Մեկնաբանություն

30.04.2022 18:35


Ո՞ր տարբերակով կհեռանա Փաշինյանը. մայիսի 1-ի հանրահավաքից առաջ ու հետո

Ո՞ր տարբերակով կհեռանա Փաշինյանը. մայիսի 1-ի հանրահավաքից առաջ ու հետո

Այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա կամ հեռացվի, քննարկման ենթակա չէ: Նա պետք է ընդմիշտ հեռանար քաղաքականությունից ու պետական կառավարումից դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, բայց մնաց, կեղծեց ընտրություններն ու վերարտադրվեց: Հայաստանը մնաց պարտության ու նվաստացման դեմքով:

Հետպատերազմական զարգացումներն ու Արցախի հարցում Նիկոլի թուրք-ադրբեջանական օրակարգով շարժվելը լրացուցիչ փաստարկ է նրա հեռացման օգտին:

Մայիսի 1-ից առաջ

Ընդդիմադիր դաշտի տարբեր ներկայացուցիչները ավելի քան մեկ շաբաթ բողոքի տարբեր գործողություններ են իրականացնում: Պայքարն ընթանում է ապակենտրոնացված, այսինքն՝ ամեն մի ուժ իր հնարավորությունների չափով իրազեկման ու քարոզչական աշխատանքներ է իրականացնել:

Այդ բողոքի ապակենտրոն գործողությունները հանրային տրամադրությունների շոշափում էր, յուրատեսակ ստուգատես ու փրայմերիզ: Բոլոր ուժերն ու անհատները հնարավորություն ունեցան դրսևորվելու: Այս կամ այն ուժին կամ գործչին հավանող կամ չհավանող քաղաքացիներն ունեին ընտրության լայն հնարավորություն և օգտվեցին այդ հնարավորությունից:

Նախ բացահայտվեց, որ բավական մեծ քանակի պասիոնար զանգված կա, որը պատրաստ է դուրս գալ փողոց պայքարի: Բացի այդ՝ բոլորին միավորում է մեկ գաղափար՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին և ձևավորել ազգային կառավարություն, որը կկարողանա կանգնեցնել այս կործանարար ընթացքը:

Մինչև մայիսի 1-ը տեղի ունեցած բողոքի գործողությունները բացահայտեցին նաև ուժերի դասավորությունն ընդդիմադիր դաշտում: Ակնհայտ դարձավ, որ խորհրդարանական թիվ 1 ընդդիմությունը մրցակցությունից դուրս է նաև հրապարակային դաշտում:

Դիմադրության շարժումը կամ որ նույնն է՝ «Հայաստան» դաշինքը, վայելում է ընդդիմադիր տրամադրված զանգվածների գերակշիռ մեծամասնության աջակցությունը: Դիմադրության շարժումը թե՛ զանգվածայնության, թե՛ տեխնոլոգիական առումներով բացարձակ առաջատար է: Շարժումը կենտրոնացած չէ միայն Երևանում, այն ծածկում է ամբողջ հանրապետությունը:

Ընդդիմադիր մյուս ուժերի ու շարժումների աշխատանքը նույնպես կարևոր է և գնահատելի, բայց փաստն այն է, որ շարժիչ ուժը «Հայաստան» դաշինքն է: Դա նշանակում է, որ հանրային ակնկալիքներն էլ այս ուժից են, ինչը վստահության կրեդիտ է տալիս ու միևնույն ժամանակ պատասխանատվության մեծ բաժին դնում Դիմադրության շարժման վրա:

Այս փուլում շատ կարևոր է միասնականությունը: Այն առկա է, ինչն արդյունք ապահովելու կարևոր գործոն է:

Մայիսի 1-ից հետո

Մայիսի 1-ից Դիմադրության շարժումը հայտարարել է պայքարի նոր ու եզրափակիչ փուլի մասին: Մեծ հանրահավաքը տեղի կունենա Երևանի Ֆրանսիայի հրապարակում՝ Օպերայի շենքին կից մեծ խաչմերուկի վրա, ժամը 16:00-ին: Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից Դիմադրության շարժմանը միացած քաղաքացիները կմտնեն Երևան ու կմիանան հանրահավաքին:

Դիմադրության շարժման համակարգող, «Հայաստան» դաշինքի անդամ և ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանն ասել է, որ ամեն ինչ պետք է անել այս փուլի ավարտին իշխանափոխության հասնելու համար: Ըստ նրա՝ կա հստակ մշակված ծրագիր ու վճռականություն:

Ինչպե՞ս կհեռանա Փաշինյանը

Ցանկացած քաղաքական գործընթաց գոնե ֆորմալ առումով տեղավորվում է իրավական դաշտի շրջանակներում: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման հետևյալ տարբերակները կան՝

Տարբերակ 1-ին՝

Հանրային ճնշամ տակ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս և հետո ձևավորվում է նոր կառավարություն:

Տարբերակ 2-րդ՝

Նիկոլ Փաշինյանը կալանավորվում է:

Տարբերակ 3-րդ՝

ԱԺ-ում փլուզվում է խորհրդարանական մեծամասնությունը, և Նիկոլը ստիպված է լինում հրաժարական տալ:

Տարբերակ 4-րդ՝

Նիկոլը փորձում է դիմադրել և հեռանում է հանրային ճնշման արդյունքում՝ ստիպված:

Վերջին տարբերակը ցնցումային է, ինչը ցանկալի չէ Հայաստանի ու նաև Նիկոլ Փաշինյանի համար:

Թե ո՞ր տարբերակով նա կհեռանա, ժամանակը ցույց կտա: Մեկ բան հստակ է՝ որքան շատ մարդ հավաքվի, այնքան անցնցում ու արագ տեղի կունենա իշխանափոխությունը: Ամեն մեկից է կախված փոփոխության հնարավորությունը, ինչպես նաև Դիմադրության շարժման առաջնորդների կամքից, վճռականությունից ու ճկունությունից:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը