Մեկնաբանություն

08.08.2022 11:47


Նիկոլի «զեմլյակը»՝ «Խաղաղության դարաշրջանի» արցախյան դեսպան

Նիկոլի «զեմլյակը»՝ «Խաղաղության դարաշրջանի» արցախյան դեսպան

Հայկ Խանումյանը իջևանցի է։ Այս տղան տարիներ առաջ գնացել (միգուցե՝ գործուղվել) էր Արցախում ապրելու։ Նա Արցախում «քաղաքացիական հասարակություն» էր խաղում։ Հայաստանյան բոլոր գրանտակերները սիրում էին այս տղային, նրան համարում առաջադեմ։

Հայկին սիրում էին նաև ազգային շրջանակները, քանզի նա մերժում էր քիրվայականությունը և հանդես գալիս որպես հողերը պահելու կողմնակից։ Երբ Հայկի մոտ ծննդավայրի խոսակցություն էր գնում, ինքն ասում էր, որ ղարաբաղցի է՝ ցույց տալու համար իր թունդ արցախասիրությունը։

Խանումյան Հայկը քննադատում էր Արցախի իշխանություններին, Հայաստանի իշխանություններին։ Նա դեռևս վարչապետ աշխատող Արայիկ Հարությունյանին համարում էր Երևանի դրածո, թալանչի, բոլորին պատմում էր, որ Արցախի ազատագրված տարածքները բռնազավթված են Արայիկի կողմից, որ Արայիկը Արցախի չախ-չախ թագավորն է։ Հայկն ու իր փոքրաթիվ շրջապատն Արայիկ Հարությունյանին շատ պատկերավոր ներկայացնում էին որպես Լֆիկի ու Սաշիկի հանրագումար։

Հայկը քննադատում էր նաև Բակո Սահակյանին, ինչի համար բակոյենք մի անգամ ծեծել էին տվել Հայկին։

Արցախում իր պահվածքի համար Հայկին մի անգամ «գյալմա» անվանեցին, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց։

Դրանից հետո անցան օրեր, տարիներ։ 2018–ին Նիկոլը հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին։ Հայկը բոլոր տեղերում տարածում էր, որ ինքն էլ է իջևանցի ու դառալու է Արցախի Նիկոլը։

Հայկը Արցախի Նիկոլը չդարձավ։ Արցախի Նիկոլը դարձավ, ավելի ճիշտ՝ նշանակվեց Արայիկ Հարությունյանը, ով Նիկոլի հետ հանձնեց Արցախի տարածքների մեծ մասը, սուրճ խմելու նկարներով մոլորեցրեց հայ ժողովրդին ու հետո Նիկոլի պես ոչ թե ինքնասպան եղավ, այլ մնաց աթոռին։ Հայկն էլ դարձավ Արայիկ Հարությունյանի կառավարության անդամ՝ նախարարի կարգավիճակով։

Ասում են՝ Հայկը հիմա արդեն ոչ թե առաջվա տղան է, ում գլխի վրա ոջիլը չորանում էր, քանզի սնվելու բան չէր գտնում խեղճ ու կրակ այդ տղայի մարմնի վերջնամասում, այլ պատերազմից հետո բավական հարստացել է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի պաշտոնի շնորհիվ։ Հայկի վրա 44–օրյա պատերազմը եկավ։ Նրա բախտը բացվեց, քանզի նա պաշտոնի հասավ։

Հայկն էլ Նիկոլի պես կարողացավ հաղթահարել աղքատությունն իր գրպանում։ Իսկ դա գին ունի։ Գինն այդ Նիկոլի «Խաղաղության դարաշրջանի» արցախյան դեսպան աշխատելն է։

Օրերս Հայկ Խանումյանը գնացել էր Աղավնո ու բնակիչներին ժամանակ տվել մինչև օգոստոսի 25–ը, որպեսզի նրանք լքեն իրենց գյուղը։ Խանումյանը, ըստ տարածված տեղեկությունների, հատուկ զգուշացրել էր, որ եթե գյուղացիներն Աղավնոն լքելուց առաջ իրենց տներն այրեն, ապա պետությունից ոչ մի աջակցություն չեն ստանալու։ Փաստորեն, Նիկոլն Ալիևին խոստացել է ոչ միայն հանձնել տարածքը, այլ նաև չփչացնել այդ տարածքում գտնվող գույքը։

Եթե Խանումյանն ասում է, որ պետական աջակցություն չեն ստանա նրանք, ովքեր կվնասեն ադրբեջանցիներին նվիրվելիք անշարժ գույքը, ապա ողջամիտ կասկած է առաջանում, որ տեղահանվող ժողովրդին հատկացվելիք ֆինանսական փշրանքների հեղինակն իրականում Ալիևն է, ով իր պայմանն է դրել, որ Աղավնոյում սարքած տներն անվնաս պետք է ստանա, որպեսզի փող տա գաղթականներին, հակառակ դեպքում չի տա։

Նիկոլի «Խաղաղության դարաշրջանի» արցախյան դեսպանն Ալիևի այդ ցանկությունն է փոխանցել Աղավնոյի ժողովրդին՝ բացահայտելով Նիկոլի «Խաղաղության դարաշրջանի» ողջ էությունը՝ գաղթ կամ ցեղասպանություն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը