Քաղաքական

07.10.2021 14:53


Տարածաշրջանի տարանցիկ քարտեզը կփոխվի. իրանցի նախարարը՝ Հայաստանի հետ նախագծի մասին

Տարածաշրջանի տարանցիկ քարտեզը կփոխվի. իրանցի նախարարը՝ Հայաստանի հետ նախագծի մասին
Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Ղասեմին ասել է, որ Հայաստանի հետ համատեղ ենթակառուցվածքային նախագծերը թույլ կտան փոխել տարածաշրջանի տարանցիկ քարտեզը: Նա այդ մասին գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Նախարարի տեղակալներին հանձնարարված հատուկ առաքելության շնորհիվ Կովկասյան միջանցքի ու Նորդուզից Հայաստան տանող ճանապարհի խնդիրը կլուծվի, ու շուտով այդ տարածաշրջանի տարանցիկ քարտեզն ամբողջությամբ կփոխվի»,-ասել է Ղասեմին:

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր խնդիրներ են ստեղծել, պետք է իմանան, որ իրենք չեն փակի Իրանի ճանապարհը, միևնույն ժամանակ, «այրված կամուրջները» դժվար կլինի վերականգնել:
Նախարարն ակնարկում է, որ ադրբեջանցի ոստիկանները, որոնք տեղակայված են Գորիս-Կապան մայրուղում, իրանական բեռնատարներից ուղեվարձ են պահանջում:
Ավելի վաղ Երևանում կայացել էր աշխատանքային խմբի հանդիպում՝ «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները քննարկելու նպատակով: Նախագծին պաշտոնապես մասնակցում են Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։
Հանդիպման մասնակից երկրները մշակել են համաձայնագրի սևագիր տարբերակը։ Միջանցքը Հայաստանին թույլ կտա դիվերսիֆիկացնել մատակարարումները, ազատ օգտվել Իրանի նավահանգիստներից ու կարևոր տարանցիկ հանգույց դառնալ։
Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը