Կարծիք

18.02.2022 15:56


Ինչու է Նիկոլը փաստաբանություն անում Ալիևի համար

Ինչու է Նիկոլը փաստաբանություն անում Ալիևի համար

Արցախի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը:

Ողջունելով Արցախի Հանրապետության խորհրդարանի որոշումը՝ պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանական շրջանակները չնկատելու են տալիս Արցախի օրենսդիր մարմնի այս քայլը։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով «հիմնավորում» է, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»։

Փաշինյանը, հղում անելով տարբեր փաստաթղթերի և կեղծելով իրականությունը, առաջ է մղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության (ներառյալ՝ Արցախը) թեզն ու փաստաբանություն անում Ալիևի օգտին։

Նիկոլական կեղծիքներից մեկը՝ 1999թ․ ընդունված Ստամբուլյան փաստաթղթի մասով, երեկ պայթեցրեց Ռոբերտ Քոչարյանը։ Փորձագիտական շրջանակները ևս բացահայտեցին սուտն այն մասին, թե, իբր, Ստամբուլում պաշտոնական Երևանն ընդունել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Իրականությունն այն է, որ հետսովետական տարածքում առկա հակամարտություններից միայն Ղարաբաղյանն է, որի մասով Ստամբուլյան խարտիայում չի հիշատակված տարածքային ամբողջականության սկզբունքը։

Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է Փաշինյանը հետևողականորեն իրականացնում թուրք–ադրբեջական շահերից բխող քարոզչություն։ Պատասխանը մեկն է՝ նա հիմա քարոզում է այն, ինչը պատրաստվում է անել (Փաշինյանը չի թաքցնում, որ Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում) ու նախապես ալիբի է ապահովում «Ես ի՞նչ կարող էի անել, մինչև իմ վարչապետ դառնալը նախկինները Ղարաբաղն արդեն ճանաչել էին Ադրբեջանի կազմում․ հրե՛ն Ստամբուլի խարտիան» ժամկետանց «կռուտիտի» միջոցով։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը