Քաղաքական

01.07.2021 12:59


Արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու մասին Քոչարյանի հայտարարությունը մոտիվացնում է ընտրազանգվածին. քաղտեխնոլոգ

Արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու մասին Քոչարյանի հայտարարությունը մոտիվացնում է ընտրազանգվածին. քաղտեխնոլոգ

Հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովը: Հանդիպման ժամանակ հայտարարվեց արտահերթ ընտրություններում քվեարկության ընթացքում զանգվածային խախտումների մասին, ներկայացվեցին իրավիճակի տեսլականն ու կանխատեսումները: NEWS.am-ի թղթակիցը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին խնդրել է ներկայացնել ստեղծված իրավիճակի և իրադարձությունների հնարավոր զարգացման վերաբերյալ իր տեսակետը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները նախօրեին կայացած առաջին ընդհանուր ժողովի ժամանակ կասկածներ հայտնեցին՝ մատնանշելով մի շարք ենթադրյալ խախտումներ:

Ինչպես հայտնի է, դաշինքը մտադիր է այս հարցով դիմել Սահմանադրական դատարան: Դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը բավականին մանրամասն ներկայացրեց իրավիճակը: Չնայած շատ բան չներկայացրեց իրավական և մարտավարական թեմաներով: Կարծում եմ, որ Սահմանադրական դատարան դիմելու որոշակի տվյալներ, հիմքեր, նույնիսկ փաստեր կան: Այսպիսով, դաշինքի ներկայացուցիչները կասկածներ են հայտնում 200 հազար ձայնի մասով: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրանք կասկածելի անվանեց, եթե չեմ սխալվում: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան բանակի, ոստիկանության, վարչական ռեսուրսների և այլ մեխանիզմների օգտագործման վերաբերյալ, որոնք կասկածելի են, կամ լավագույն դեպքում` օրենքի սահմանի վրա են: Ընդհանուր առմամբ, ակնհայտորեն, խոսքը մոտավորապես 200 հազար ձայնի մասին է: Դրան պետք է ավելացնել այն, որ իշխանափոխությունից հետո սա արդեն երկրորդ ընտրությունն է, բայց ընտրողների ցուցակները չեն ճշտվել, և մենք, իբր, դեռ ունենք 2 միլիոն 600 հազար ընտրող: Ենթադրում եմ, որ սա բավականին ուռճացված թիվ է: Դրա շնորհիվ է նաև, որ ընտրողների մասնակցությունը բավականին ցածր է: Ցածր մասնակցության պայմաններում ուռճացվում են նաև ստացված տոկոսները: Հիմա քաղաքական ուժերը գնահատում են կատարվածը. «Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես հայտարարեց Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին: Ավելին, նույնիսկ ՀԱԿ-ի քաղաքական հայտարարության բովանդակությունը գրեթե նույնն էր՝ այն տարբերությամբ, որ ինչպես իրենք են բացատրում, չեն դիմում Սահմանադրական դատարան, քանի որ մեծ ռեսուրսներով և իրավական աջակցությամբ այլ քաղաքական ուժեր արդեն դիմել են: Այնպես որ, «Հայաստան» դաշինքը միայնակ չէ իր կասկածների մեջ: Ինչ կլինի արդյունքը՝ կտեսնենք: Կրկնեմ՝ պետք է ենթադրել, որ նրանք ունեն բավական լուրջ հիմքեր Սահմանադրական դատարան դիմելու համար: Խոսվեց նաև որոշ նյուանսների և անակնկալների մասին, որոնց մասին դեռ չի հաղորդվել: Իմ տպավորությունն այնպիսին է, որ այնքան կարևոր չէ իրավական, որքան քաղաքական հետևանքը՝ դիմել Սահմանադրական դատարան և կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը:

Ինչի՞ մասին է խոսում ընտրողների պասիվությունը

Մենք կարող ենք արձանագրել, ինչպես ես կանխատեսում էի, որ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը կամ իշխանության ընտրազանգվածը բավականին, այսպես ասած, միջուկային ընտրազանգված է: Այն ինքնին շատ կազմակերպված է, այնտեղ փոխգործակցության հատուկ մեխանիզմներ են աշխատում: Ինչպես ասում էի, նրանք գնալու են ընտրությունների, և Փաշինյանը մասնակցության խնդիր չի ունենա: Նա պարզապես պետք է միշտ մոտիվացնի նրանց, որպեսզի միավորի և տոնուսի մեջ պահի: Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Փաշինյանը աշխատում էր ոչ թե ամբողջ ընտրազանգվածի վրա, առավել ևս ընդդիմադիր ընտրազանգվածի, այլ իր ընտրազանգվածը և սեփական թիմը տոնուսի մեջ պահելու, միավորելու համար, որպեսզի այդ օրը գնան ընտրության: Եվ նրանք գնացին ու քվեարկեցին: Եթե նույնիսկ համարենք, որ ընտրողների թիվը եղել է 2,6 միլիոն, դա առավելագույնը 26-27 տոկոսն է: Կարծում եմ՝ հենց այդքան է նրա ընտրողների թիվը: Բայց քանի որ ընդդիմությունը չկարողացավ մինչև վերջ միավորել իր սեփական ընտրազանգվածը և մղել դեպի ընտրատեղամասեր, Փաշինյանի ընտրողների տոկոսն աճեց և հասավ 53 տոկոսի, քանի որ ավելի մեծ ակտիվության դեպքում հարաբերակցությունը այլ կլիներ: Փաշինյանին հաջողվեց համախմբել իր գրեթե ողջ ընտրազանգվածը՝ գումարած-հանած 2-3 տոկոս, և նրանց բերել ընտրատեղամասեր: Այժմ ես չեմ անդրադառնում հնարավոր խախտումներին, դրանցով պետք է զբաղվեն նրանք, ովքեր արդեն զբաղվում են. արդյունքը կերևա Սահմանադրական դատարանի որոշման մեջ: Իսկ ընդդիմությանը, ընդհանուր առմամբ, չհաջողվեց համոզել իր ողջ ընտրազանգվածին, որ ընտրությունները չափազանց կարևոր և վճռորոշ կարող են լինել: Ինչպես ասում են՝ նրանք չկարողացան տեղ հասցնել:

Ի՞նչ դեր են խաղացել «նախկինների» մասին մշտական ​​հիշատակումները և ինչպե՞ս հաղթահարել դա:

Դա, իհարկե, ընդհանուր առմամբ, աշխատել է: Բայց պետք է հաշվի առնել հետևյալը՝ 2018 թվականի ընտրություններին հանդես գալով նույն կարգախոսներով՝ Փաշինյանին և իր թիմին հաջողվեց ստանալ 73-74 տոկոս ձայն: Ամեն դեպքում, պետք է փաստել, որ չնայած «նախկինների» մասին փաստարկներին՝ Փաշինյանին հաջողվեց 20 տոկոսով ավելի քիչ ձայն հավաքել, քան երեք տարի առաջ. գրեթե նույն մասնակցության պայմաններում տարբերությունը մեկ տոկոսից էլ պակաս է: Ընտրողների 20 տոկոսի համար այս փաստարկներն այլևս համոզիչ չէին: Այլ հարց է, թե այս 20 տոկոսն ուր է գնացել՝ ընդդիմության մո՞տ, քանի որ նախորդ ընտրություններում այն ​​գրեթե բացակայում էր, թե՞ միացել է չմասնակցածներին: Այո, «նախկինների» թեման դեռ ազդել է, բայց շատ ավելի համեստ, քան, օրինակ, 2018 թվականին և դրանից հետո: Բայց այդ, այլ գործոններ նույնպես ազդել են՝ ընտրությունների կազմակերպման մեխանիզմները, մասնակցությունը, սակայն կարծում եմ, որ ամենագլխավոր մեսիջը, որն ազդում էր յուրաքանչյուր ընտանիքի վրա, այն էր, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, կապիտուլյացիան ստորագրելուց հետո, ակնարկում էր, երբեմն նաև շատ թափանցիկ, որ արդեն խաղաղություն է լինելու, այլևս Ադրբեջանի և Թուրքիայի հետ սուր հակամարտություն չկա, և Հայաստանի կողմից ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում, այսինքն՝ չհակադրվելու քաղաքականության դեպքում, որի վառ օրինակը հազարավոր ադրբեջանցի զինվորների՝ Հայաստանի տարածք ներխուժումն էր, երբ մեր կողմից ոչ մի կրակոց չարձակվեց, պատերազմ չի լինի:

Այսինքն՝ յուրաքանչյուր ընտանիքին մեսիջ էր ուղարկվում, որ այլևս պատերազմ չի լինելու, որ ամուսիններն ու որդիները այլևս չեն գնալու պատերազմի, չեն զոհվելու, և երբեմն նույնիսկ իրենք են որոշելու, թե որտեղ են ծառայելու: Ցանկացած ընտանիքի, ծնողի համար սա շատ կարևոր մեսիջ է, որը, ամեն դեպքում, ազդում է ենթագիտակցության վրա: Երբ նախընտրական քարոզարշավի ընթացքում նրանք հայտարարում են, երբեմն երրորդ կողմերի միջոցով, որ մեկ այլ թեկնածուի, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի խոստումները նոր պատերազմի կհանգեցնեն, դա անմիջապես հակադրության մեջ է մտնում յուրաքանչյուր ծնողի ինքնապաշտպանության բնազդի հետ: Փաշինյանի այս մեսիջը շատ հասկանալի էր մարդկային, այլ ոչ քաղաքացու տեսակետից: Կարծում եմ ՝ դա ընկացվեց: Այլ հարց է՝ դա վատ է, թե լավ: Նորմալ հասարակություններում քաղաքացին և մարդը ոչ միշտ են հակադրվում: Մեր երկրում այդ մեսիջը հեշտությամբ ընկալվեց, և ծնողի ու քաղաքացու միջև ընտրություն կատարելիս՝ զգալի մասը ընտրեց ծնողին:

Ընդհանրապես, յուրաքանչյուրին ասում էին այն, ինչ նա ուզում էր լսել: Ծնողներին՝ ձեր որդիները, ամուսինները այլևս չեն գնալու պատերազմի, չեն կռվելու, չեն զոհվելու, վտանգ այլևս չկա: Գործարարներին՝ արդեն կարող եք էժան Ադրբեջանի տարածքով դուրս գալ դեպի Ռուսաստան: Արտագնա աշխատանքի մեկնողներին ասում էին, որ կարող են հեշտությամբ մեկնել աշխատանքի: Մանր առևտրականներին նույնպես որոշ բաներ էին խոստացել: Այլևս չեմ խոսում խոշոր բիզնեսների մասին: Ասում էին, որ Թուրքիան նույնպես կբացի իր սահմանները, և ... Այնպիսի տպավորություն է, որ մենք ունենք հզոր արտադրություն, և միակ խնդիրը արտահանումն ու վաճառքի շուկա գտնելն է: Արդյո՞ք սա հասարակության միամտությունն է: Փաստը մնում է փաստ, որ նա կարողացավ յուրաքանչյուրին հասցնել այն, ինչ ուզում էին լսել, ինչը չհաջողվեց ընդդիմությանը:

Երկրորդ նախագահը մեկուկես տարի անց կանխատեսում է արտահերթ ընտրություններ: Ի՞նչ է մեզ սպասվում այս ընթացքում:

Քոչարյանը ասում է, որ ներքաղաքական խորը ճգնաժամի պատճառները այս ընտրություններով չեն լուծվում: Ավելին, դրանց ավելանում են նոր թեմաներ, նոր նրբերանգներ, գուցե, նոր պայմանավորվածություններ: Եռակողմ հայտարարության դրույթների և մոսկովյան պայմավորվածությունների՝ Հայաստանի համար շատ կարևոր կետեր ի կատար չեն ածվել՝ գերիների վերադարձ, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ուժերի դուրսբերում: Այս ամենը չի կատարվել, և կատարելու համար Ադրբեջանը նոր պայմաններ է դնում: Գերիներին վերադարձնելու համար պահանջվում է ականապատ դաշտերի քարտեզներ՝ չնայած դրանք Արցախի և Հայաստանի անվտանգության երաշխիքներն են: Առաջիկայում նաև սպասվում են սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացներ: Կարծում եմ, որ դրանից հետո նրանք կպահանջեն, չնայած արդեն պահանջում են, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այդպիսով փակել Արցախի թեման: Նրանք անընդհատ բարձրացնում են «Զանգեզուրի միջանցքի» թեման: Այսինքն՝ շատ հարցեր են լինելու, որոնք էլ ավելի են խորացնելու ճգնաժամը: Եվ յուրաքանչյուր նման հարց, յուրաքանչյուր նման փաստաթուղթ կամ դրանց ստորագրումն ու իրականացումը ընդդիմությանը ինչ-որ պահի նոր քաղաքական օրակարգ ստեղծելու հիմք է տալու: Ինչպես նշեց Քոչարյանը, քանի որ այն խնդիրները, որոնք հանգեցրել են ճգնաժամին, չեն լուծվում, և դրանց ավելանում են նորերը, տեսանելի ապագայում սպասվում են նոր արտահերթ ընտրություններ: Նրա գնահատականներով՝ դա տեղի կունենա մոտ մեկուկես տարի անց. սա նրա հաշվարկն է, գուցե այն հիմնված է որոշակի տեղեկությունների վրա: Ի վերջո, բոլոր նախկին նախագահները շատ ավելի տեղեկացված են, քան շարքային քաղաքացիները: Բացի այդ, պարզ չէ է, թե ինչպիսին է լինելու երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկու ընդդիմադիր ուժեր մտնում են խորհրդարան և չեն թաքցնում, որ մտադիր չեն հանգիստ թողնել իշխող ուժին: Հաշվի առնելով, որ խորհրդարանական մեծամասնությունը չունի անգամ երկու երրորդը, որոշակի դժվարություններ կարող են ստեղծվել այդ առումով: Կարծում եմ, որ բավականին բուռն խորհրդարանական կյանք է սպասվում: Եթե ​​դրան գումարենք, ինչպես նշեց Ռոբերտ Քոչարյանը, փողոցը ևս վերահսկողության տակ պահելու մտադրությունը, և նրա հանրահավաքների թափը, ինչպես նաև ակտիվ քաղաքականությունը լրատվամիջոցներում, ապա կարող եմ ենթադրել, որ որոշ ժամանակ անց՝ լինի դա մեկուկես տարի, երկու տարի կամ մի քանի ամիս անց, իրավիճակը կարող է բավականին բուռն լինել: Ընդդիմության հայտարարությունը արտահերթ ընտրությունների նախապատրաստման մասին մոտիվացնում է նրա ընտրազանգվածին և թիմին, և բնականաբար, յուրաքանչյուր քայլ, որն արվելու է այս ժամանակահատվածում՝ մինչև հաջորդ ընտրությունները, ուղղված է լինելու սեփական դիրքերը ամրապնդելուն՝ հաջորդ ընտրություններում հաղթելու վերջնանպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը