Հարցազրույց

01.07.2011 17:09


Թաթուլ Մանասերյան.

Թաթուլ  Մանասերյան.

Հարցազրույց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ

–Այսօր մի շարք մտավորականներ, այդ թվում և Դուք, ԱԺ նախագահին և  ՀՀ վարչապետին նամակ էին ուղարկել՝ կապված  արտագաղթի ահագնացող վտանգի հետ։ Կարո՞ղ եք մի քանի կետով նշել՝ որոնք են արտագաղթի հիմնական պատճառները։

–Մենք մեր նամակում հստակ կետերով նշել ենք, որ արտագաղթի հիմնական պատճառը ոչ միայն աղքատությունն է, այլև  կառավարման համակարգին առնչվող հիմնախնդիրները և, դրանցից ածանցյալ, բարոյական և հոգեբանական վատթարացող միջավայրը և այլն, և այլն։ Այս նամակը  բավական մանրամասնորեն մշակված է, և այնտեղ ներկայացված են նաև լուծման ուղիները, բայց  սա ամբողջը չէ։ Եթե ԱԺ–ն համաձայնվի, ու այս թեմայով լսումներ  անցկացվեն, ապա մենք հստակ մշակված ծրագիր ունենք, որը կարող է ներկայացվել և իրագործվել։ Այդպիսի որոշ հարցեր ես արդեն նշել եմ։ Դրանցից  առաջինն այն է, որ պետք է սահմանամերձ և լեռնային բնակավայրերը, որոնք  ամայացել են և ամայանում են, վերաբնակեցվեն, ամրացվեն, իսկ ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրերին դոտացիաներ տրամադրեն, պետբյուջեից հավելյալ հատկացումներ անեն ու դրանք ազատ տնտեսական գոտիներ հայտարարեն, որպեսզի կատարվեն լուրջ  ներդրումներ, և շահագրգռեն հատկապես տեղացի, ինչու չէ՝ նաև  արտասահմանցի ներդրողներին, այլապես մենք չենք կարող Երևանից գործարարներին տեղափոխել այնտեղ։ Անկախ  երկրում միակ մեխանիզմն արտոնություններ տալն ու ազատ տնտեսական գոտիներ ստեղծելն է։ Ամբողջ պատմության մեջ նման մեխանիզմ շատ է կիրառվել, օրինակ՝ Հոնկոնգը։ Այդ հատուկ պայմանները կարող են ժամանակավոր բնույթ կրել, և երբ պատերազմական կամ կիսապատերազմական այս վիճակը հաղթահարենք, կարող ենք վերադառնալ նորմալ ռեժիմի։ Շարունակելով պատմական էքսկուրսը՝ ասեմ, որ այն պահից, երբ Հոնկոնգը վերադարձվեց Չինաստանին, նույն տեմպերով շարունակեց զարգանալ, այսինքն՝ որևէ խզում չեղավ, այսինքն՝ կարևորը ճիշտ ռելսերի վրա գնալն է և առաջ  տանելն այն ճյուղերը, որոնք առաջնային են հատկապես այն բնակավայրերում, որոնք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն։

–Փորձագետները նշում են՝ իբր մեր կառավարությունում բավական կրթված մարդիկ կան։ Ի՞նչ եք կարծում՝  ի՞նչն է պատճառը, որ այսպիսի անարդյունավետ ծրագրեր են մշակվում։

–Թո՛ւյլ տվեք վերապահում անել։ Ես չեմ կիսում այն կարծիքը, որ կառավարությունում բարձր բանիմացության տեր մարդիկ են։ Փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր տարիներ, տասնամյակներ շարունակ դեմ են եղել մեր կողմից առաջարկված  հենց նույն ազատ գոտիների ծրագրին (ես ուզում եմ շեշտել, որ իմ կողմից 20 տարի առաջ է ներկայացվել, տարբեր  հոդվածներ եմ գրել), դեմ են եղել։ Ես շատ կասկածում եմ իրենց մասնագիտական կարողությունների վրա, քանի որ այդ նույն ծրագիրը մերժելով, երբ հանկարծ Ռուսաստանից եկավ հորդոր՝ ստեղծելու ազատ գոտիներ, անմիջապես վերցրին և ընդօրինակեցին այդ գաղափարները, որ տրվել էին, և միանգամից իրենցը դարձրին։ Ուրախ եմ, որ իրենցը դարձրին, բայց դա միայն նշանակում է, որ իրենք մասնագիտորեն սկզբունքային որևէ դիրքորոշում չունեն և բանալիներ չեն կարող ստեղծել, որովհետև կաղապարված  են՝ կապկելու այս կամ այն երկրի օրինակը։ Եղած ծրագրեր են մշակում, դնում սեղանի վրա, որոնք երբեք իրականություն չեն դառնում։ Ես խորհուրդ եմ տալիս Ձեզ բացել  կառավարության ծրագիրը և տեսնել՝ քանի կետ է իրականացվել, և ինքներդ կունենաք սեփական եզրակացություն։

–Իսկ  հասարակության բարոյահոգեբանական վիճակը շտկելու  համար  ի՞նչ պետք է արվի, չէ՞ որ եթե այսօր Դուք անգամ նոր ու լավ ծրագիր  առաջարկեք, մարդիկ կարող են այլևս չհավատալ։

–Թերահավատություն չի լինի։ Նույնիսկ այսօր նույն կառավարության կազմում կան շնորհալի մարդիկ, և նրանց աշխատանքը շատ լավ երևում է։ Մարդիկ, օրինակ, երբեք չեն ընդվզում էներգետիկայի նախարարի աշխատանքի դեմ և այլն, և այլն։ Կան մարդիկ, ովքեր  աշխատում են, բայց ամենակարևորը՝ պետք է թիմ լինի։ Եթե չլինի թիմ, որը գիտակցում է բոլոր առաջնահերթությունների անհրաժեշտությունը և համատեղ գործում, ոչ մի բան չի ստացվի։ Ամեն մեկն իր ոլորտը կարող է կայացնել, հաշվետվություններով ներկայացնել, որ հրաշալի գործ է արել կամ չի արել, բայց ընդհանուրի մեջ դա իչնպե՞ս է ներդաշնակվում, ինչքանո՞վ դրանք կգնան նպատակների մերձեցմանը՝ լրիվ այլ խնդիր է։ Այսինքն, մենք պետք է իսկապես լուրջ վերաբերվենք մեր երկրին, տեղայնացնենք լուծումներն ու պատասխանատվության զգացում ունենանք։ Մինչ օրս ես չեմ զգացել, որ այն մարդիկ, ովքեր  ձախողել են ոլորտը, պատժվեն։ Եթե դա չեղավ, ոչինչ չի շտկվի։

–Վերջին շրջանում անընդհատ ինչ–որ կադրային փոփոխություններ, տեղափոխություններ են լինում։ Սա հերթական աչքակապությո՞ւնն է։

–Դա միշտ էլ եղել է։ Որևէ նոր բան չեմ տեսնում։ Մինչև պատասխանատվության չենթարկվեն մարդիկ, ովքեր պաշտոններում ձախողվում են և որևէ պատասխանատվություն չեն կրում, որևէ արդյունք չի կարելի արձանագրել։

–Իսկ ի՞նչ կասեք երկրում ճգանաժամի  հաղթահարման մասին։

–Հակաճգնաժամային միջոցառումների  ծրագիրն այսօր ձախողված է։ Բացեք նայե՛ք, որ բոլոր կետերով ձախողված է։ Դա արդեն բավական է։ Հայաստանը շարունակում է մնալ ճգնաժամի մեջ։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը