Մեկնաբանություն

01.10.2021 09:25


Ֆեյսբուքով նշանակված պաշտպանության նախարարը (տեսանյութ)

Ֆեյսբուքով նշանակված պաշտպանության նախարարը (տեսանյութ)

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվել է։ Նա կասկածվում է ռազմամթերքի մատակարարման կոռուպցիոն սխեմայում ներգրավված լինելու մեջ։

Տոնոյանը և՛ մինչհեղափոխական, և՛ հետհեղափոխական իշխանությունների սիրելին էր։ Հեղափոխությունից հետո նախկինները նրան սկսեցին չսիրել։ Հիմա նրան չեն սիրում նաև ներկաները։

Թե որքանով է Տոնոյանը մտած եղել կոռուպցիոն սխեմաներում, կպարզի նիկոլական համակարգը (որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ առանց Նիկոլի իմացության կոռուպցիոն սխեմաներ ու չարաշահումներ հնարավոր չեն)։

Եթե Տոնոյանը չարաշահած լինի իր դիրքն ու փող աշխատած լինի և եթե Նիկոլը որոշի, որ դատաիրավական համակարգը դա պետք է բացահայտի, ուրեմն Տոնոյանը «կնստի»։

Եթե Տոնոյանը թալանով զբաղված չլինի, բայց Նիկոլին քաղաքականապես պետք լինի, որ նա «նստի», ապա նիկոլական համակարգը «կնստացնի» նախկին նախարարին։

Եթե Տոնոյանը թալանով զբաղված լինի, բայց Նիկոլը նրա հետ գործարքի գնա ու պայմանավորվեն, ապա նա չի «նստի»։

Մի խոսքով, Տոնոյանը քաղաքական որոշման արդյունքում է դատվելու կամ չդատվելու՝ կոռուպցիան դեռևս 2018–ին միտինգային հայտարարությամբ վերացրած Նիկոլի Հայաստանում։

Ի դեպ, Տոնոյանն էլ համարյա միտինգային միջավայրում ծնված նախարար էր։ Նրան պաշտոնի նշանակեցին ֆեյսբուքյան գրառմամբ։ Բանակի հետ կապ չունեցող քայլարածներից մեկը՝ «Օմեգան», գնահատականներ հնչեցրեց ֆեյսբուքյան իր էջում, թե բա Տոնոյանն ի՞նչ վատ պաշտպանության նախարար կլինի որ։ Այդ գրառումից հետո պարզ էր, որ Տոնոյանն է հեղափոխականների սրտի պաշտպանության նախարարը։

Տոնոյանն իր հերթին մտավ հեղափոխական նախարարի դերի մեջ։ Սկսեց «Ռեմբո» խաղալ, կինոյի մեջի տղա ներկայանալ, անհրթիռ, թանկարժեք ու սելֆիացու ՍՈՒ ինքնաթիռի մեջ Նիկոլի հետ նկարվել՝ «Դուք շարժվում եք, պարո՛ն վարչապետ, իմ մոտ էլ ա շարժվում» թեմայով։ Երբեմն էլ պարել կամրջի վրա՝ Նիկոլի «լայվի» համար տեսարաններ ապահովելով (տե՛ս կից տեսանյութը)։

Նիկոլը «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» (կյանքը ցույց տվեց, որ նրա վարած իրական քաղաքականությունը «Արցախի պետականություն՝ նիսյա «խաղաղության դարաշրջանի» դիմացն» էր) բանաձևի շրջանակներում էր Ադրբեջանի հետ բանակցում ու կյանքի կոչում Բոլթոնի պլանը, իսկ Տոնոյանը «հպարտ» քաղաքացիների համար ապահովում էր սպասվող կապիտուլյացիայի քողածածկույթը, թե բա «նոր պատերազմ, նոր տարածքներ»։

Հետո եղավ Արցախյան նոր պատերազմ, բայց չեղան նոր տարածքներ։ Ավելի ճիշտ՝ նոր տարածքները եղան, բայց թշնամու վերահսկողության տակ։ Կորցրեցինք Արցախի պետականությունը, հսկայական տարածքներ մնացին թշնամուն, ունեցանք հազարավոր զոհեր, կան տասնյակ հազարավոր անտուն մարդիկ։

Բոլորի համար էլ պարզ է, որ այս ամենը դավաճանության կամ առնվազն ծայրահեղ հիմարության հետևանք է։ Զինվորական ղեկավարությունն աղետը կանխելու համար պատերազմի օրերին քայլեր չարեց։ Քայլեր չարեց նաև պատերազմից հետո։

Զինվորական ղեկավարությունը քաջություն ու արժանապատվություն չունեցավ անգամ ինքնասպան լինելու և սպայի պատվով հեռանալու։ Տոնոյանը մի հայտարարություն արեց ու հեռացավ պաշտոնից։ Այսօր նա պետք է եկել Նիկոլին որպես կալանավոր։ Գոնե հիմա կխոսի՞ Տոնոյանը, թե՞ ․․․

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը