Քաղաքական

14.10.2021 17:05


Հանցագործություն է եղել, Շուշիի թանգարանները չեն տարհանվել, համակարգային քաոս էր. Վարդան Ասծատուրյանը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

Հանցագործություն է եղել, Շուշիի թանգարանները չեն տարհանվել, համակարգային քաոս էր. Վարդան Ասծատուրյանը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

Հանցագործություն է կատարվել, որ Արցախում այդքան թանգարաններ մնացել են Ադրբեջանի մոտ, չեն տարհանվել, ԱԺ-ում «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատուրյանը։

«Պատերազմի ժամանակ շատ մոլորված վիճակ է եղել, շատերը չեն իմացել իրականությունը, այդ մոլորության պատճառով Շուշիի թանգարանների մի մասը չի տարհանվել։ Կան մեղավորներ։ Այդ ժամանակ համակարգային մոտեցում չի եղել»,-ասաց Ասծատուրյանը՝ նշելով նաև, թե իր սուբյեկտիվ կարծիքով դա եղել է չգիտակցված հանցագործություն։

Նա ասաց, թե Արցախի մշակույթի նախարարին չի մեղադրում, քանի որ, իր խոսքերով՝ նախարարը սրտանց ուզել է ամեն ինչ անել տարհանելու համար։ Նախարարը նույնիսկ իրեն զանգահարել և ասել է, որ տարհանում պետք է արվի։

«Ես հայտնի մարդ եմ, ինձ ճանաչում են, և եթե ամսի 20-ին Շուշիից սկսեի տարհանումը կատարել, կասեին մի բան գիտի, որ անում է, դրա համար չարեցի»,-ասաց Ասծատուրյանը՝ նշելով, թե երբ Հադրութից հայտնի մարդիկ տարհանումներ են արել, խուճապ է եղել։

«ՀՀ-ի պատկերասրահից եկել են, Շուշիից Հակոբ Գյուրջյանի երեք քանդակները վերցրել, որն իրենցն էր։ Իրենց աշխատանքը համարում եմ պրոֆեսիոնալ, քանի որ արարողակարգով են աշխատել. պատերազմ է՝ պետք է տարհանել»,-ասաց Ասծատուրյանը։

Նա պատմեց նաև, թե հետագայում զանգել է նախարարին, ասել, որ մեքենա է պետք տարհանում իրականացնելու համար, նախարարի համաձայնությունը եղել է, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ մեքենան չի տրամադրվել։

«Թանգարանում մնացել են գեղանկարներ, որոնք շատ լուրջ արժեք ունեն։ Քանի որ ինձ չեն թողել տարհանումն անել, իսկ թանգարանում լուրջ գեղանկարներ կային, Գառզու, Շահին և այլոց նկարներ, ես զանգահարել եմ կնոջս, որն այդ ժամանակ Երևանում եր գտնվում, ասել, որ համակարգային քաոս է։

Ինքը շտապօգնության մեքենայով գիշերվա 4-ին հասել է Ստեփանակերտ։ Իմ սեդան մեքենայի մեջ եմ դրել թանկարժեք նմուշներն ու Շուշիից դուրս գալիս զանգել Գրիգորի Մարտիրոսյանին (պետական նախարար), ասել՝ թողեք էս աղջկա հետ մեքենայով ուղարկեմ Գորիս, Գորիսից ուղարկեմ Երևան»,-պատմեց Ասծատուրյանը՝ մանրամասնելով, որ այդպիսով իր կնոջ հետ կարողացել է որոշ արժեքավոր նմուշներ տարհանել։

«Պատկերացրեք վիճակս, թուրքերն արդեն էդ ձորում, ես էդ աղջկան մենակ, մեքենայով, ասում եմ գնա, ոչ մի տեղ մի կանգնի։ Գորիսում զանգել եմ տղերքին, ասել, որ դիմավորեն։ Դա արդեն երկրորդ տարհանումն էր։ Այս ամենը պատմում եմ, որ բոլորի համար պարզ լինի, թե ինչ վիճակ է եղել։ Նախարարն ասում է՝ հիմա ասեմ էդ թուղթը գրեն, ու էդ թուղթը չի գրվում։ Երկրորդը՝ զանգում եմ, ասում եմ՝ գոնե մինչև Գորիս այդ ամենը տարվի, էլի չի թույլատրվում։ Եթե չլիներ իմ անձնական բաները, այդ ամենն էլ կմնար ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Հիմա այս ամենը պետք է սահուն անցնի քրեական դաշտ ու հասկացվի, քանի որ կոնկրետ հանցագործություն է եղել։ Մեզ պետք չի մեղավորներ փնտրել ցածր որակներում, այլ պետք է հասկանալ, թե ինչու այդ համակարգը, որը Հայաստանում աշխատել է, եկել են իրենց պատկանալիք իրերը Շուշիից հանել, իսկ մեր մոտ դա չի կատարվել։ Սա շատ կարևոր հարց է և եթե այս հարցի պետասխանը չստանանք ու այս ամենը անցնի գնա, լավ բաների չենք հասնելու»,-ներկայացրեց Վարդան Ասծատուրյանն՝ ընդգծելով, որ տատերազմից հետո լռելու իրավունք չունեն։

Մանրամասները՝ aysor.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը