Մեկնաբանություն

14.06.2011 18:05


Սերժի հաճախորդներն ընդդեմ «վնասարարների»

Սերժի հաճախորդներն ընդդեմ «վնասարարների»

Հիմա արդեն վերջնականապես պարզ է, թե ինչու էր Լևոն Տեր–Պետրոսյանը միջամտել ՀՀՇ–ի վերջին համագումարում տեղի ունեցած իրադարձություններին։ ՀԱԿ առաջնորդը բռնել էր Սերժից «երկխոսվելու» արթուրբաղդասարյանական ճամփան և, հետևաբար, իրեն  անհրաժեշտ էր ՀՀՇ–ի խամաճիկային ղեկավար կազմ՝ Տեր–Պետրոսյանին հլու–հնազանդ ենթարկվող ու քաղաքականապես անողնաշար Արամ Մանուկյանի գլխավորությամբ, մի մարդու, ում քաղաքական արժանիքն իր անվան ու ազգանվան նույնությունն է առաջին հանրապետության տարիների ականավոր  պետական գործիչ Արամ Մանուկյանի հետ, ինչից ելնելով էլ մեր օրերի Արամին վստահվեց Անկախության հռչակագրի ընթերցումը։

Ստացվում է, որ «հիմնադիրի» պատկերացրած ժողովրդավարությունն այն է, երբ իր ենթականերն են դառնում Արամ Մանուկյանի պես կամակատարներն ու «վոժդի» ամեն մի խոսքից տեղից վեր թռչող ու ծափահարող մարդիկ։ Իսկ նրանք, ովքեր սեփական «ես»–ը, անցած ճանապարհն ու կենսագրությունն ունեն՝ Տեր–Պետրոսյանից ստանում են «վնասարարներ» պիտակավորումն ու հեռացվում։

Տերպետրոսյանական «ժողովրդավարության» ու վոժդիզմի արդյունքում ՀՀՇ–ն լքեց Կարապետ Ռուբինյանը, իսկ հետագայում նաև Խաչիկ Քոքոբելյանն ու մյուսները։ Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀՇ–ից դուրս է եկել նաև Արարատ Զուրաբյանը, ով երկար տարիներ եղել էր կուսակցության վարչության նախագահը, իսկ Ալեքսանդր Արզումանյանը «դե ֆակտո» հեռացած է ՀԱԿ–ից ու ՀՀՇ–ից շատ վաղուց։ ՀՀՇ–ից հեռացել են նաև շատ ուրիշները։

Կարելի է ասել, որ ՀՀՇ–ն հիմնականում լքել են այն սուբյեկտները, ովքեր, առանց բարձրաձայնվող ինքնագովազդի, Տեր–Պետրոսյանի ու կուսակցության համար ձայներ էին ապահովել ու տարիներ շարունակ պահել ՀՀՇ–ն՝ հանդիսանալով դրա կորիզը։

Հարց է առաջանում, թե այդ դեպքում ու՞մ վրա է հույսը դրել ՀԱԿ առաջնորդը։ Եթե այնպես արվեց, որ Արարատ Զուրաբյանն ու մյուսները, ովքեր ընտրական գործընթացների ժամանակ էական դերակատարում են ունեցել ձայներ ապահովելու և տեղերում կռիվ տալու առումով, հեռանան Կոնգրեսից, ապա ստացվում է, որ Տեր–Պետրոսյանը խնդիր չի դրել սպասվող ընտրություններում քվեներ ապահովել, կամ էլ «հիմնադիրը» քվեներն ակնկալում է Սերժ Սարգսյանից՝ «Եղիազար Այնթապցին և էջմիածնական միաբանները» ծրագրի շրջանակներում։ Ուրիշ բան հնարավոր չէ մտածել։

ՀԱԿ–ի լևոնական ենթակաները հիմա փորձում են տարածել, թե ՀՀՇ–ից հեռացած ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծած մարդիկ իշխանական պրոյեկտի շրջանակներում են գործում։ Սակայն հարկ է ընդգծել, որ ով ով, բայց Տեր–Պետրոսյանն ու իր թիմակիցներն ընդհանրապես իրավունք չունեն խոսել իշխանական պրոյեկտներից, քանի որ իրենք են ամբողջությամբ տրվել Սերժի պրոյեկտը դառնալու նվաստացուցիչ գործին, բայց, ի դժբախտություն իրենց, նույնիսկ ա՛յդ հարցում անհաջողության են մատնվում, քանի որ ՀՀԿ «ճկուն» ղեկավարին նրանք այլևս պետք չեն։

Լևոնի հինգ հոգանոց պատվիրակությունը հիմա կարող է զբաղվել ամեն ինչով, բայց ոչ Սերժի պատվիրակության հետ «երկխոսելով», քանի որ հաճախորդների հետ չեն բանակցում ու կլոր սեղանի (round table) շուրջ քննարկումներ չեն կազմակերպում, իսկ ինքնաառաջարկված ու «երկխոսության» գիրկն ինքնամոռաց նետված հաճախորդների հետ՝ առավել ևս։

Ինչ մնում է նորաստեղծ «Ազատ դեմոկրատներին» տրվող բացասական պիտակավորումներին, ապա դրանք դատարկաբանության ոլորտից են։ Ի վերջո ժամանակը ցույց կտա, թե ով ում պրոյեկտն է, կամ ով ում՝ «երկխոսվածն» ու դեն նետվածը։

Անձամբ ինձ համար շատ դրական է, որ Քոքոբելյանն իր հարցազրույցում նկատեց, թե չի ընդունում «Սերգո՛ ջան, լավ չես ապրելու, մինչև Ղարաբաղի  հարցը չլուծվի» (փաստացի՝ հանձնվի) լևոնական տխրահռչակ թեզը և կարծում է, որ Հայաստանի զարգացման հնարավորությունները մեր ներսում են։ Իսկ դա արդեն նշանակում է, որ ՀՀՇ–ից պոկվել է առնվազն հիվանդագին հանձնողականությամբ չտառապող թևը։ Կարևորն այստեղ գաղափարներն են և հրապարակավ հնչող խոսքերը։ Մնացածը դատարկ խոսակցություններ են և անձնավորված պարզունակ մտածողության դրսևորումներ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը