Մեկնաբանություն

07.07.2021 15:54


Անհայրենիք խաղաղասիրության «պերֆեկտ» ապագան

Անհայրենիք խաղաղասիրության «պերֆեկտ» ապագան

Մորթի տարվող ոչխարներին գայլերն ասացին, որ ապագա կա, որ իրենք էլ, ոչխարների նման, խաղաղություն են սիրում: Եվ ոչխարները համերաշխ մղվեցին մորթվելու՝ չնայած ամեն մորթվողի հետևից կանգնածը կարծում էր, թե դիմացինը վերջինն է, իսկ մորթվողն էլ չէր մոռանում նախքան շունչը փչելը՝ հոգեվարքի մեջ խռխռացնել, որ «սաղ նախկիններն են մեղավոր, իսկ նիկոլն աստված է, որը փրկեց իրենց կյանքը…»: Գայլերն էլ էին ուրախ: Ու, հա, միանգամայն խաղաղ էին, երբ խնջույքի նստեցին՝ Իջևանլուի գլխավոր մզկիթում նամազ անելուց հետո…

Այդ նույն ժամանակ «Perfect»-ակերպ լուրեր կտարածվեն, որ... «Հայ վերաբնակների երկրորդ խումբը բարեհաջող հասավ Մարսի գաղութ. Տիեզերքը ջղակծկված է...»:

Բայց «պերֆեկտոտ» զուգահեռ ու երևութական աշխարհից վերադառնանք մեր դժոխային իրականություն, որն, անկասկած, նիկոլի ու իր 666 հազար հընդրողների երանելի ապագան է: Երեկ, օրինակ, դեռևս ՀՀ-ից նիկոլի կողմից չօտարված ու իր սիրելի թուրքերին չնվիրած Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել: Մեր կողմից, ըստ տարածված հաղորդագրության, կա մեկ թեթև վիրավոր: Հաղորդվում է նաև, որ ադրբեջանական կողմը ունի 2 վիրավոր: Ու, եթե դա ադրբեջանական թուրքերը չեն իրար վրա կրակել, ապա մնում է ենթադրել, որ հայկական կողմից է պատասխան կրակ եղել: Հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում, թե ինչ պատժի են ենթարկվել թուրքերի վրա կրակել համարձակված և անգամ 2 թուրք վիրավորած հայ զինվորականները: Ի վերջո, կատակ բան չէ ՀՀ վերջապետի սիրելի թուրքերին վիրավորելը, դա չի կարելի անպատիժ թողնել:

Ինչ վերաբերում է բուն վերջապետին, ապա գիտեք, հողատուն գնացել է Մոսկով: Ըստ գրաֆիկի՝ Պուտինի կոշիկները լպստելու հերթական սեանսն է: Դե մեկնումեկը պիտի՞ նիկոլին փոխանցի, թե Ռուսաստանն ու Թուրքիան, Ադրբեջանը ինչ են պայմանավորվել Հայաստանի նախկին հանրապետության տարածքների վերաբերյալ, ինչն են հիմա տալիս, ինչը՝ մի քանի օրից:

Ի դեպ, մի ուրույն հետազոտության նմուշ են ՀՀ քաղաքական դաշտում բնավորված, անգամ ընտրությունների մասնակցած հումանոիդալ նմուշները, որոնք հաջողացնում են միաժամանակ և՛ Ռուսաստանին ու Պուտինին հայհոյել, և՛ Պուտինի մաշիկները լիզող նիկոլի արնոտ թաթը լպստել: Ինչևէ, ինչպես ասում են՝ Գռզոյի փողերին մունաթ...

Հա, հիմնականը: Շատ է խոսվում այն մասին, որ Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստում են այն «խաղաղության պայմանագիրը», որը նիկոլին կտան ստորագրությունը դնելու: Կարճ ասած՝ «դարավոր խաղաղություն» է կնքվելու Ադրբեջանի և..., կներեք, Հայաստանի միջև՝ ի դեմս անազգ-անհայրենիք ոմն նիկոլի:

Ի՞նչ է դա նշանակելու, ընդհանուր առմամբ կռահելի է, մանավանդ, որ ոչ մեկը դա մի հատուկ գաղտնիք չի էլ համարում: Կհիշեք հրապարակված գաղտնազերծումը, որի վերաբերյալ նիկոլը հայտարարեց, թե նաղդ ստորագրող է: Դա ընտրություններից առաջ էր, իսկ հիմա էլ մոտեցել է «նաղդ ստորագրելու» պահը:

Դա նշանակում է, օրինակ, որ նիկոլը թուրքերին է հանձնելու Հայաստանի տարածքի մի որոշակի մասը, ինչպես օրինակ, այն բնակավայրերն ու դրանց շրջակա տարածքները, որոնք նիկոլական քարոզիչները, սեփական ազգությունն ուրացած, մարմինների որոշակի հատվածը պատռելով ներկայացնում էին որպես «ադրբեջանական անկլավներ»: Խոսքը, կհիշեք, Տավուշի մարզի մի զգալի հատվածի մասին է, Արարատի մարզի հանգուցակետային մի հատվածի, ինչպես նաև՝ Սյունիքի մարզից շերտերով «միջանցքներ» տրամադրելու:

Եվ ահա, Պուտինից լրացուցիչ ճշտումներն ստանալու համար նիկոլի՝ Մոսկվա բերման ենթարկվելու նախօրեին թուրքերը Վերին Շորժայում կրակ են բացում: Դա նշված այցի կոնտեքստում է, մեծ հաշվով:

Ինչ վերաբերում է անհայրենիք խաղաղասերների երազած ապագային, ապա այն ևս միանգամայն նշմարելի է: Խաղաղասիրությունից մղված՝ թուրքերին կնվիրեն ամբողջական բնակավայրեր, հիմարաբար կարծելով, որ վերջ, այլևս եղբայր թուրքերի հետ խաղաղ են ապրելու: Կապրեն, ինչպես չէ: Թուրքերը կգան, կբնավորվեն, կտնավորվեն: Բայց դրանք չեն լինելու սովետի վախտվա էժանով կանաչի ծախող թուրքերը: Դրանք լինելու են նիկոլի շնորհիվ հայերին հաղթած թուրքերը, որոնք երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին «հավեսի համար» կրակելու են մոտակայքում ապրող կամ իրենց գյուղի մոտով անցնող հայերի վրա, երեքշաբթի կովեր են գողանալու հարևան դատարկվող հայկական գյուղերից, հինգշաբթի օրերին կին են բռնաբարելու, իսկ շաբաթ-կիրակին էլ դժգոհելու են իրենց բաղերում մի փոր հացի դիմաց աշխատող հայ նոքյարների ծուլությունից:

...Մորթի քշվող ոչխարներին ասացին, թե՝ «ապագա կա՞», տխմարները ուրախ մայունով արձագանքեցին՝ «կա... կա՜...», ու վազեցին մորթվելու:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը