Մեկնաբանություն

13.10.2021 16:49


Հայաստանը՝ թուրքական բլիթի ու ադրբեջանական մտրակի արանքում

Հայաստանը՝ թուրքական բլիթի ու ադրբեջանական մտրակի արանքում

Հայաստանի ինքնիշխանության մասին տարիներ շարունակ ճառեր ասող Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը միջազգային հարաբերություններում դարձրեց օբյեկտ։ Բոլորը փորձում են բանակցել ու կռվել Հայաստանի հարցով։ Նիկոլն ընդամենը ուշադիր հետևում է, թե ով է հաղթելու, որ դրան տրվի՝ «խաղաղության դարաշրջանի» թեմայով։

Թուրք–ադրբեջանական զույգի նպատակը Սյունիքն է։ Նրանք նախապայմաններ են առաջ քաշում։ Թուրքիան ստանձնել է բարի ոստիկանի դերն ու «դրական ազդակներ» է փոխանցում Նիկոլին։ Ադրբեջանը մտրակ է կիրառում՝ պաշտոնական Երևանից պահանջելով Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում, տրամադրել Սյունիքի միջանցքը և մոռանալ հայկական բանակը վերազինելու մասին։

Ճիշտ է, ադրբեջանաիրանական լարվածությունից հետո Ալիևի հռետորաբանությունը մի փոքր մեղմվել է, բայց ամեն դեպքում մտրակը դեռ կիրառվում է։

Նիկոլը հանել է Հայաստանի տարածքն աճուրդի ու սպասում է «խաղաղության դարաշրջանին»։ Իր համար հոգեհարազատը թուրքական սցենարն է։ Հատկապես երբ թուրքերն ամեն ինչ արեցին, որ ՀՀ–ում ռազմական հեղաշրջում չլինի ու Նիկոլը մնա աթոռին՝ հակառակ դեպքում սպառնալով նոր պատերազմով ու տարածաշրջանային ապակայունացմամբ։

Թուրքիան փորձում է ցույց տալ, թե, իբր, բարի է տրամադրված։ Հրանտ Դինքի պահով թուրքական իշխանությունների վարքագիծն այդ «բարի» շարքից է։

Իրականությունը, սակայն, այն է, որ թուրք–ադրբեջանական զույգն ամեն ինչ անում է, որպեսզի Սյունիքով կարողանա ցամաքային կապ հաստատել թուրքական աշխարհում։ Դրան դեմ են ՌԴ–ն ու Իրանը։

Թե ինչով կավարտվի այս մեծ կռիվը, դժվար է ասել։ Մեկ բան, սակայն, հստակ է։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում։ Պարտության ու խայտառակության խորհրդանիշը չի կարող խաղաղություն ու զարգացում ապահովել։ Նիկոլին հեռացնելը, հետևաբար, ռազմավարական ու անվտանգային նշանակություն ունի Հայաստանի ու Արցախի համար։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը