Մեկնաբանություն

20.12.2021 10:26


«Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթեց․․․ Զեյնաբ Խանլարովան (տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթեց․․․ Զեյնաբ Խանլարովան (տեսանյութ)

Եվրատեսիլում ներկայացվող երգերի սիրահար չեմ։ Եվրատեսիլով հետաքրքրվում եմ զուտ քաղաքական տեսանկյունից։

Եվրատեսիլը վաղուց արդեն ոչ թե երգի մրցույթ է, այլ քաղաքական թրենդի, քաղաքական առևտրի, քաղաքական խրախուսանքի և նմանատիպ այլ բաների միջոցառում։

«Մանկական Եվրատեսիլ»-ում հայ մասնակցի երգը չէի լսել, մյուս մասնակիցների երգերն էլ չէի լսել, բայց գրեթե 100 տոկոսով համոզված էի, որ հաղթելու է Հայաստանը ներկայացնողը։ Ավելի ճիշտ՝ տիգրանմուկուչյանաբար «հաղթեցվելու» է Հայաստանի ներկայացուցիչը։ Ահա այդպիսին է Արևմուտքի փափուկ ուժը․ էժանագին շոուների միջոցով միավորներ վաստակել (ի տարբերություն ռուսների, որոնք ամենաիրական օգնությունը տվեցին հայերին, բայց թուք ու մուր են ստանում․․․ հայերից)։

Առաջադեմ ու քաղաքակիրթ Եվրոպան լուռ էր, երբ թուրք–ադրբեջանական զույգը՝ ահաբեկիչ վարձկանների հետ, հարձակվել էր փոքրիկ Արցախի վրա։

Եվրոպան լուռ էր, երբ ֆոսֆորային մահաբեր կարկուտ էր թափվում Արցախի երեխաների ու խաղաղ բնակիչների գլխին, բայց աղմկոտ հաղթանակ է ապահովում հայ մասնակցի համար։ Դա իրականում արծրունական «ՀաղԴելու ենք»–ի ոճի մեջ էր, քանզի այդ «հաղԴանակն» ապահովվեց, որպեսզի հետո ադրբեջանցի մասնակիցը գա շնորհավորի հայ մասնակցին, ամբողջ աշխարհի առաջ Ադրբեջանը որպես հումանիստ, քաղաքակիրթ, խաղաղասեր երևա, որպեսզի աշխարհը չիմանա, որ Ադրբեջանի իրական դեմքը Նիկոլ Փաշինյանի նվիրած Գորիս–Կապան ճանապարհահատվածի վրա ավտոմատի փողը հայ պատանիների վրա պահող արնախումն է։

Փաստորեն, Արցախի պետականությունը, տարածքների մեծ մասը, Շուշին, Հադրութը, հազարավոր զոհերն էին խանգարում, որպեսզի Ադրբեջանի հետ քիրվայանայինք, Թուրքիայի հետ էլ սկսեինք պաչպռոշտին։

Եվրոպան հաղԴեցնում է Հայաստանի մասնակցին, որպեսզի աչոկներ հավաքի և իրականում ամրագրի Ադրբեջանի հաղթանակը, իսկ Արևմուտքն իր հաղթանակը ՌԴ–ի նկատմամբ։ Հայերն այստեղ տաշեղի ֆունկցիան են կատարում հակառուսական խաղերում։

Հարցն այն չէ, որ հայ մասնակիցն արժանի չէր հաղթանակի։ Ըստ ամենայնի՝ արժանի էր։ Պարզ է, սակայն, որ այդ հաղԴանակը քաղաքական ենթատեքստ ուներ՝ այլոց քաղաքական հաշվարկների շրջանակներում։ Դա նման էր այն հաղթանակին, որը մենք ունեցանք 1915 թվականի ցեղասպանությունից հետո արևմտյան երկրներում մեր կոտորածների մասին գեղեցիկ ֆիլմեր ստանալով։

Արևմուտքը լուռ էր, երբ ցեղասպանվում էին հայերը, բայց մեծ աղմուկով բարեգործական գրասենյակներ էր բացում հայ փախստականների համար։ Եվրատեսլի հաղթանակն այդ գրասենյակներից է հիշեցնում։

Եվրատեսիլում իրական գործընթացը տեղի ունեցավ բեմից դուրս։ Հայ մասնակցին հաղԴեցրին, որ հետո Ադրբեջանը սեփական փիառն անի։ Ասել է թե՝ մանկական Եվրատեսլիում հաղթեց ․․․ Զեյնաբ Խանլարովան։ Դա այն ադրբեջանցի երգչուհի Զեյնաբն է, որը սովետի ժամանակ Երևանում ստադիոններ ու դահլիճներ էր լցնում իր արևելյան կլկլոցներով։ Զեյնաբը «գյոզալ Երևան» էր երգում, որպեսզի «լայքեր» հավաքի։

Զեյնաբը «գյոզալ Երևան» էր երգում այն ժամանակ, երբ ադրբեջանցիները հայաթափման քաղաքականություն էին իրականացնում Նախիջևանում ու Ղարաբաղում։ Բայց դա միջին վիճակագրական հայ քիրվային չէր հետաքրքրում․ ինքը սիրում էր Զեյնաբ լսել ու անասունի պես ապրել, որ հետո մեծանա քվեն Նիկոլին տա։

Նիկոլին քվե տված զանգվածին Զեյնաբի կլկլոցը հաստատ դուր կգա։ Նիկոլի սրտի գլխավոր դատաՂազ Արթուր Դավթյանը հաստատ ինքնամոռաց ձևով դհոլ կխփի Զեյնաբ Խանլարովայի ձայնը լսելիս։

Մի խոսքով, «Ղարաբաղ՝ Եվրատեսիլի դիմաց» օպերացիան ավարտվեց։ Հիմա նիկոլենք աճուրդի են հանել արդեն Հայաստանը։ Սա էլ երևի մեծերի Եվրատեսիլում հաղԴելու դիմաց։ Կարող են «Գետաշեն» երգով Արծրուն Հովհաննիսյանին ուղարկել մյուս Եվրատեսիլին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը