Քաղաքական

07.07.2021 15:16


Ռուս սահմանապահները կտեղակայվեն Կութում. տարածք են ընտրել՝ տեղակայելու տնակները. ժամկետն այսօր լրացել է

Ռուս սահմանապահները կտեղակայվեն Կութում. տարածք են ընտրել՝ տեղակայելու տնակները. ժամկետն այսօր լրացել է

Ռուս սահմանապահները պետք է շուտով տեղակայվեն Կութ գյուղում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Գեղարքունիքում սահմանները հսկողության տակ կվերցնեն ռուս սահմանապահները։

Չիտչյանը տեղեկացրեց, որ Կութում սահմանները դեռևս հսկում են զինվորները։ Երկու շաբաթ առաջ գյուղում են եղել հրամկազմի ներկայացուցիչները, տարածքներ են դիտարկել՝ տեղակայվելու համար, ապա հայտնել, որ 15 օրից կգան, այսօր լրացել է ժամկետը, բայց գյուղում սահմանապահներին դեռ չեն տեսել։

«Իրենք եկել են, մեզանից տեղ պահանջել, հարմար տեղ հարցրել՝ որտեղ պետք է բազա դնեն։ Ասել են պատրաստի դոմիկները ֆուռերով բերելու են դնեն։ Մենք ցույց ենք տվել՝ ջրին էլ է մոտիկ, հարմար, լուսավորության մասով էլ է հարմար։ Նրանք նկարեցին, ասեցին 15 օրից կգան։ 15 օրը լրացել է ու լսեցի, որ արդեն կան, դաժե ընտանիքով եկած ռուսներ կան։ Բայց մեր մոտ ոչ մեկ չի եկել»։

Ըստ Չիտչյանի, ռուս սահմանապահները տեղակավելու են գյուղից վերև։ Վերջիններս իրենց հետ բերելու են պատրաստի տնակներ ու տեղադրեն տարածքում։

«Չգիտեմ հետագայում ինչ կանեն, ինչ կսարքեն, ոնց կանեն, բայց իմ կարծիքով, եթե ադրբեջանցիները մի քանի մետրով կամ կիլոմետրով էն կողմ գնան, մերոնք էլ էս կողմ գան, ռուսը մեջտեղում կանգնի՝ պարզ է, որ մեզ ապահով կզգանք»։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում լուսանկար էր հրապարակվել, որ Գեղարքունիքի ճանապարհին էին ռուս սահմանապահները՝ ռուսական դրոշներով։ Վերջիններս տեղակայվելու են սահմանային հատվածում։

Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած իրավիճակը հանգուցալուծելու համար վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից։ Փաշինյանն առաջարկում էր այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներ, որից հետո նույն այդ դիտորդների մասնակցությամբ կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք։

Այս խորագրի վերջին նյութերը