Կարծիք

01.07.2022 15:26


Հայաստանի ԿԲ-ի օստապբենդերները մեր հանրությանը բառիս բուն իմաստով հիմարի տեղ են դրել

Հայաստանի ԿԲ-ի օստապբենդերները մեր հանրությանը բառիս բուն իմաստով հիմարի տեղ են դրել

Երեկ Հանրայինում Պետրոս Ղազարյանի հյուրը ԿԲ-ի ներկայացուցիչ, այդ կառույցի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն էր: Նա սկզբից փորձեց դասագրքային դասախոսություն կարդալ այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում ԿԲ-ի գործունեությունը: Տպավորությունն այնպիսին էր, թե այդ անձնավորությանը ԿԲ-ի ղեկավարությունը Երևանի ֆայլաբազարից էր հրավիրել իրենց կառույց աշխատելու համար: Այս անձնավորության «բացատրությունն» այնքան պարզունակ բնույթ էր կրում, որ նույնիսկ նյարդայնացրեց Պետրոսին, որ խնդրեց հյուրին ավելի առարկայական բացատրություններով հանդես գալ: Վերջինս սկսեց լոլոներ կարդալ այն մասին, թե իբր ԿԲ վարում է «լողացող» քաղաքականություն և չի խառնվում դրամ-դոլար տատանմանը: Պետրոսը ցավոք չհարցրեց, թե այդ դեպքում ինչու ԿԲ-ն սույն թվականի մարտի 16-ին, երբ դրամի կուրսը 480-ից դարձավ 520, ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից 8-ից դարձրեց 9,25 տոկոս, ինչը ճիշտ որոշում էր: Բայց երբ այդ նույն կուրսը 520-ից իջել է մինչև 410 դրամի ԿԲ-ի ներկայացուցիչը հայտարարում է, թե այդ կառույցը «չպիտի միջամտի դրամ-դոլար հարաբերություններին»:

Այսինքն ստացվում է, որ երբ դրամը արժեզրկվում է, ապա ԿԲ-ն հիշում է որ պիտի միջամտի, իսկ երբ այդ նույն դրամը արժևորվում է, ԿԲ-ն հիշում է «լողացող քաղաքականության» մասին: Ինչպիսի փարիսեցի մոտեցում: ԿԲ-ի ներկայացուցիչները մեր հանրությանն ուղղակի հիմարի տեղ են դրել: Օրը ցերեկով, փաստացի, մարդկանց գրպանները մտնելով՝ ԿԲ-ն դա համարում է «լողացող կուրս»:

Երեկվա ԿԲ-ի ներկայացուցչի «բացատրությունը» այն մասին, թե իբր դրամը արժևորվել է երկրում ներդրումների մեծացման պատճառով, նույնպես քննադատությանը չի դիմանում: Նույն Պետրոսը բերեց Վրաստանի օրինակը, ցույց տալով, թե ինչ ճկուն քաղաքականություն է վարում մեր հարևան երկրի ԿԲ-ն: Ի դեպ նշենք, որ պաշտոնական տվյալներով Վրաստանում արտաքին ներդրումներն իրենց ծավալներով մի քանի անգամ գերազանցում են մեր ծավալները: Իսկ զբոսաշրջիկների մասով, նշենք, որ օրինակ, 2019-ին Վրաստան այցելել էր 9,2 մլն մարդ, մինչդեռ Հայաստան այդ նույն տարում այցելել էր 1,9 մլն:

ԿԲ-ի սույն սուբյեկտը Պետրոսի մոտ վախեցնում էր հանրությանը, թե եթե ԿԲ-ի նման քաղաքականությունը չլիներ, ապա ապրանքների գները էլ ավելի կթանկանային: Նա, հավանաբար, չգիտեր, որ գների գնագոյացումը ձևավորվում է առաջարկ-պահանջարկ սկզբունքով և եթե պահանջարկը չի լինում, ապա առաջարկն էլ իր հերթին փոփոխվում է: Այսօրվա դրա վառ օրինակը այն է, որ ընկերությունները մեծ զեղջեր են առաջարկում, որպեսզի կարողանան վաճառել իրենց ապրանքները:

Այնպես որ, թող այսօրվա ԿԲ-ի աճպարարները չփորձեն մարդկանց հիմարի տեղ դնել: Մարդիկ այսօր լավ էլ հասկանում են, որ օգտվելով այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակից, երկրի բարդակ իրավիճակից, որոշ մարդիկ փորձում են իրենց «յուղոտ պատառները» ստանալ: Սակայն պարզապես սրիկայություն է, երկրի և մարդկանց այս իրավիճակում նման գործելաոճը:

Ավելին, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պարագայում, երբ ռուսական շուկաները դատարկվում են արևմտյան երկրների ապրանքներից, այլ շատ երկրներ փորձում են լրացնել այդ բացը: Այդ առումով, Հայաստանի համար բացառիկ պայմաններ է բացվել, որպեսզի մեր արտահանման ծավալները մեծացվեն դեպի Ռուսաստան: Սակայն ներկայիս ԿԲ-ի գիշատիչ քաղաքականության արդյունքում այդ հնարավորությունն էլ է փակվում մեզ համար: Սա հին հայկական ավանդույթ է, որը գալիս է պետականության բացակայության պատճառներով:

Պարզապես մենք էլ կարծում էինք, որ գոնե 21 դարում մեր հանրության մտածողությունը պիտի փոխվեր և մենք պետք է որ կարողանայինք դառնալ պետությունը հարգող ժողովուրդ:

Սակայն, ինչպես ասում են, ավաղ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը