Քաղաքական

18.04.2022 16:15


Ինչու՞ է Փաշինյանը շտապում կնքել Ադրբեջանի հետ «խաղաղ» կոչվող պայմանագիրը

Ինչու՞ է Փաշինյանը շտապում կնքել Ադրբեջանի հետ «խաղաղ» կոչվող պայմանագիրը

Երբ Ադրբեջանի կողմից առաջարկվեց Հայաստանին «խաղաղության» պայմանագրի հինգ կետանոց առաջարկը, շատերը կանխատեսում էին, որ հայկական կողմը այս կամ այն պատրվակով դա պիտի մերժեր: Քանզի դա էր նաև ենթադրում դիվանագիտական գործընթացի խաղի կանոնը: Հայկական կողմի առաջարկը մերժեց Ադրբեջանը, վերջինիս առաջարկը պիտի մերժեր Հայաստանը, որպեսզի, այսպես կոչված «երրորդ» կողմը կարողանար առաջարկեր «փոխզիջումային» տարբերակ, որն էլ կարող էր որպես հիմք ընդունվել թե՛ Երևանի, և թե՛ Բաքվի կողմից:

Սակայն, շատերի համար զարմանք առաջացրեց, երբ Նիկոլ Փաշինյանը միանգամից հայտարարեց, որ «...համաձայն է Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկներին...»: Ճիշտ է, հետո հայտարարվեց, թե դրանք պիտի «լրացվեն» այլ պայմաններով, սակայն բոլորի համար էլ պարզ էր, որ դա հայկական կողմից ձևական բնույթի հայտարարություն էր: Քանզի եթե Երևանը ինչ-որ արժեքավոր լրացում ունենար, ապա պիտի հստակ նշեր, թե ինչի մասին է խոսքը: Մինչդեռ, երբ լղոզված և անորոշ ձևակերպումներ են կատարվում, դա նշանակում է, որ պաշտոնական Երևանը համաձայն է Բաքվի առաջարկին, պարզապես ուզում է ձևական լրացումներով հանդես գալ, որպեսզի «կապիտուլյացիայի» չնմանվի իր պահվածքը:

Բայց դիվանագիտական հարթակներում Փաշինյանի պահվածքը հենց այդպես էլ ընկալվեց: Ընդորում այդպես ընկալվեց թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, և թե՛ Վաշինգտոնում:

Իսկ դա նշանակում է, որ այդ կենտրոնները էապես վերանայելու են իրենց մոտեցումները թե՛ ղարաբաղյան խնդրի հարցում, թե՛ Հայաստանի հետ հարաբերություններում:

Նույնիսկ մակերեսի վրա տեսանելի է Փաշինյանի ոչ կոմպետենտ պահվածքը, ով ցույց է տալիս համաշխարհային հանրությանը, որ պատրաստ է արմատական զիջումների գնալ ղարաբաղյան խնդրի մասով:

Սակայն, քաղաքականության մեջ գործում է շախմատի ոսկե կանոնը, եթե ձեռք ես տվել, քայլ ես կատարել, ապա հետ դարձ չի լինելու: Նույնը քաղաքականության մեջ, եթե հայտարարում ես, որ պիտի զիջես Ղարաբաղի հարցում, որպեսզի պատերազ չլինի, ապա վաղը պիտի զիջես նաև Սյունիքի հարցում, հետո մյուս հայկական տարածքների հարցում, որպեսզի պատերազմ չլինի: Այդ ժամանակ միջազգային հանրությունն այլևս Հայաստանին չի դիտարկելու որպես գործընկեր, առավելևս դաշնակից: Դրանից հետո Հայաստանը դառնալու է միջազգային հանրության համար «հումանիտար տարածք», որտեղ կարելի կլինի խոսել բացառապես այդ տարածքում ապրող բնակիչների իրավունքների մասին:

Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, թե ինչ արհավիրքի մեջ կարող է հայտնվել երկիրը իր քայլերի արդյունքում:

Կարծում ենք, որ՝ ոչ, նրա տեսակի մարդիկ ունակ չեն ընկալելու այդպիսի խնդիրները: Միաժամանակ, նա շտապում է իրականացնել իր մտադրությունները, քանզի ամենայն հավանականությամբ, դա է Թուրքիայի կողմից հիմնական նախապայմանը Երևանի հետ բանակցային գործընթացում: Եթե այդ ծրագիրը ձախողվի, ապա Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը և Փաշինյանի «խաղաղ» դարաշրջանը կհայտնվի օդում կախված: Իսկ այդ «դարաշրջանի» բացման հարցը դարձել է Փաշինյանի միակ «այցեքարտը», որով նա փորձում է հիմնավորել հանրությանը իր պետքականության մասին:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը` zham.am

Այս խորագրի վերջին նյութերը