Հարցազրույց

21.07.2022 18:53


Իշխանությունը յուրայիններին բերում է ՊՆ, «բարեփոխումների» անվան ներքո ամրապնդում իշխանությունը. Աբրահամյան

Իշխանությունը յուրայիններին բերում է ՊՆ, «բարեփոխումների» անվան ներքո ամրապնդում իշխանությունը. Աբրահամյան

Անվտանգության համակարգում առկա խնդիրների և զինծառայողների սոցիալական հարցերի մասին Irakanum.am-ը զրուցել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանի հետ:

-Պարոն Աբրահամյան, իշխանությունը շարունակում է պնդել, որ զինված ուժերում բարեփոխումներ է իրականացնում. արդյո՞ք այն Ձեզ համար տեսանելի է:

Իշխանությունը «բարեփոխումների» անվան տակ սեփական իշխանությունն է ամրանդում՝ կուսակցական վերահսկողություն սահմանում զինվորականների նկատմամբ:

Եթե ինչ-որ բան փոխում ես, ապա դա դեռ չի նշանակում բարեփոխում: Եթե այդ քայլերն ազդեցություն չեն ունենում բանակի մարտունակության բարձրացման, բանակի վերականգնման, արդիականացման, կառավարման համակարգի արդյունավետության վրա, ապա ի՞նչ բարեփոխման մասին է խոսքը:

-Մամուլում անընդհատ հանդիպում են բանակում տեղի ունեցող մահվան կամ վիրավորման դեպքերի մասին, իսկ դրա մի մասը թշնամու արձակած գնդակից չէ: Ինչո՞վ եք պայմանավորում այս դեպքերի աճը:

Ակնհայտ է, որ զինված ուժերում կարգապահության հետ կապված լուրջ ու խորքային խնդիրներ կան, որոնց պատշաճ լուծման ուղղությամբ իշխանությունը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում: Քանի կարգապահական խնդիրները լուծված չեն, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով միջադեպերի թիվը չի նվազելու:

-Իշխանությունը յուրայիններին բերում է պաշտպանության համակարգ, փորձում այդպես իրենով անել, դրան զուգահեռ զինծառայողների հիմնական խնդիրները շարունակում եմ օդում կախված լինել, այս ուղղությամբ որևէ լուրջ քայլ տեսնում ե՞ք:

Խոստումներ լինում են, սակայն առարկայական լուծումներ չկան: Եթե նույնիսկ ինչ որ ուղղությամբ կա բարելավում, ապա դա իր ծավալով լուրջ ազդեցություն չունի ընդհանուր գործընթացների վրա:

Առանց զինծառայողների սոցիալ-կենցաղային վիճակի բարելավման, մասնագիտական լուրջ պատրաստության, ծառայության ճիշտ կազմակերպման բանակի մարտունակության հետ կապված հարցերը չեն լուծվի:

-Պահեստազորի մի խումբ զինծառայողներ երկար ժամանակ է բարձրաձայնում են այն մասին, որ կառավարությունը տարիներ շարունակ իրենց արձակուրդայինների մի մասը չի վճարել, իսկ պետության պարտքը մոտավոր հաշվարկով 150 մլն դոլարի է հասնում: Կասկածներ կան, որ միջին օղակի պաշտոնյաներ կոռուպցիոն սխեմաներ են գործածել և վնաս հասցրել զինծառայողներին: Գործող իշխանությունները սկզբում խոստացել են անդրադառնալ խնդրին ու լուծումներ տալ, սակայն հետո հրաժարվել են: Զինծառայողներ կան, որոնք նույնիսկ դատարան են դիմել: Տեղյակ ե՞ք խնդրից:

Խնդրից տեղյակ եմ՝ պահեստազորի սպաները հարցը նաև իմ ուշադրությանն են ներկայացրել: Այն, որ այս կծիկը պետք է բացվի՝ միանշանակ է, բաներ կան, որ մինչև հիմա հասկանալի չեն:

Ցանկացած իշխանություն պետք է հասնի նրան, որ եթե նույնիսկ օրենսդրական անճշտություններ կամ սողանցքներ լինեն, ապա դրանից զինծառայողները չտուժեն:

Զինծառայողները կարևոր առաքելություն ունեցող մարդիկ են, որոնց ծառայությունը միայն հարգանքի է արժանի և այսպիսի խնդիրները որքան էլ բարդ ու ոչ ստանդարտ լուծումներ են պահանջում, պետք է լուծել:

Հասկանալի է, որ խնդիրը խորը քննարկումներ և լուծումներ է ենթադրում, մյուս կողմից՝ ոչ մեկ չի ասում, թե մեկ կամ մի քանի ամսվա ընթացքում ողջ պարտքը վերադարձրեք: Սակայն անհրաժեշտ է խնդիրն ամբողջությամբ ուսումնասիրել, եռամյա կամ հնգամյա մեխանիզմ սահմանել և աստիճանաբար բավարարել զինծառայողների պահանջները:

-Այս իշխանության օրոք քննարկվող խնդիրները լուծվելու հավանականություն ունե՞ն:

Իհարկե ոչ: Այս իշխանության և հավաքական առումով՝ հայ ժողովրդի առաջնահերթությունները տարբերվում են, ըստ այդմ՝ իշխանությունը լուծում է այն հարցերը, որոնք համարում է, որ կարող են իր իշխանության դեմ աշխատել, իսկ հասաակության տարբեր խմբերի, այդ թվում՝ զինծառայողների հետ առնչվող հարցերը երրորդական են:

Առհասարակ, զինված ուժերում բեկում կարելի է մտցնել միայն այն դեպքում, եթե այս իշխանությունը պետության ղեկին չլինի, այլապես մյուս բոլոր քննարկումները բացառապես ապագային վերաբերվող տեսական զրույցներ կամ վերլուծություններ են:

Այս խորագրի վերջին նյութերը