Մեկնաբանություն

19.08.2021 11:22


Ջո Բայդենի մեսիջը հայ ժողովրդին

Ջո Բայդենի մեսիջը հայ ժողովրդին

Ամերիկացիներն Աֆղանստանից փախան այնպես, ինչպես Վիետնամից։ Այսինքն՝ խայտառակ ձևով։ Պարտված։

Վիետնամից ամերիկացիները մազապուրծ փախան։ Այդ փախուստի խորհրդանիշը դեպի ուղղաթիռ մագլցող մարդիկ էին։ Վիետնամական Սայգոնում արված այդ ֆոտոն մնաց պատմության մեջ որպես ամերիկյան պարտության վկայություն։ Համանման ֆոտո ստացվեց նաև Աֆղանստանում, որտեղ ԱՄՆ դեսպանին Քաբուլից փախցնում էր դեսպանատան շենքի վրա իջած ուղղաթիռը։ Ամերիկյան դիվանագետները ոչ թե հեռանում, այլ տարհանվում էին տարածքից։

ԱՄՆ 20 տարի մտել էր Աֆղանստան, զինում ու կառուցում էր, այսպես կոչված, աֆղանական ազգային բանակը, սակայն այն փլվեց թղթե տնակի պես։ Թալիբների մոտիվացիան հազարապատիկ ավելի էր ու նրանք հաղթեցին։

ԱՄՆ–ը ժողովրդավարություն տարածելու անվան տակ 20 տարում մոտ 500 հազար քաղաքացիական բնակիչ է սպանել Աֆղանստանում ու բնական է, որ պետք է փախչի թալիբներից։

Ի՞նչ պետք է սովորեն հայերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձել է մի կերպ փրկել ԱՄՆ դեմքը։ Նա հիմնավորել է իրենց փախուստը՝ հայտարարելով, որ եթե աֆղանական բանակը չի ուզում կռվել ինքն իր համար, ապա դա չեն անի ամերիկացիները։

Բայդենի ասածներն ուղղակի մեսիջ են հայ ժողովրդին։

Մեսիջ 1–ին

Սեփական երկրի անվտանգությունն ապահովելու համար նախևառաջ պետք է ապավինել սեփական բանակին։

Մեսիջ 2–րդ

Եթե պետությունը չի ուզում պաշտպանել իր սահմաններն ու անվտանգությունն ապահովելու համար դիմում է այլ երկրների օգնությանը, ապա դա կարող է ողբերգական ավարտ ունենալ տվյալ պետության համար։

Մեսիջ 3–րդ

Դաշնակիցներն օգնում են քեզ այն ժամանակ, երբ ինքդ քեզ ես օգնում։

Մեսիջ 4–րդ

«Արևմուտքը մեզ կփրկի» թեզը դատարկ է, քանզի Արևմուտքը ոչ մեկին չի փրկում, բացի իրենից, այն էլ՝ կասկածելի հաջողությամբ։

Արևմուտքը կարող է մենակ թողնել իր կողմից «փրկվող» ժողովրդին կամ պետությանը, ինչպես որ դա արեց, օրինակ, Սիրիայում քրդերի պահով կամ Աֆղանստանում։

Հայերս պետք է հետևություններ անենք այս ամենից։ Բոլոր նրանք, ովքեր ներքին կյանքի խնդիրներն ու մեր անվտանգության հարցերը պայմանավորում են բացառապես արտաքին կողմնորոշումներով՝ կա՛մ հակահայկական դիվերսանտներ են, կա՛մ ապուշներ։

Մեր տարածաշրջանի առանձնահատկությունները հաշվի առնելով էլ կարող ենք ասել, որ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հայ–ռուսական հարաբերությունների դեմ ու հայտարարում են, թե բա Արևմուտքը մեզ կօգնի՝ որպես կանոն թուրքական գործակալներ են։ Գործակալներ, որոնք փորձում են քողածածկվել արևմտամետի անվան տակ, թեև 2018–ի «թավշյա» թյուրիմացությունից հետո արդեն չեն էլ փորձում քողածածկվել։

Ի դեպ, ՌԴ–ի մասով էլ պետք է միշտ հաշվի առնել, որ այդ երկիրն ունի իր շահերը և իր հնարավորությունները։ Եթե ՀՀ–ն իր սուբյեկտայնությունը չվերականգնի, ապա Մոսկվան չի ուզի ու չի էլ ցանկանա դաշնակցել և մեր անվտանգության հարցերին կմիջամտի այնքանով, որքանով որ իր կարմիր գծերն են թույլ տալիս։ Այնպես որ ՌԴ–ի հետ մեր ռազմավարական կապերն ամրապնդելու համար պետք է ոտքի կանգնել ու գտնել սեփական «ես»–ը։ Հակառակ դեպքում Հայաստանն ու Արցախը կխժռվեն թուրք–ադրբեջանական տանդեմի կողմից։

Ամփոփում

Եվ այսպես, մենք նախ պետք է մեր ուժերին ապավինենք, մեր բանակը կառուցենք, հետո նոր ակնկալենք դաշնակիցների հարգալից վերաբերմունքը։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ սահմանների պաշտպանության հարցը հանել է աճուրդի ու խաղաղություն է մուրում թշնամուց։ Դա հանգեցնելու է նոր կորուստների, նոր ավերածությունների, նոր ողբերգության։ Հետևաբար՝ քանի դեռ Նիկոլը չի վռնդվել պետության կառավարման ղեկից, Հայաստանն ապագա չի ունենալու։ Ավելի ճիշտ ունենալու է դաժան ապագա։ Գրեթե ամեն օր արձանագրվող զոհերը վկա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը