Տնտեսական

15.07.2021 15:01


«Փաշինյանն ասել է՝ ապագա կա՛, ընտրել եմ իրեն, բայց սխալվել եմ». բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)

«Փաշինյանն ասել է՝ ապագա կա՛, ընտրել եմ իրեն, բայց սխալվել եմ». բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց այսօր վաղ առավոտից մի խումբ ՀՀ քաղաքացիներ՝ «Դինամո» հանրապետական մարզադաշտի մոտ գտնվող «Քրջի շուկա» անունը ստացած հնամաշ իրերի առևտրով զբաղվողները, բողոքի ակցիա էին անցկացնում։

Ասում էին՝ շաբաթվա մեջ միայն 2 օր են աշխատանքի գնում՝ շաբաթ-կիրակի, սակայն նախորդ շաբաթ ոստիկաններն արգելել են աշխատել, ասել են՝ այլևս այստեղ չի թույլատրվում առևտրով զբաղվել․

«Առավոտ ժամը 6-ից եկել են, ոչ ոքի չեն թողել, որ ապրանք փռեն, ոչ էլ զգուշացրել էին մեզ, որ շաբաթ օրը գալու ենք՝ չթողնեն․․․»,-դժգոհեց առևտրականներից Գայանե Մովսիսյանը։

Կնոջ խոսքով՝ ինքն էլ, որդին էլ պատերազմի մասնակից են, որդին վիրավոր է, չի աշխատում, և 5 թոռների խնամքը մնացել է իր ուսերին, իսկ այս որոշումից հետո անգամ բնակարանի վարձավճարը չեն կարող տալ․

«Խնդրում եմ, որ թույլ տան մեր ապրանքները վաճառենք, որովհետև վարձով եմ ապրում, տղես կռված է, վիրավոր է, 5 թոռնիկ ունեմ․ ինքս էլ քառօրյային կռվել եմ․․․ Հիմա ես ոչ աշխատանք ունեմ, ոչ գումար ունեմ, տան վարձն էլ չտամ, իմ երեխեքի կրիշը կկորցնեմ, կմնան դրսում՝ փողոցում․․․»։

Տիկին Գայանեն ասում է՝ իրենց այլ տեղ առաջարկել են, որոշ ժամանակ տեղափոխվել են, բայց առևտուր չի եղել, պայմաններն էլ ահավոր են եղել, այդ իսկ պատճառով վերադարձել են հին տարածք․

«600 դրամ ուզում են տեղին, 1500 ուզում են պահեստին, առևտուր էլ չի լինում, որ կարողանանք իրանց ուզած գումարը տանք իրենց։ Հնարավոր չի ընդեղ, ցուրտ, ծմակ տեղ է․ սոված կմեռնենք մենք, եթե առևտուր չլինի, ուզում են սպանե՞ն մեր ժողովրդին, ի՞նչ անենք, ո՛չ աշխատանք կա, ոչ մի հնարավորություն չկա․․․»։

Ակցիայի մասնակիցներից տարեց մի տղամարդ էլ, որ ներկայացավ՝ որպես անապահով ժողովրդի ընտրյալ, ասաց․

«Անապահով ժողովուրդն առևտուր է կազմակերպում «Դինամո» մարզադաշտի դիմաց, որտեղ եկել է Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի պետը և արգելել է առևտրով զբաղվել։ Ոչ մի փաստաթուղթ չտալով, որ մի իրավասություն չունենալով, ժողովրդին արտաքսել են, չեն թույլատրել, որպեսզի ժողովուրդը հանապազօրյա հացն աշխատի․․․»։

15 տարի նույն տարածքում ծորակներ, աշխատանքային գործիքներ վաճառող Վասյա Չափանյանն էլ ասում է, որ իրենք ոչ մի կարգ չեն խախտում, պարզապես տարածքից 2 բնակիչ բողոքել են, և դա էլ հիմք է հանդիսացել, որ իրենց այդ տարածքից հանեն։ Ինչ վերաբերում է Հրազդան մարզադաշտի տարածք տեղափոխվելու առաջարկին՝ իրենք այլ բան են մտածում․

«Երևի պետք է, որ այնտեղ շատ մարդ լցնեն, որ փող աշխատեն, էդ ա դուրս գալիս, դա մեր կարծիքն է․ մեր հացին վայիս են լինում, մենք այդ 2-օրյա աշխատելով ենք ընտանիք պահում։ Մենք քաղաքապետին բողոքելու միտք չունենք, եկել ենք Փաշինյանին ենք բողոքում, որ տեր կանգնի էս խեղճ ժողովրդին, եթե տեր չի կանգնելու, ուրեմն տանի լցնի ձորը, պրծնի․․․»։

Դիտարկմանը, բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ապագա կա՛, մեծահասակ տղամարդն ասաց․

«Ես ընտրել եմ իրան, ասել է՝ ապագա կա՛, բայց հիմա, որ տենում եմ՝ էս ա իմ ապագան, սխալվել եմ․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը