Լրահոս

07.09.2011 12:46


Մանվել Եղիազարյան. «Խաղաղ պայմաններում 15 տարվա ընթացքում զոհվել է 1500 հայ զինվոր»

Մանվել Եղիազարյան. «Խաղաղ պայմաններում 15 տարվա ընթացքում զոհվել է 1500 հայ զինվոր»

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հայոց բանակը ոչ թե հայ ժողովրդի ձեռքբերումն է, այլ նրա կայացման վկայությունը։

Անդրադառնալով բանակում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ բանախոսը նշել է. «Չպետք է լինի այնպիսի բանակ, որտեղ կան սպանություններ։ Պետք է սեր լինի զինվորի ու սպայի հանդեպ։ Հասարակությունն առանձին է գործում, բանակն՝ առանձին»։

Նրա խոսքերով՝ բանակում շատ բան իր տեղում չէ։

–Սպաներ կան, որ իրենց տեղերում չեն հայտնվել։ Կարող է մի ինչ–որ գյուղի չոբանի բերեն դնեն սպա կամ հիվանդ զինվորին ուղարկեն բանակ,–ընդգծել է նա ու հավելել, որ զինվորը պետք է զգա սպայի ոչ թե ավագությունը, այլ հարազատությունը։

Մ. Եղիազարյանը ցավով նշել է, որ խաղաղ պայմաններում 15 տարվա ընթացքում 1500 զինվոր է զոհվել. «Հինգ տարի կռվել ենք «Արաբոյում», 30 զոհ ենք տվել»։

–Մենք չկարողացանք մեր հաղթանակն այնպես պահել, որ հաղթական ավարտի հասցնենք։ Հաղթանակից օգտվել հայ ժողովուրդը չկարողացավ,–նկատել է բանախոսը։

Չնայած բանակում եղած խնդիրներին՝ Մ. Եղիազարյանը համոզված է, որ հայ զինվորն ավելի մարտունակ է, քան հակառակորդը, քանի որ յուրաքանչյուր հայ տղամարդ ի ծնե զինվոր է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը