Մեկնաբանություն

06.12.2021 19:19


Նիկոլի «համապատասխան» սրտի անհամապատասխան մխիթարանքը

Նիկոլի «համապատասխան» սրտի անհամապատասխան մխիթարանքը

ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը զգալիորեն կորցրել է իր վարկանիշը։ Նրա լեգիտիմությունը խիստ կասկածի տակ է դրվել։ Լեգիտիմության անկումն այլևս թվային տեսք ունի։ Նրան սատարում է մեր քաղաքացիների փոքրամասնությունը։

Ընտրությունների արդյունքում ստացած ապտակներից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է ինքն իրեն մխիթարել ու ցույց տալ, թե իբր ընկճված չէ, կոտրված չէ ու դեռ մի բան էլ ուրախ է։ Ֆեյսբուքյան իր էջում նա մի գրառում է կատարել՝ ուղղակի կամ անուղղակի ձևով հայտնելով հետևյալ տեսակետները՝

1․Ես ու ՔՊ–ն համայնքներում պարտվել ենք, քանզի չենք կեղծել ընտրությունները,

2․Արցախը հանձնվեց, քանզի նախկինում միշտ կեղծվել են ընտրությունները, և հենց դա է եղել անվտանգությանը սպառնացող թիվ մեկ վտանգը,

3․Արցախը հանձնվեց, բայց «զատո» քվեարկության արդյունքները որոշում է ժողովուրդը,

4․Անվտանգության ու ժողովրդավարության միջև ես ընտրում եմ ժողովրդավարությունը։

Սրանք էին այն հիմնական մտքերը, որոնք նա փորձել է իր մուտիլովկայական ոճով փոխանցել դեռևս իրեն հավատացող «հոտին»։

Նկատենք, որ այդ բոլոր կետերում էլ նա «կռուտիտ» է լինում ու սխալ ձևակերպումներ տալիս։

1–ին կետի պահով պետք է նկատել, որ նիկոլենք բոլոր տեղերում էլ փորձել են կեղծիքներով, զոռբայությամբ ու այլ մեթոդներով հաղթել, կիրառել են աննախադեպ ճնշումներ, ամենակեղտոտ ձևով ընկել են ավագանու ցուցակներում ներգրավված մարդկանց ու նրանց բարեկամների հետևից, բայց չեն կարողացել հասնել իրենց ուզած արդյունքներին, քանզի Նիկոլի ու ՔՊ–ի հանդեպ այնքան մեծ է ատելությունը, որ որոշ տեղերում ՔՊ–ի հաղթանակը պայմանավորված է հակառակորդի սխալ աշխատանքով կամ պարզապես հակառակորդի բացակայությամբ (ինչպես օրինակ՝ Արմավիրում)։ Որտեղ քիչ թե շատ մրցակցային է եղել ընտրությունը, Նիկոլը պարտվել է։

Նիկոլի ձեռքին ճար լինել, մինչև վերջ կկեղծեր ամեն ինչ, բայց նա անտաղանդ է կազմակերպչական հարցերում և անգամ ընտրակեղծիքները չի կարողացել իրականացնել։ Համ էլ՝ այդքան հնարավոր չէ կեղծել։

Այս տարվա հունիսի 20–ին ընտրությունները կեղծվել են, բայց այդ կեղծված ձայներին ավելացել են նաև այն վախեցածների ձայները, որոնք ամեն գնով խաղաղություն էին ուզում և Նիկոլին չընդունելով հանդերձ քվեարկել էին ՔՊ–ի օգտին։ Հիմա նրանք հասկացել են, որ սխալվել են, որովհետև ոչ մի «Խաղաղության դարաշրջան» էլ Նիկոլը չի բերում։ Ճիշտ հակառակը։ Դրա համար էլ Նիկոլն այլևս լեգիտիմ չէ ու պարտվում է։

2–րդ կետի մասով Նիկոլն անկեղծ չէ։ Դա նրա հերթական կռուտիտն է՝ Արցախի հարցում իր մեղավորությունը լղոզելու նպատակով։

Այո՛, ընտրակեղծիքները հարվածել են մեր երկրին, բայց դրա հիմնադիր տեխնոլոգը Նիկոլի կողմից ԲԴԽ ղեկավար նշանակված Գագիկ Ջհանգիրյանն է։ Ընտրակեղծիքների ավանդույթն էլ ներդրվել է Նիկոլի սիրելի Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության տարիներին։ Այն Տեր–Պետրոսյանի, որին կրկին իշխանության բերելու համար Նիկոլը 2008–ի մարտի 1–ին 10 զոհի պատճառ դարձավ ու հետո ծլկեց դեպքի վայրից։

Հայաստանի հիմնական ընտրակեղծարարները Նիկոլի ներկայիս թիմակիցներն են, ինչի՞ մասին է խոսքը։

3–րդ և 4–րդ կետերում նշված մտքերը Նիկոլի էժանագին արդարացումն է և էժանագին հակադրումը։

Նա փորձում է հակադրել մեր երկրի անվտանգությունն ու ժողովրդավարությունը։ Հակադրում է Արցախն ընտրական իրավունքին։ Մինչդեռ այդ հարցերը «կա՛մ, կա՛մ» տրամաբանության մեջ դնելը սխալ է։ Մեզ և՛ անվտանգություն, և՛ ժողովրդավարություն է պետք։ Դրանք փոխլրացնող, այլ ոչ թե փոխբացառող բաներ են։

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը