Լրահոս

01.09.2011 13:06


Բակո Սահակյան. «Առանց մեր մասնակցության՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն իրական չէ»

Բակո Սահակյան. «Առանց մեր մասնակցության՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն իրական չէ»

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում, անդադառնալով անկախության տարիների ընթացքում հանրապետության գլխավոր ձեռքբերումներին, ասել  է, որ նախ և առաջ կարևոր  ձեռքբերումն անկախ պետականության և դրա ինստիտուտների կայացումն է։

–Մեզ մոտ կայացել և էֆեկտիվորեն գործում են իշխանության բոլոր երեք ճյուղերը։ ԼՂՀ–ն ունի մարտունակ բանակ, որը համարվում է նրա անկախության և անվտանգության գլխավոր երաշխավորը, ինչպես նաև կայունացնող գործոն տարածաշրջանում: Մեր երկիրը վճռականորեն բռնել է ժողովրդավարական զարգացման ուղին, և անկախ Ղարաբաղ պետության գոյությունը սպառնալիք չի ոչ մեկի համար ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ աշխարհում։ Երկրորդ՝ մենք կարողացանք հաղթահարել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, որն ամբողջությամբ ոչնչացրել էր մեր տնտեսությունը։ Այսօր Արցախը դինամիկ զարգացող տնտեսություն և ներքին կայունության բարձր մակարդակ ունեցող պետություն է։ Իսկ որպես մյուս ձեռքբերում՝ ես կնշեի Հայաստան–Արցախ–Սփյուռք անքակտելի եռամիությունը, որ մեր անկախ պետականության հիմքերից է, և ունի կարևորագույն քաղաքական, տնտեսական և հոգեբանական նշանակություն ինչպես Արցախի, այնպես էլ ողջ հայության համար,–ասել է նա։

Ըստ  Բակո Սահակյանի՝ այսօր ԼՂՀ–ի առջև  դրված  խնդիրներից են նախ և առաջ Ադրբեջանի հետ ռազմավարական հավասարակշռության պահպանումն ու ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։

–Մեզ համար կարևորագույն քաղաքական հարց է նաև ԼՂՀ–ի միջազգային ճանաչումը։ Հասկանում ենք, որ դա հեշտ հարց չէ, և դրա համար ժամանակ և ջանքեր են անհրաժեշտ: Սակայն ԼՂՀ–ի իշխանություններն ու ժողովուրդը վճռական են միջազգային հանրության կողմից մեր պետության անկախության ճանաչման պայքարում,–ընդգծել  է ԼՂՀ նախագահը։

Լրագրողի  այն դիտարկմանը, թե ուսումնասիրելով բանակցային գործընթացի նրբությունները, տպավորություն է ստեղծվում, որ բանը հասել է նրան, որ ԼՂՀ–ի ներկայացուցիչները շուտով վերադառնալու են բանակցային սեղանի շուրջ, Բակո Սահակայնը պատասխանել է, որ ԼՂՀ–ի մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ որպես լիիրավ կողմ,  խնդրի համապարփակ կարգավորման միակ հնարավորությունն է։

–Առանց մեր մասնակցության՝ դրա կարգավորումն իրական չէ։ Դա, ի դեպ, ընդունում են նաև միջազգային միջնորդները. օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ստեփանակերտը պատրաստ է ուղիղ բանակցությունների Բաքվի հետ և քննարկել ցանկացած խնդիր։ Կարծում եմ, որ բանակցային գործընթացի ձևաչափի լիարժեք վերականգնումը միայն ժամանակ հարց է, և ինչքան շուտ դա տեղի ունենա, այնքան քիչ ժամանակ կպահանջվի հիմնախնդրի վերջնական կարգավորման համար,–ընդգծել  է նա։

Այս խորագրի վերջին նյութերը