպասում ենք, որ փլատակները հենց ինքն անձնապես մաքրի՞, թե՞ համակարգի, կազմակերպի։ Նա ոչ թե պետք է քիթ բերանը տաներ-մտցներ ծխի էպիկենտրոնում, այլ պետք է կազմակերպեր՝ որքան հրշեջ մեքենա բերեն, ինչ տեխնիկաներ, որքան փրկարար, ոստիկանությունից ուժեր պահանջեր, հետևեր, որ փրկարարների ու տեխնիկայի թիվը ավելանա, նորմալ տեղեկատվություն տալ կազմակերպեր, որ տաս րոպեի ընթացքում անհետ կորածների երեք տարբեր թիվ չտային։

Փլվել է փոքր տարածք, փլատակների տակ մարդիկ կան, բայց ԱԻՆ-ը երեք օր է՝ դեռ չի մաքրել տարածքը, օգնության համար չի դիմել այլոց։ Պատճառը գիտե՞ք որն է․ ԱԻ նախարարի դիլետանտիզմը։ Մարդը իրավագետ է, ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Աշխատել է իրավաբանի օգնական, անվտանգության աշխատակից, վարկային մասնագետ։ Պատկերացնու՞մ եք, վարկային մասնագետ է աշխատել ու հիմա արտակարգ իրավիճակների համակարգն է ղեկավարում։ Հեղափոխությունից հետո միանգամից թռավ պաշտոնեական սանդղակով՝ առանց ֆիքսելու, որ ինքը չի համախպատասխանում այդ պաշտոններին։ Այսօր քաղում ենք այդ չտիրապետելու պտուղները։

Ի՞նչ եք կարծում, եթե ԱԻ նախարարը լիներ երջանկահիշատակ գեներալ Արմեն Երիցյանը, կամ որևէ այլ՝ համակարգեր ղեկավարած զինվորական կամ այլ ծառայող, նման բարդակ կլինե՞ր։

Կամ պետությունը ի՞նչ է արել կանխարգելելու այս պայթյունը․ փաստացի՝ 2021 թվականի արձանագրել է, որ այդտեղ կա խնդիր, չեն կարգավորել, ու դա բերեց պայթյունի։

Բանակցություններ Թուրքիայի հետ

Չորրորդ փորձությունը Թուրքիայի հետ բանակցություններն են։ Դեռ աղետի չեն բերել, բայց շարժվում են այդ ճանապարհով։ Ինչո՞ւ ենք այսքան վստահ։ Որովհետև Հայաստանի կողմից բանակցում է մարդ, որը բացարձակ հեռու է դրանից, կներեք, բայց ժողովուրդն ասում է՝ «լակոտ է»։ Ռուբեն Ռուբինյանի՝ այս կյանքում առաջին աշխատանքը, ըստ կենսագրականի, եղել է 2018 թվականին ԱԳ նախարարի տեղակալ աշխատելը։ Բացարձակ անփորձ մի երիտասարդ։ Նրա տարիքը այնքան է, որքան նրա հետ բանակցող թուրքի դիվանագիտական կարիերան։ Չգիտենք, թե ինչ են բանակցում, գիտենք միայն, որ բանակցությունը սկսում է թուրքերեն բարևելով ու դա եղել է արդեն մոտ 500 անգամ։

Սա վաղ թե ուշ աղետի է բերելու։

Աղետներն այսքանով չեն սահմանափակվում, մի աղետ էլ գնաճն է, որը սարսափելի թվերի է հասնում, իսկ էկոնոմիկայի նախարար է մարդ, որը անձամբ բիզնեսներ է տարել սննկացման։

Հիմա այսքանից հետո, այսպիսի պոտենցիալ ունենալով կառավարությունում, ի՞նչ եք սպասում, ինչի՞ ակնկալիք ունեք, որ Հայաստանը պետք է հենց այնպես մնար ամենից անվտանգ երկրից մեկը՞, դառնար Սինգապո՞ւր, թե՞ Սիրիա։ Այս իշխանության գործունեությունը մահաբեր է։ Սրանք կառավարման արդյունքում ստեղծում են ճգնաժամեր ու կառավարում են ոչ թե երկիրը, այլ կառավարում են ճգնաժամերը, այնպես են անում, որ դրանք միշտ լինեն, որպեսզի ծածկվեն մյուս թեմաները։ Մեկ աղետից հանրության ուշադրությունը շեղում են մեկ այլ աղետով։ Արդյունքը՝ մահեր, մարդկային կյանքի կորուստ։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը