Մեկնաբանություն

25.07.2011 15:36


«Նախաձեռնողական» խայտառակություն

«Նախաձեռնողական» խայտառակություն

Սերժ Սարգսյանի հայտարարած «նախաձեռնողական» արտաքին քաղաքական կուրսը հերթական «հաջողությունը» գրանցեց։ Հայաստանից Վրաստան մեկնող ծագումով ջավախահայ, Հայկական հանրագիտարան հրատարակչության տնօրեն, «Ջավախք» հայրենակցական միության նախկին նախագահ Հովհաննես Այվազյանին թույլ չեն տվել հատել սահմանը։ Վրացական կողմի պատճառաբանությունն այն է, որ Այվազյանը Ջավախքի վերաբերյալ հարցազրույցներ է տալիս Հայաստանում՝ դրանով իսկ դուր չգալով Վրաստանի իշխանություններին, որոնք էլ որոշել են արգելել նրա մուտքը Վրաստան։

Ի դեպ, Հ. Այվազյանի ելույթներին հետևողները գիտեն, որ նա ծայրահեղական կամ անջատողական հայտարարություններ չի արել Ջավախքի մասով, ինչը նշանակում է, որ անգամ չափավոր տեսակետներ ունեցողներին են արգելում մտնել Վրաստան։

Հիշեցնենք, որ համանման մոտեցում է ցուցաբերված նաև ԱԺ մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի նկատմամբ։ Նա արդեն մի քանի տարի չի կարողանում գնալ սեփական ծննդավայր հանդիսացող Գանձա, որտեղ իր հարազատներն են բնակվում։

Ուշագրավն այն է, որ պաշտոնական Երևանը որևէ կերպով չի արձագանքել ու չի արձագանքում ՀՀ քաղաքացիների հանդեպ վարվող վրացական քաղաքականությանը։ Փաստորեն՝ հարևանների հետ շփումներում «կուռկուռի ձագի» վարքագիծ դրսևորելն է  «նախաձեռնողական» կոչված անողնաշար քաղաքականության բուն էությունը։

Դե եթե Ս. Սարգսյանը Սահակաշվիլու հետ հանդիպի ու սկսի ժամավաճառությամբ զբաղվել և չդնել սեփական քաղաքական հենարանը հանդիսացող ՀՀԿ–ի անդամի Վրաստանում «պեռսոնա նոն գռատա» ճանաչվելու հարցը վրաց գործընկերոջ առաջ, ապա մեր հյուսիս–արևմտյան հարևանն է՛լ ավելի կլկտիանա ու հետագայում արդեն կարող է «Ջավախք» բառն անգամ օգտագործողներին իր տարածք չթողնել։

Հարկ է նկատել, որ Ս. Սարգսյանի նախագահ դառնալուց հետո Հայաստանը տարածարջանում վերածվել է դիմագիծ չունեցող պետության, որի հետ ով ինչ ասես անում է։ Բոլորն էլ հասկացել են, որ գործ ունեն արժանապատվության հետ խնդիրներ ունեցող և «երկխոսության» պատրաստ մեկի հետ ու անցել են գործի։

Տեսե՛ք. Թուրքիան, օգտվելով ՀՀԿ «ճկուն» ղեկավարի կոպիտ սխալներից, Հայաստանը վերածել է ֆուտբոլի գնդակի և հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման արդյունքում ստացած հնարավորությամբ սողոսկել է Ղարաբաղի խնդրի կարգավորման տարածք։ Ադրբեջանը երկու ոտքը դնում է կոշիկի մեջ ու պահաջներ ներկայացնում, իսկ Հայաստանի «նախաձեռնողները» հպարտանում են, որ իրենք պահանջ չունեն ու ինչ դեմ տան՝ «նաղդ» ստորագրող են։ Վրաստանն էլ, ահա, որոշել է «շլագբաումային» քաղաքականություն վարել ՀՀ քաղաքացիների  նկատմամբ՝ օգտվելով այն հանգամանքից, որ Սարգսյանի օրոք Ջավախքի հարցում իբր թե խաղաղասիրական մոտեցում ցուցաբերվեց՝ լուծարելով Վրաստանի տարածքում կոմպակտ հայկական բնակչություն ունեցող վարչական միավորի խնդիրներով զբաղվող ՀՀ պետական մարմինը։ Պատահական չէ, որ վերջին երեք տարիներին վրաց իշխանությունները կոշտացրել են Ջավախքի նկատմամբ իրենց դիրքորոշումը՝ վարելով տարածքը հայաթափելու և տեղական իշխանության մակարդակով վասալային պայմաններ ստեղծելու քաղաքականություն։

Այսօր, փաստացի, Հայաստանի իշխանական վերնախավը չի հետաքրքրվում Ջավախքով՝ ցուցաբերելով «նախաձեռնողականություն», որի դրսևորումներից է  հայ Կաթողիկոսի ռաբիս զրույցները Իլյա 2–րդի հետ կամ էլ հայկական դիվանագիտության «բերանը ջուր առած» կեցվածքը պաշտոնական Վրաստանի հետ շփումներում։

Մի խոսքով, Սերժ Սարգսյանը «երկխոսության» մեջ է բոլորի հետ և բոլոր ուղղություններով էլ «նախաձեռնողական» է։ Արդյունքում տուժում է Հայաստանը, տուժում են ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը և տուժում է նաև դրսի հայությունը։

Քանի՞ կոպեկի արժեք ունի Սփյուռքի նախարարություն բացելն ու Վրաստանի նախագահի հետ սիլի–բիլի անելը, եթե նույն վրացիները պետք է այս աստիճանի «հաբռգած» պահեն իրենց։ Սարգսյանը, թերևս, չի ընկալում, որ ՀՀ քաղաքացիներին Ջավախքի հետ կապված պատճառաբանություններով Վրաստան չթողնելով՝ Սահակաշվիլու վարչակազմը նախևառաջ Սարգսյանին է «փչացնում»։ Էհ, ինչպես այս ամենն ընկալի Սարգսյանը։ Մարդը «նախաձեռնողական» է, իսկ դա արդեն դիագնոզ է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը