Մեկնաբանություն

07.09.2011 12:46


Բաց չթողնել շանսը

Բաց չթողնել շանսը

Արտագնա վերջին երկու հանդիպումներում Անդորրայի և Սլովակիայի ֆուտբոլի հավաքականների նկատմամբ խոշոր հաշիվներով տարած հաղթանակները, այս մրցափուլում մերոնց ցույց տված խաղը և «B» խմբում մեր ֆուտբոլի ազգային հավաքականի գրաված դիրքը խոսում է այն մասին, որ մենք շանս ունենք «Եվրո–2012»–ի ուղեգիր նվաճել։ Մնում է միայն չբավարարվել ձեռքբերածով, հոգեբանորեն պատրաստ լինել և ուժեղացնել խաղային որակները (հատկապես՝ պաշտպանությունում և կիսապաշտպանության ձախ թևում, որտեղ Գևորգ Ղազարյանը երբեմն «տոռմուզներով» է գործում և չի իմանում ինչ անել գնդակի հետ)։

Եթե աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցած Սլովակիայի հավաքականին մեր տղաները պարզապես «չուլ» են սարքում և՛ Հայաստանում, և՛ Սլովակիայում, եթե Անգլիայի պրեմիեր լիգայի սուպեր ակումբներից մեկում հանդես եկող Շքրտելին Հենրիխ Մխիթարյանը մատների վրա է խաղացնում, եթե Յուրա Մովսիսյանը բարձրակարգ հարձակվողներին բնորոշ գոլային հոտառություն ունի և պահը բաց չի թողնում, եթե Բերեզովսկին շարունակում է հիանալի «սեյվեր» անել (չհաշված՝ երբեմն նկատվող թերությունները՝ դարպասային գծից դուրս գալու ժամանակ), եթե մեր թիմի ավագ և քառասուն տարեկանը շուտով բոլորող Սարգիս Հովսեփյանը հակառակորդի քսանամյա հարձակվողներից արագ է վազում, ապա ինչու ոչ՝ պետք է զարգացնել հաջողությունը և առաջնորդվել «ախորժակը ուտելիս է բացվում» կարգախոսով, այսինքն՝ լավ իմաստով դառնալ նախաձեռնողական (Սերժ Սարգսյանի ականջը խուլ)։

Մրցաշարային աղյուսակն այնպիսին է, որ որոշակի զարգացումների դեպքում Ուկրաինա և Լեհաստան մեկնելն այնքան էլ անհավանական չի թվում։

Մակեդոնիայի հավաքականին այստեղ հանգիստ կարելի է հաղթել։ Հայաստանը Սկոպիեում մոտ էր երեք միավոր վաստակելուն, բայց խաղի վերջնամասում մեր կիսապաշտպանի սխալը զրկեց մեզ այդ հնարավորությունից։ Այստեղ կարելի է առանց հոգեբանական էքսցեսների հանդես գալ, և վերջ։

Ինչ վերաբերում է Իռլանդիային, ապա Ռուսաստանի հետ նրանց երեկվա խաղը ցույց տվեց, որ այնքան էլ անանցանելի պաշտպանություն ու հզոր հարձակում չունեն։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Իռլանդիայի հավաքականի առաջատարներ Ռոբի Քինն ու Դամիան Դաֆը վաղուց արդեն հեռու են իրենց լավագույն մարզավիճակից՝  Հայաստանը պետք է, որ կարողանա կռիվ տալ։ Հետո արդեն, կախված Ռուսաստանի ու Իռլանդիայի մրցելույթներից, մենք իրական շանս կստանանք խմբից դուրս գալու կամ անցումային փուլին մասնակցելու։

Կարևորն այն է, որ մեր հավաքականի անդամները գոլի համն առել են ու կամաց–կամաց դուրս են գալիս հայկական ֆուտբոլիստներին հատուկ կոմպլեքսավորվածությունից։ Ճիշտ է, դեռ շատ անելիքներ կան, դեռ պետք է հատկապես պաշտպանությունում կարողանալ հասնել այնպիսի որակների, որ մանկական սխալներ թույլ չտրվեն, բայց ամեն դեպքում նկատենք, որ Վարդան Մինասյանին հաջողվել է խաղային ձեռագիր մշակել ու տղաների մեջ «սրսկել» 90 րոպե խաղից չկրտվելու կարողությունը։

Մի բան էլ արժե նշել. շատ կարևոր է, որպեսզի հանկարծ մեր ֆուտբոլիստներին Սերժ Սարգսյանը չդարձնի իր PR ատրիբուտը, ինչպես որ դա եղավ շախմատիստների պարագայում։ Եթե քաղաքական մանր հաշվարկները մտնեն վերելք ապրող մեր ֆուտբոլի մեջ, ապա կունենանք նույնպիսի արդյունք, ինչպիսին որ արձանագրվեց հայ–թուրքական «ֆուտբոլում»։ Ֆուտբոլիստենրն էլ իրենց հերթին պետք է թույլ չտան Վիկ Դարչինյանի պես սերժահպատակ գործիք դառնալ։ Այդ դեպքում հաստատ մեր հավաքականի հաղթանակի հնարավորություններն անչափ կմեծանան։

Ամփոփելով նշեմ, որ ինչ էլ լինի, ինչպիսի արդյունքով էլ, որ այս ընտրական մրցափուլն ավարտվի՝ կարելի է ասել, որ մեր հավաքականն իր պատմության մեջ ամենալավագույն արդյունքն է տալիս, բայց եթե սահմանափակվի ձեռքբերածով, ապա կդեգրադացվի։ Հետևաբար՝ առա՛ջ, միայն առա՛ջ։

Մեր երկրպագուներն էլ իրենց հերթին պետք է մի կողմից քաջալերեն տղաներին, բայց մյուս կողմից էլ՝ Անդորրայի ու Սլովակիայի դեմ տարած հաղթանակը չդարձնեն Սարդարապատի հաղթանակի պես մի բան, այլապես այդ ֆուտբոլային հաղթանակներն էլ կվերածվեն պատմության ու դրանից կմնա միայն հուշը, իսկ ես չէի ուզենա, որ մենք միայն հաղթանակի հուշեր ունենանք, այլ կցանկանայի, որ ապրեինք նոր հաղթանակների ակնկալիքով ու համոզվածությամբ։ Եվ ոչ միայն ֆուտբոլում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը