Հարցազրույց

15.05.2022 09:27


«Չեմ ուզում, որ իմ պետության ճակատագիրը որոշեն Փաշինյան Նիկոլը, իր կինը, ախուրյանցի Անոն ու չգիտեմ՝ ով». Կարինե Նալչաջյան (տեսանյութ)

«Չեմ ուզում, որ իմ պետության ճակատագիրը որոշեն Փաշինյան Նիկոլը, իր կինը, ախուրյանցի Անոն ու չգիտեմ՝ ով». Կարինե Նալչաջյան (տեսանյութ)

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով՝ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ այսօր փողոցում ազգի սերուցքն է:

«Այս իշխանությունները չեն կարող վախեր չունենալ: Առհասարակ, այսպիսի զանգվածային գործընթացներից վախենում են բոլոր իշխանությունները, առավել ևս՝ Հայաստանի օրվա իշխանությունները: Այս ձերբակալությունները կարող են որոշակի վախի մթնոլորտ ստեղծել, բայց ոչ պայքարողների մեջ: Պայքարողների նկատմամբ, երբ կիրառվում են այս անօրինական ձևերը, թե ինչպես մարդու վիզը ոլորելով՝ մեքենա են խցկում և դրանից սադիստական հաճույք ստանում, բայց վախի մթնոլորտ ստեղծել չի հաջողվում: Փողոց դուրս եկողների քանակը մեծանում է»,-168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հոգեբանը հույս ունի, որ նույնիսկ գործող իշխանությունների ինտելեկտուալ կարողությունները թույլ կտան հասկանալ, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Առավել ևս, իրենք հավերժ չեն, որովհետև այն մոլորեցնող ազդակները, որոնք 4 տարի ստացվում են իշխանություններից, այն ստերը, այն կեղծիքները, խոստումները, որ սկզբնական շրջանում դեռ կարող էին աշխատել, այսօր իրենց դեմքը պատռված է, մարդիկ արդեն հասկանում են: Մասնավորապես՝ պատերազմով և պատերազմից հետո այս մարիոնետային իշխանությունների ձեռամբ հիմնական նպատակ էր հետապնդվում մեր ժողովրդին հոգեբանորեն զոհի վերածելու, սա կոչվում է վիկտիմիզացիա: Մենք անընդհատ ասում էինք՝ լավ, ի՞նչ եղավ մեր ժողովրդին, մենք մի զոհ էինք ունենում սահմանին՝ ինչ ապրումներ էինք ունենում, ինչ բողոքի ձայն էինք բարձրացնում, մենք հազարներ ենք կորցրել, հազարներ չկան, գերի են, ճակատագիրը անհայտ է, հաշմված է մեր սերունդը, ինչո՞ւ ձայն չենք հանում: Դա կարելի է բացատրել նրանով, որ հոգեբանական ծանր հարվածից հետո մարդիկ հոգեբանական զոհի են վերածվում, և դժվար է շտկվելը, ոտքի կանգնելը և բողոքի ձայն բարձրացնելը: Բայց ահա մենք տեսնում ենք, որ արդեն այս վիկտիմիզացիայի պրոցեսը հաղթահարվում է, վկա այն մարդիկ, ովքեր այսօր դրսում են և պայքարում են»:

Ըստ նրա՝ զոհ չէ այն մարդը, որն անգամ ծանրագույն վիճակում պայքարի դրոշը վերցնում և գնում է առաջ. «Մարդիկ, ովքեր այսօր պայքարի ձայն են բարձրացրել, զոհ չեն: Մի մեծ շերտը այն մարդիկ են, ովքեր հասկանում են՝ ինչ է կատարվում, հասկանում են, որ ստերի մեջ են ապրում, և մեր հայրենիքը գնում է դեպի կործանում, և իրենցից ամեն մեկն այսօր թիրախավորված է, բայց չեն վստահում, չեն ուզում, իրենց մեջ ուժ չեն գտնում դուրս գալու: Այս գունավոր հեղափոխությունները հոգեբանական տեսակետից շատ լավ մտածված են»:

Կարինե Նալչաջյանն ընդգծեց՝ տարբեր սադրանքներով, ձերբակալություններով և կալանավորումներով իշխանություններին չի հաջողվի մարել շարժումը:

Անդրադառնալով Գյումրիում երիտասարդների և տարեցների մասնակցությամբ միջադեպին՝ նա նշեց, որ արժեքների վարկաբեկում է տեղի ունենում. «Մենք գիտենք, որ մեր մշակույթն այնպիսին է, որ կա մեծի նկատմամբ հարգանք, սա մեր լավագույն արժեքներից մեկն է: Հիմա տեսեք՝ իրենք ինչ են անում, իրենք հենց տարեց մարդկանց են մղում սադրանքի, որպեսզի դիմացինը ներքին աններդաշնակության մեջ ընկնի: Երիտասարդներ են, հարգում են տարիքը, բայց չէ՞ որ այդ տարեց մարդը հայհոյում է, այսինքն՝ անում է մի բան, որը դեմ է մեր մյուս արժեքներին, և կարող է պատահել՝ այնպիսի հուզական վիճակում հայտնվի մարդը, որ այլև չկարողանա իր ինքնատիրապետումը պահել և կարող է նույնիսկ աֆեկտային վիճակի մեջ ընկնել»:

Նա հավելեց. «Ես չեմ ուզում, որ իմ պետության ճակատագիրը որոշի Փաշինյան Նիկոլը, իր կինը, ախուրյանցի Անոն ու չգիտեմ՝ ով: Մենք ունենք հրաշալի ազգի մտածող սերուցք, լավագույն քաղաքացիներ, ովքեր ապրում են մեր երկրի տարբեր հատվածներում, այս բոլորի միավորման գործընթացը եթե հաջողության հասնի, մենք նույնիսկ կարող ենք թռիչքներ ունենալ: Բայց այս իշխանություններով՝ միայն դեպի մահ և ոչնչացում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը