Քաղաքական

01.07.2021 14:07


«Վարչական ռեսուրսի տոտալ կիրառում է եղել, միայն հիշենք Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը». Նաիրա Զոհրաբյան

«Վարչական ռեսուրսի տոտալ կիրառում է եղել, միայն հիշենք Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի համար Ադրբեջանն անընդունելի ուլտիմատումներ, պահանջներ է դնում, որոնք ուղղակիորեն վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը և փակելու են պատմական Արցախի տարածքները վերադարձնելու օրինական հնարավորությունները։

«Այս ամենն ինձ համար անընդունելի է։ Ի սկզբանե ինձ համար կանխատեսելի է, որ միջազգային, հատկապես՝ արևմտյան կառույցներն ատամներով պաշտպանել ու պաշտպանելու են Նիկոլ Փաշինյանին, նրանք կարծում են, որ Հայաստանում տեղի է ունեցել բացառապես ժողովրդավարական ընտրություններ։ Որքանով տեղյակ եմ՝ հուլիսի 2-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հայց են ներկայացնելու Սահմանադրական դատարան, մենք կտեսնենք, թե ինչպիսի դիրքորոշում է որդեգրելու միջազգային հանրությունը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ քանի որ չգիտի, թե ՍԴ ինչ հայց է ներկայացվելու (օրինակ, «Հայաստան» դաշինքի գործընկերները խոսում են տոտալ ընտրակեղծիքների մասին), ուստի չգիտի, թե ինչ կլինի։

«Այս պահին իմ ձեռքի տակ չկան տոտալ ընտրակեղծիքների վերաբերյալ փաստեր, ես անհամբեր սպասում եմ, որպեսզի ծանոթանամ նաև հայցադիմումին, որը կներկայացնեն երկու դաշինքները։ Մենք պետք է սպասենք հայցին և ՍԴ-ի քննությանը։

Վարչական ռեսուրսի տոտալ կիրառում է եղել, միայն հիշենք Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը։ Սակայն մեզ պետք են փաստեր, որպեսզի կարողանանք խոսել այնպիսի զանգվածային խախտումների մասին, որոնք ՍԴ-ին հիմք կտան անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները»,-հավելեց նա։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը