Տնտեսական

20.10.2021 17:01


Հայտնի է Ռուսաստանում Հայաստանից մեկնած վարձու աշխատողների թիվը

Հայտնի է Ռուսաստանում Հայաստանից մեկնած վարձու աշխատողների թիվը
Հայաստանից պաշտոնապես գրանցված վարձու աշխատողների թիվը Ռուսաստանի տարածքում կազմել է 202 հազար մարդ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Իյա Մալկինան՝ ներկայացնելով առաջին կիսամյակի տվյալները։
Ընդհանուր առմամբ, հունիսի վերջի դրությամբ, Ռուսաստանի տարածքում աշխատում էր ԵԱՏՄ երկրների 738 հազար քաղաքացի, որոնցից 385 հազարը՝ Ղրղզստանից, 202 հազարը՝ Հայաստանից, 81 հազարը՝ Բելառուսից, 70 հազարը՝ Ղազախստանից: Ընդհանուր թիվը գրեթե 40%-ով ավելի շատ է, քան 2019 թ.-ին։
Մալկինան հիշեցրել է, որ այդ հանրապետություններից անօրինական ներգաղթյալներին մինչև սեպտեմբերի 30-ը պաշտոնապես գրանցվելու հնարավորություն են տվել:
«Հանձնաժողովը դրական է գնահատում այն, որ չնայած սանիտարա-համաճարակաբանական սահմանափակումներին՝ աշխատանքի միասնական շուկան շարունակում է գործել»,- հավելել է նա։
Նշենք, որ ըստ ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրության, 2021 թվականի հունվար-օգոստոսամիսներին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել մոտ 281 միլիոն դոլար, իսկ զուտ ներհոսքը (Ռուսաստանից փոխանցումները Հայաստան, հանած Հայաստանից փոխանցումները Ռուսաստան) կազմել է 150 միլիոն ԱՄՆ դոլարից մի փոքր ավելի։
Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը