Քաղաքական

07.07.2022 10:52


Ընդդիմադիրների գրպանից՝ ՔՊ-ականների գրպանը. ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում. «Հրապարակ»

Ընդդիմադիրների գրպանից՝ ՔՊ-ականների գրպանը. ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի նախագահը պարգեւատրել է ԱԺ պատգամավորներին:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի»,-կարդում ենք պաշտոնական հրամանում: Բնականաբար, ԱԺ կայքում սույն հրամանի հետ հավելված չի ներկայացվել, եւ հասկանալի չէ, թե խոսքը որ պատգամավորների եւ, առհասարակ, ինչ գումարի մասին է: Սակայն, մեր տեղեկություններով, դրամական պարգեւի արժանացել են միայն «Քաղպայմանագրի» պատգամավորները: Սահմանադրության օրվա առթիվ ՔՊ-ականներին խորհրդարանի ղեկավարը պարգեւատրել է թերեւս նրա համար, որ հնազանդորեն դակում են մայր օրենքն աղճատող՝ իշխանության թիվ մեկ սահմանադրագետ Վահագն Հովակիմյանի երկնած նախագծերը:

«Ոչ, մենք պարգեւատրում չենք ստացել, ավելին՝ վերջին երկու ամիսներին ընդդիմադիր պատգամավորներից շատերիս աշխատավարձերից էականորեն պահումներ են արվել»,-մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Որոշ տեղեկություններով, խոսքը 150-300 հազար դրամ պահումների մասին է:

Վերջին ամիսներին՝ դիմադրության շարժումը սկսվելուց հետո, դրանից էլ առաջ, երբ ընդդիմադիրները մեկնել էին Արցախ, սակայն Բերձորից նրանց թույլ չտվեցին առաջ գնալ, ԱԺ ղեկավարությունը նիստերից ու քվեարկություններից բացակայությունների հիմքով ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձերից պահումներ էր արել՝ հաշվի չառնելով, որ ընդիմադիրները հայտարարել են քաղաքական բոյկոտի մասին: Պահումները տարբեր պատգամավորների պարագայում տարբեր են՝ կախված այն հանգամանքից, թե որ հանձնաժողովի անդամ է տվյալ պատգամավորը, հանձնաժողովը որքան հաճախակի է նիստեր հրավիրել։ Հետեւաբար՝ որքան շատ են բացակայությունները, այնքան մեծ է պահվող գումարը: «Պատգամավորներ կան, որ հունիս ամսին 200 հազար դրամ աշխատավարձ էլ չեն ստացել»,-ասաց մեր աղբյուրը:

Խորհրդարանում վերջին շաբաթներին խոսում են, որ ընդդիմադիրներից պահված գումարը, որը համարվում է տնտեսում, ԱԺ ղեկավարությունը բաշխել է ՔՊ-ականների միջեւ․ երեկվա կարգադրությունը, ըստ էության, հաստատեց այդ տեղեկությունը:

Այս խորագրի վերջին նյութերը