Կարծիք

15.06.2022 13:45


Պայքարը շարունակվում է, նոր ոգով, նոր թափով և հասնելու է նպատակին

Պայքարը շարունակվում է, նոր ոգով, նոր թափով և հասնելու է նպատակին

Դեռ մայիսի վերջերին, ինչպես ազգային-ազատագրական պայքարի նոր ալիքին մասնակցող, այնպես էլ կողքից հետևող տարբեր վերլուծաբաններ, քաղաքական մեկնաբաններ նկատում էին, որ «Դիմադրության» շարժումը որոշակի վերափոխումների կամ «թարմացումների» խնդիր ունի: Օբյեկտիվորեն՝ Ֆրանսիայի հրապարակում «տնավորված» կամ վրանավորված շարժումն իսկապես տակտիկական ու կազմակերպչական վերանայումների խնդիր ուներ, հակառակ դեպքում, անխուսափելիորեն լինելու էր «լճացում»: Ու դրական հանգամանք է այն, որ չուշացավ համապատասխան քաղաքական որոշումը, որն էլ Իշխան Սաղաթելյանը հրապարակեց հունիսի 14-ի հանրահավաքում:

Հիմնականը. «Դիմադրության» շարժումն ընտրել է, այսպես ասենք՝ խաղաղ, անարյուն իշխանափոխության տարբերակը: Դա, առնվազն շատերն են հասկանում, որ երկար ու դժվար ճանապարհ է, մանավանդ, եթե գործ ունենք նիկոլական դավադիր, ցանկացած ստահակության ընդունակ, վախից տակը տասնյակ հազարավոր «ոստիկաններ» լցրած բռնատիրական ռեժիմի հետ: Ռեժիմ, որը լիովին ընդունակ է ուղղակիորեն արյունահեղություն հրահրելու, ինչը տեսանք հունիսի 3-ին ու ոչ միայն, իսկ իր «օլիգարխական» փաղանգով ընդունակ է նաև դիմել զանգվածային անկարգությունների, ինչի համար էլ, ըստ բազմաթիվ հրապարակումների, «իքս» նիկոլական օլիգարխն իր «ախռաննիկներին» «ոստիկանացրել» էր:

Եթե ավելի պարզ, Նիկոլ Փաշինյանի ու նրա «արևմտյան» պատվիրատուների ենթադրյալ նպատակներից մեկը խոշոր բախումներ կամ հենց քաղաքացիական պատերազմ հրահրելն է, ինչն ուղղակի կարող է կործանարար լինել Հայաստանի ներկայիս մնացորդների համար: Բայց նրանց այդ նպատակներն այս փուլում տապալվեցին: Անգամ հունիսի 3-ին ու դրանից հետո, շարժման ղեկավարներն ու մասնակիցները չդիմեցին պատասխան բռնությունների, ինչի իրավունքն, ի դեպ, մարդկայնորեն լիովին ունեին, բայց սառնասրտություն դրսևորեցին ու ձախողեցին Նիկոլի արյունահեղական ծրագրերը:

Գանք կոնկրետ «Դիմադրության» շարժման քաղաքական որոշմանը: Նպատակին հասնելու եղանակը նույնն է մնացել, այն է՝ քաղաքական մեթոդներով ու գործիքակազմով Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Դա ուղիղ գծով ենթադրում էր.

Ա) փողոցային ակտիվ պայքարի ընթացքում կուտակած տպավորիչ ռեսուրսի կապիտալիզացիա, արդեն ձևավորված հասարակական, հատկապես՝ երիտասարդական ակտիվ խմբերի հնարավորությունների ավելի արդյունավետ ներգրավում,

Բ) կազմակերպչական-կառուցվածքային վերանայումներ: Մասնավորապես, արդարացված է շարժման ինստիտուցիոնալ կառուցվածքի, տարածքային կառույցների ձևավորման որոշումը:

Ամենից կարևորը. պայքարը, բնականաբար, շարունակվում է: Դա բոլորին ակնհայտ կդառնա արդեն վաղը-մյուս օրը՝ ազդարարված երթի ու հանրահավաքի ընթացքից: Պայքարը շարունակվում է նոր ոգով, նոր թափով և, անխուսափելիորեն, հասնելու է նպատակին:

Ինչպես կարճ ու դիպուկ ասել է քաղբանտարկյալ Իգոր Խաչատուրովը՝ «զադնի դնողը Նիկոլ ա»:

Արմեն Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը