Լրահոս

18.07.2011 11:42


«Ոսկե ծիրան»–ի հաղթողներն արդեն հայտնի են

«Լաթար» համալիրում կայացել է «Ոսկե ծիրան–8» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ միջազգային ժյուրիները հայտնել են հաղթողների անունները:

Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը ստացել է իրանցի ռեժիսոր Աղհար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը, «Արծաթե ծիրանը» ուղևորվել է Հարավային Կորեա` Փարկ Չուն-բումի «Մուսանյան նոթեր» ֆիլմի համար:

Այս անվանակարգում ժյուրիի հատուկ մրցանակ ստացավ Պաուլա Մարկովիչը` «Պարգևը» ֆիլմի համար: Այս ֆիլմը նաև արժանացել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Յուրահատուկ ստեղծագործական հայացք» մրցանակին:

Միջազգային վավերագրական ֆիլերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը շնորհվել է Ալեքսանդր Նանաուի «Աշխարհը` ըստ Յոն Բ.-ի» ֆիլմին, «Արծաթե ծիրան»՝ «Ամառային արոտավայր» ֆիլմին, որի ռեժիսորներն են Լին Թրուը, Նելսոն Ուոքերը, Ցերինգ Պերլոն։

«Հատուկ հիշատակում» մրցանակը տրվել է Ահմադ Սեյեդքեշմիրի «Հոյակապ ոչինչ» ֆիլմին: Հայկական համայնապատկեր անվանակարգում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Հարութ Շատյանին՝ «Բեռնելով կյանքս» ֆիլմի համար: Այս ֆիլմն արժանացել է նաև Բրիտանական խորհրդի սահմանած մրցանակին, ինչպես նաև ստացել է «Նուարդ» մրցանակ:

Հայկական համայնապատկերի «Արծաթե ծիրան»–ը շնորհվել է Էմիլ Մկրտչյանին՝ «Տիեզերանավը» ֆիլմի համար, «Հատուկ հիշատակում»–ը՝ Անաստասիա Պոպովայի «Վարդագույն քաղաքի վերջին հիպին» ֆիլմին:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում, որն ի դեպ  առաջին անգամ էր  անցկացվում,  «Ոսկե ծիրանի» է արժանացել Պյոտր Սուբոտկոյի «Գլազգո» ֆիլմը, «Հատուկ հիշատակում»–ի` Սերհաթ Կարաասլանի «Հեծանիվ» ֆիլմը:

FPRESCI–ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակը ստացել է Էբրահիմ Սայիդիի «Մանդու» ֆիլմը, իսկ Էկումենիկ կամ Եկեղեցիների անկախ ժյուրիի մրցանակը շնորհվել է Կոռնել Գեորգիտայի «Եվրապոլիս» ֆիլմին: Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ է շնորհվել Էմիլ Մկրտչյանի «Տիեզերանավը» ֆիլմին:

Այս խորագրի վերջին նյութերը