Քաղաքական

02.07.2021 12:25


«Մեր դիմումը ՍԴ-ում է». ընտրության արդյունքների հարցով «Հայաստան» դաշինքը դիմել է դատարան

«Մեր դիմումը ՍԴ-ում է». ընտրության արդյունքների հարցով «Հայաստան» դաշինքը դիմել է դատարան

«Հայաստան» դաշինքն այսօր դիմել է Սահմանադրական դատարան` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով։ Իրավաբան, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ռոբերտ Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենց դիմումն արդեն ՍԴ–ում է և սպասում են դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ աշխատակարգային որոշմանը։

«ՍԴ մասին օրենքի համաձայն` գործը քննվելու է 15–օրյա ժամկետում։ Գործը կքննվի բանավոր ընթացակարգով, այսինքն` բաց, և հնարավորություն կունենանք ներկա գտնվել կամ հետևել։ Ամենաուշը հուլիսի 16-ին մենք կունենանք ՍԴ որոշում` կա՛մ ընտրության արդյունքները թողնել անփոփոխ, կա՛մ անվավեր ճանաչել դրանք, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավաեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»,–ասաց Հայրապետյանը։

Նա հավելեց, որ դաշինքն անհատական դիմում է ներկայացրել, մամուլից տեղեկացել է, որ անհատապես դիմումներ են ուղարկելու նաև «Պատիվ ունեմ» դաշինքը և «Զարթոնք» կուսակցությունը։ Հայրապետյանը հավելեց` սահմանված ժամկետում նույնաբովանդակ դիմումներ ստանալու դեպքում ՍԴ–ն դրանք միավորելու և մեկ դիմումի շրջանակում է քննելու։

Հարցին, թե ի վերջո ՀՀ երկրորդ նախագահը պատրաստվո՞ւմ է վերցնել իր պատգամավորական մանդատը` Հայրապետյանը պատասխանեց, որ ՍԴ որոշումից հետո էլ ամեն ինչ պարզ կլինի։

ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանն էլ Facebook–ի իր էջում գրել է, որ ՍԴ–ն ստացել է «Հայաստան» դաշինքի դիմումը։ Նրա խոսքով` այսօր ժամը 10։40-ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։

Այս խորագրի վերջին նյութերը