Լրահոս

17.06.2011 14:31


Ինքնաթիռի ուղևորին ձերբակալել են տաբատը չբարձրացնելու համար

Ինքնաթիռի ուղևորին ձերբակալել են տաբատը չբարձրացնելու համար

Սան–Ֆրանցիսկոյի օդանավակայանում ձերբակալել են 20–ամյա մարզիկ Դեշոն Մարմանին այն բանից հետո, երբ նա հրաժարվել է «US Airways» ավիաընկերության աշխատակիցների խնդրանքով բարձրացնել ցած իջած իր տաբատը։ Միջադեպը տեղի է ունեցել օդանավի թռիչքից մի փոքր առաջ։ Սան–Ֆրանցիսկոյի ոստիկանության փոխանցմամբ՝ ընկերության աշխատակիցները Մարմանին խնդրել են տաբատն այնպես բարձրացնել, որ տակից ներքնաշորը չերևա, ինչին ի պատասխան՝ ամերիկյան ֆուտբոլային թիմի խաղացողը հայտարարել է, թե պարտավոր չէ կատարել ավիաընկերության աշխատակիցների պահանջը ու թռչելու լիիրավ իրավունք ունի։ Այդուհանդերձ, ֆուտբոլիստին խնդրել են լքել օդանավը։ Մարմանն ընդիմացել է և զբաղեցրել իր տեղը։ Դրանից հետո օդանավի կապիտանը կապ է հաստատել ոստիկանների հետ և օգնության կանչել։ Ի վերջո, Մարմանին դուրս են հանել օդանավից։ Այդ ընթացքում նա ընդդիմացել է և հրաժարվել ձեռնաշղթա հագնել։ Երիտասարդին կալանավորել են և մի քանի կետով մեղադրանք առաջադրել։

Թեև «US Airways»–ը հագուկապի հատուկ սահմանած չափորոշիչներ չունի, սակայն ավիաընկերության աշխատակիցներն ասել են, թե Մարմանի տեսքն իրենց անընդունելի է թվացել։

Իր հերթին Մարմանի մայրն իր որդու պահվածքը բացատրել է վատ տրամադրություն ունենալով. նա Սան–Ֆրանցիսկո է վերադառնալիս եղել ընկերոջ հուղարկավորությունից։

Գոտկատեղից ներքև տաբատ կրելու հարցը բազմիցս բարձրացվել է ամերիկյան հասարակության շրջանում։ ԱՄՆ որոշ բնակավայրերում իջեցված տաբատներ կրելն արգելված է և պատժվում է տուգանքներով։

Այս խորագրի վերջին նյութերը