Մեկնաբանություն

29.07.2021 11:39


Ինչ է ուզում Իլհամը և ինչ է տալու Նիկոլը

Ինչ է ուզում Իլհամը և ինչ է տալու Նիկոլը

Կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ինքը կանգնեցներ պատերազմն ու բանակցություններով գնար զիջումների, ապա իրեն կասեին «Նիկոլ դավաճան»։ Ու որպեսզի իրեն չասեն դավաճան, ինքը հազարավոր զոհեր տվեց, զիջեց ավելի շատ, քան դա կլիներ բանակցությունների դեպքում ու ինքնահռչակվեց ․․․ փրկիչ։

Նիկոլն ասեց, որ ինքը ոչ թե հազարավորների գլուխն է կերել, այլ 25–30 հազարի է փրկել։ Հետագայում այդ բանաձևը կիրառվեց տարբեր իրավիճակներում, երբ զիջումը ներկայացվում էր ոչ թե որպես դավաճանություն, հակապետական քայլ և այլն, այլ փրկարարություն։

Նիկոլի նոր առաքելությունը

Հիմա Նիկոլը կրկին փրկչի դերի մեջ է մտնում։ Նա նոր զիջումների է պատրաստվում և պատրաստում բազմաչարչար հայ ժողովրդին։ Իսկ Ադրբեջանն այդ ընթացքում կրակում է։

Իլհամն ուզում է՝

– սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա, որոնց արդյունքում ինքը Հայաստանից ձգտելու է պոկել նոր տարածքներ,

–Սյունիքի միջանցք՝ Նախիջևանի ու Թուրքիայի հետ ցամաքային կապի համար,

–Արցախի հարցի վերջնական թաղում, բանակցային թեմայի ամբողջական փակում՝ Արցախը հայաթափելու և այն Ադրբեջանի կազմում ներառելու հեռանկարով,

–ռուսական զորքերի դուրսբերում Արցախից։

Նիկոլը վախենում է առարկայական բանակցել դեմարկացիայի ու դելիմիտացիայի թեմայով և ժամանակ է ձգում։ Ինքը պատրաստ է տալ հանուն «խաղաղության», բայց վախենում է ներքին ընդվզումից։ Արցախի հարցով էլ կմկմում է։

Ինչ վերաբերում է հիմնական դերակատարներին, ապա Թուրքիան պահանջում է արագացնել սահմանների ճշգրտումը։

Ռուսաստանը պահանջում է կոմպրոմիս գտնել ու չկրակել՝ ուղիղ ասելով, որ Արցախի հարցը Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների տիրույթից դուրս է, քանզի Արցախը դե ֆակտո արդեն ռուսական տարածք է։

Նիկոլը պատրաստ է ամեն ինչ տալ։ Նա ցանկացած գնով «խաղաղություն» է ուզում, բայց այնպես, որ ինքը ոչ թե դավաճան, այլ փրկիչ ընկալվի։ Ադրբեջանական կրակոցներն ու մեր զոհերը տալիս են նրան այդ հնարավորությունը։ Ամբողջությամբ քանդված հայ ժողովուրդն այժմ ամեն գնով խաղաղության է ձգտում՝ «Ամեն ինչ տանք, մենակ թե խաղաղ ապրենք» թեմայով։ Եվ ահա հայտնվում է Նիկոլ–փրկիչը և Հայաստանի տարածքի հաշվին ապահովում է «խաղաղություն»։

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանը «փրկում» է Նիկոլը, քանզի ախորժակն ուտելիս է բացվում ու Ադրբեջանը ձգտելու է մինչև Երևան։ Այնպես որ, Նիկոլ–փրկիչն իրականում Նիկոլ–ավերիչ է։ Այլ հարց է, որ ոմանց դա չի հետաքրքրում, քանզի իրենք մտովի դուրս են գրել պետությունն իրենց մտքից։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը