Մեկնաբանություն

26.08.2011 17:41


Առկախված «երկխոսություն» կամ ընդհատված տանգո

Առկախված «երկխոսություն» կամ ընդհատված տանգո

«Երկխոսողների» մոտ ակնհայտորեն ժանրի կրիզիս է առաջացել։

Ինչպես հայտնի է, այսօր տեղի չունեցավ գյալաջիի հերթական սերիան։ ՀԱԿ–ը չներկայացավ հանդիպմանը՝ հայտարարելով, որ առկախում է իր մասնակցությունը և կշարունակի ընթերցանության սեանսները միայն այն բանից հետո, երբ իշխանությունն իրենց պահանջը կկատարի։ Դա ստիպեց իշխանական թիմի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին հայտարարելու, որ սա դեմարշ է և որ տանգոն մենակ չեն պարում։

Նկատենք, որ տանգոյի պահով Դ. Հարությունյանի ասածները ամենաճշգրիտն են արտահայտում «երկխոսության» բնույթը։ Մինչև հիմա որևէ մեկի մտքով չէր անցել այդպես դիպուկ նկարագրել Կառավարության ընդունելությունների տանն անցկացվող խոսքուզրույցը։ Մնում է միայն պարզել, թե «երկխոսողներից» տանգոյի ժամանակ ով է ակտիվը, իսկ ով՝ պասիվը, բայց դա արդեն անձնական բնույթի հարց է ու, թերևս, չարժե մտնել «երկխոսության» ինտիմ մանրամասների մեջ։

Մեր կողմից միայն արձանագրենք, որ եթե, ինչպես Հարությունյանն է պնդում, կողմերը տանգո են պարում, ապա այդ ընդհատված տանգոն շատ «դրամատիկ» փուլ է թևակոխել։ Օգտվելով այն հանգամանքից, որ Սերժ Սարգսյանը տառապում է «երկխոսամոլությամբ»՝ ՀԱԿ–ը, ինչպես կամակոր աղջիկներն են սովորաբար անում, դիմում է շանտաժի՝ «ասածներս կանես՝ կգամ, չես անի՝ չեմ գա» տարբերակով։

Եթե Սերժ Սարգսյանը դառնա «երկխոսագերի», ապա մեծ է հավանականությունը, որ ՀԱԿ–ի հետ հանդիպումները շարունակելու համար կկատարվեն «արմատականների» պահանջները։ Դրանից հետո կարելի է արդեն խոսել այն մասին, որ մեր երկրում ոստիկանությունն ու պետական համակարգն այլևս կդադարեցնեն իրենց գոյությունը, իսկ ցանկացած մեկը, ով որևէ արարք թույլ կտա ու կհայտնվի ոստիկանությունում՝ կարող է անմիջապես հայտարարել, որ ՀԱԿ–ից է ու քաղբանտարկյալ։ Հետագա զարգացումները կարելի  է միայն պատկերացնել։

Իսկ եթե Սերժ Սարգսյանը մի պահ հրաժարվի «երկխոսամոլությունից» ու որոշում ընդունի ընդառաջ չգնալ ՀԱԿ–ի պահանջներին, ապա անհարմար դրության մեջ կհայտնվի Տեր–Պետրոսյանը, ով կրկին կմատնվի քաղաքական պարապուրդի, այսինքն՝ կվերադառնա այն վիճակին, ինչ վիճակից որ դուրս բերեց նրան Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, թե կողմ է գյալաջիին։

Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ինչ որոշում կկայացնի «ֆուտբոլասեր», «նախաձեռնող» և, ինչպես հետագայում պարզվեց, նաև «երկխոսող» նախագահը։

Ինչպիսի զարգացումներ էլ որ լինեն, միևնույն է «երկխոսությունից» Հայաստանն ու հայաստանցին չեն շահելու։ Շահը կլինի այն դեպքում, երբ «երկխոսողներն» ուղարկվեն քաղաքական դաշտից հեռու մի տեղ։ Թող այնտեղ «երկխոսեն» որքան ուզում են և տանգո պարեն որքան սրտները կկամենա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը