Քաղաքական

19.08.2021 00:28


Իրինա Յոլյանը չկալանավորվեց. ձերբակալված բոլոր կանայք ազատ են արձակվել

Իրինա Յոլյանը չկալանավորվեց. ձերբակալված բոլոր կանայք ազատ են արձակվել

Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանն ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց Իրինա Յոլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Էդգար Արամյանը։

Նշենք, որ ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մերժել էր Գորիսի համայնքապետարանի 66-ամյա աշխատակցուհուն՝ Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը՝ արձանագրելով, որ բացակայում են կալանավորման հիմքերը։ Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհի Արմինե Չոպչունցին կալանավորելու մասին միջնորդությունը ևս մերժվել է դատարանի կողմից: Կալանավորվել է միայն Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, որի վերաբերյալ միջնորդությունը քննվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Վերջինս կրկին աչքի ընկավ իր ծառայամտությամբ ու չորս երեխաների հորը, որը նաեւ մասնակցել է պատերազմին, կալանավորելու որոշում կայացրեց:

Ի դեպ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադառնալով Գորիսի ձերբակալություններին` նշել էր, որ ոստիկանության ծառայողները բոլոր բերման ենթարկվածներին, այդ թվում՝ 3 կանանց, մեքենայով տեղափոխելու ողջ ընթացքում եղել են դիմակներով ու ինքնաձիգներով զինված: Ավելին՝ ձերբակալման ընթացքում իրականացվել է տեսա և լուսանկարահանում՝ անձանց, այդ թվում՝ կանանց կամքին հակառակ։

«Կանանցից մեկն էլ պահանջել է դադարեցնել նկարահանումը, քանի որ դա արվել է իր արժանապատվությունը ոտնահարող եղանակով, սակայն նրանք չեն դադարեցրել տեսա և լուսանկարահանումը: Ի պատասխան այս պահանջի, ոստիկանները նշել են, որ եթե այդ կերպ պահանջկոտ է, ուրեմն առաջինն իրեն են նկարահանելու»,֊հայտնել է ՄԻՊ֊ը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել են երեկ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը