Մեկնաբանություն

15.10.2021 10:07


«Գեբելսյան» քարոզչամեքենայի տված վնասները

«Գեբելսյան» քարոզչամեքենայի տված վնասները

Ադրբեջանցիները երեկ կրակ են բացել Արցախի հարավային հատվածի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալներով ունենք 6 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ երկու օր առաջ էլ քաղաքացիական անձի էին սպանել ադրբեջանցիները, ապա կարող ենք ասել, որ 2020–ի նոյեմբերի 9–ից հետո սա առաջին լուրջ լարվածությունն է։ Թե ինչ կա սրա տակ թաքնված, պարզ կդառնա առաջիկայում։ Այս պահին պարզ է մեկ այլ բան՝ նիկոլական քարոզչամեքենան ավերածություններ է գործել ու գործում։

Ինչպես հայտնի է, 44–օրյա պատերազմի ընթացքում մենք տեսանք ստի, կեղծիքի և խաբեության հաղթարշավ։ Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Արծրուն Հովհաննիսյանն ամենօրյա ռեժիմով ստում էին ու «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո գիտակցաբար տանում մեր տղաներին մահվան։ Իրենք շատ լավ գիտեին, թե ինչ է կատարվում ռազմաճակատում, բայց տանում էին մահվան, որպեսզի, ինչպես Նիկոլն անկեղծորեն խոստովանեց, իրեն «Նիկոլ դավաճան» չասեն։ Եվ իրոք կասեին, քանզի նիկոլենք այնպիսի հաղթական–պոպուլիստական մթնոլորտ էին ձևավորել, իսկ ճիշտն ասողներին այնպես էին տուգանել ու փակել, որ եթե հանկարծ այդ մթնոլորտում ասեին՝ կանգնեցնում ենք պատերազմը, ապա իրոք դավաճանության մեջ կմեղադրվեին իրենց իսկ «հպարտների» կողմից։

Նիկոլենք քարոզով Գետաշենն ու Շահումյանն էին «ազատագրել» և համարյա մտնում էին Բաքու։ Այդ պայմաններում բնական է, որ հոկտեմբերի 7–ին կամ 19–ին կռիվը կանգնեցնելը կդիտվեր դավաճանություն։

Եվ ահա դավաճան չորակվելու ու դեռ մի բան էլ 25.000–ի կյանքը փրկողի դերում հանդես գալու համար Նիկոլը զոհասեղանին դրեց հազարավոր կյանքեր, հազարավոր վիրավորներ, տասնյակ հազարավոր անտուն մարդկանց, ազատագրված տարածքները, Շուշին, Հադրութը և Արցախի պետականությունը։

Նիկոլի տված վնասը, սակայն, դրանով չի սահմանափակվում։ Հարցականի տակ է հայտնվել ՀՀ ինքնիշխանությունը։ Զրոյացած է վստահությունը պետական ինստիտուտների ու հատկապես բանակի նկատմամբ։ Մեր երկիրը նիկոլենց պատճառով դարձել է ոչ լեգիտիմ ՀՀ քաղաքացիների մի ստվար հատվածի աչքերում։

Նիկոլ–Արծրուն–Արայիկ եռյակի ստի կայսրությունն այնպես է ոչնչացրել պետության ու պետական կառույցների նկատմամբ հավատը, որ երեկ Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ մարդիկ ոչ մի պաշտոնական լուրի չէին հավատում, հատկապես որ այն ադրբեջանականից ուշացած տրվեց։

Նիկոլի գործած ավերածությունները դեռ երկար են իրենց զգացնել տալու։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը