Հարցազրույց

08.07.2011 15:23


Հայկ Խանումյան

Հայկ Խանումյան

Հարցազրույց «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ի նախագահ Հայկ Խանումյանի հետ

–Ղարաբաղյան համակամարտության շուրջն ընթացող բանակցություններն ինչպե՞ս կգնահատեք։

–Ղարաբաղյան հակամարտության շուրջն ընթացող բանակցությունները ես կանվանեի բանակցություններ բանակցությունների համար: Թեև ժամանակ առ ժամանակ լուծում գտնելու հույսեր են արթնանում տարբեր շրջանակներում՝ վերլուծաբաններից մինչև համանախագահող երկրների ղեկավարներ, սակայն վերջին պահին հակամարտող երեք կողմերից առնվազն մեկը սառը ջուր է լցնում այդ հույսերի վրա, ու լավատեսները բավարարվում են՝ փաստելով բանակցությունների շարունակական լինելը: Նմանատիպ մի վիճակ էլ ստեղծվել է այժմ: Իրականում ես համարում եմ, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ Ադրբեջանում և թե՛ Արցախում իշխանությունները պատրաստ չեն գնալ լուծումների: Այս երեք իշխանություններից ոչ մեկը պատրաստ չէ կամիկաձեի դեր ստանձնել: Ակնհայտ է, որ զիջումների գնալով՝ երեք երկրներում էլ իշխանությունները հայտնվելու են դավաճանների դերում: Վերջին տասնամյակում ազգայնական տրամադրություններն ավելի են սրվել, հասարակությունների մեջ մեծացել է անտագոնիզմը, ինչը բոլորին հեռացրել է հնարավոր լուծումներից:

–Ըստ ձեզ՝ ո՞ր փաստաթուղթն է այժմ դրված բանակցային սեղանին՝ մադրիդյան, թե՞ այլ։

– Փաստաթուղթը, որն այսօր դրված է սեղանին, բխում է համանախագահ երկրների՝ Աքվիլայում հնչեցրած Մադրիդյան սկզբունքներից կամ դրա տարբեր վարիացիաներն են և մեծապես ազդվել են «International crisis group»-ի 2005թ. «Լեռնային Ղարաբաղ. խաղաղության հաստատման ծրագիր» զեկույցի առաջարկություններից: Ի՞նչ է իրականում այսօր դրված սեղանին: Բաց աղբյուրներից եկող տեղեկատվությունը հուշում է, որ առաջարկվում է հայկական զորքերի դուրսբերում որոշակի շրջաններից, Արցախի անվտանգության բազմաշերտ ապահովություն, որը կարող է ներառել նաև խաղաղարար գործունեություն, աստիճանաբար որոշ շրջանների հանձնում Ադրբեջանին, առաջին հերթին՝ Աղդամի և Ֆիզուլիի, Արցախի միջանկյալ կարգավիճակ, ինչից հետո նախատեսվում է հանրաքվե կամ պլեյբեսցիտ՝ վերջնական կարգավիճակը որոշելու համար:

Ընդունելի՞ են արդյոք այս պայմանները կողմերի համար:

–Երեք երկրում էլ ազգայնական լուրջ ընդդիմություն կա այս պայմաններին, դրանք համարվում են դավաճանական և անընդունելի: Այս համատեքստում ամենահետաքրքիր իրավիճակը ստեղծվել է Հայաստանում: ՀՀ իշխանությունները կարծում են, որ երկրի ներսում վերոնշյալ պայմանների դեմ ընդդիմությունը շատ թույլ կլինի: Այս կարծիքը կյանքի իրավունք ունի, քանզի վերջին 3 տարիներին հարթակային ընդդիմությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, զիջումների գնալու հարցում պաշտպանել է իշխանություններին: Տարածքներ զիջելու հարցում Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի թիմերը դաշնակից են ու գաղափարակից: Չնայած սրան՝ Հայաստանում կան հստակ շրջանակներ, որոնք ամեն կերպ դիմակայելու են զիջումներ ենթադրող ցանկացած լուծման: «Ոչ մի թիզ հողի» կողմնակիցները գնալով ավելանում են ու հզորանում, սա արդեն նկատելի է նաև արտասահմանյան վերլուծական կենտրոնների համար: Իսկ ահա ՀՀ նախագահականին սպասարկող վերլուծական կենտորններն ի վիճակի չեն զգալ հանրության զարկերակը, շատ հաճախ կտրված են իրականությունից, կաբինետային կենտրոններ են, որոնք ոչ թե իրական պատկերն են դնում համապատասխան սեղաններին, այլ այն, ինչ դուր կգա սեղանի հետևում նստածներին:

–Ինչո՞վ եք պայմանավորում վերջին օրերի այս աշխուժությունը՝ ՌԴ ԱԳ նախարարն այցելեց Հայաստան, հետո գնալու է Ադրբեջան, Լավրովն իր հետ բերել է Դմիտրի Մեդվեդևի առաջարկները, տարածաշրջան են գալու նաև եռանախագահները և այլն։

–Վերջին օրերի ակտիվությունը կապված է Կազանի ֆիասկոյի հետ. ես դա ընկալում եմ որպես նախագահ Մեդվեդևի ջանքեր՝ փրկելու համար սեփական հեղինակությունը: Չեմ կարծում, թե լուրջ ճնշումներ կլինեն կողմերի վրա, սակայն վստահաբար մեզ կմատուցվի ակտիվ գործընթացի պատրանք՝ ամեն ինչ կրկին տեղափոխելու բանակցություններ բանակցությունների համար տրամաբանության մեջ:

–Մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք ԼՂ–ի հարցում ճանապարհային քարտեզի ստորագրումը։

–Չեմ կարծում, թե մոտ ապագայում հնարավոր կլինի ԼՂ-ի հարցում ճանապարհային քարտեզի ստորագրում, սակայն միջազգային իրավունքի հայտնի սկզբունքներին հղում կատարող հայտարարություններ, ինչ-ինչ կոմյունիկեներ չեմ բացառում: Զիջումների ճանապարհով հարցի լուծման բոլոր տարբերակները սպառել են իրենց: Կարծում եմ՝ առաջիկայում առաջնային պլան են մղվելու ազգային հզորությունն ավելացնելու պահանջները, մասնավորապես՝ վերաբանակեցման վերսկսման առումով: Ենթադրում եմ, որ ազգային շրջանակները Հայաստանում և Սփյուռքում սեպտեմբերից սկսած բավականին կակտիվանան, ինչը կներառի նաև Արցախը՝ իր յուրահատկություններով հանդերձ: Քաղաքական ուժերից առավել ազգային հարցերի կրողն ու լոկոմոտիվը կդառնան հասարակական կազմակերպություններն ու նախաձեռնությունները:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը