Լրահոս

15.07.2011 00:09


Հրանտ Բագրատյանի նկատմամբ կատարողական վարույթն ավարտված է

Հրանտ Բագրատյանի նկատմամբ կատարողական վարույթն ավարտված է

Հաշվի առնելով խնդրի առնչությամբ հանրային հետաքրքրությունը, մանրամասներ ենք ներկայացնում թիվ 01/04-3130/08 կատարողական վարույթի վերաբերյալ (պահանջատեր` Տիգրան Սարգսյան, ՀՀ Կենտրոնական բանկ, պարտապան` Հրանտ Բագրատյան):

2008 թվականի նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքացիական դատարանի կողմից տրված թիվ ԵՔԴ/0258/02 կատարողական թերթի համաձայն` պետք էր Հրանտ Բագրատյանին պարտավորեցնել տասնօրյա ժամկետում «Առավոտ» օրաթերթում ստորագրելու և հրապարակելու հետևյալ տեքստը.

«Ես` Հրանտ Բագրատյանս, ՀՀ կենտրոնական բանկից, ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանից և ընթերցողներից ներողություն եմ խնդրում «Առավոտ» օրաթերթի 02.02.2008թ. համարում տված իմ հարցազրույցում բերված իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար: Մասնավորապես, ընդունում եմ, որ «Ագրոբանկը» ԿԲ-ի կողմից անվճարունակ չի ճանաչվել, այն ինքնալուծարվել է, իսկ «Հայխնայբանկի» սեփականաշնորհումը ԿԲ-ի կողմից չի կազմակերպվել, և Ազգային ժողովը նման հանձնարարություն ԿԲ-ին չի տվել»:

Համաձայն վերոհիշյալ կատարողական թերթի` նաև պետք էր Հրանտ Բագրատյանից հօգուտ հայցվոր Տիգրան Սարգսյանի բռնագանձել 2.000 դրամ, իսկ հօգուտ ՀՀ կենտրոնական բանկի` 600.000 դրամ` որպես հայցապահանջի բավարարված մասին համապատասխան տուրքի և դատական ծախսի գումարներ:

04.12.2008թ. հարուցված թիվ 01/04-3130/08 կատարողական վարույթով ձեռնարկված կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Հրանտ Բագրատյանից հօգուտ ՀՀ Կենտրոնական բանկի և Տիգրան Սարգսյանի բռնագանձվել է 602.000 դրամ, իսկ որպես կատորաղական ծախս` 30.100 դրամ:

Կատարողական վարույթի ընթացքում կատարողական թերթի ոչ գույքային բնույթի պահանջի կատարմանն ուղղված` հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար պարտապան Հրանտ Բագրատյանը ԴԱՀԿ ծառայության կողմից օրենքով սահմանված կարգով երկու անգամ ենթարկվել է վարչական տուգանքի` համապատասխանաբար 200.000 և 400.000 դրամի չափով, որոնք պարտապանից բռնագանձվել են ՀՀ վարչական դատարանի վճիռների հիման վրա: Հետագայում ևս, հարկադիր կատարողի երրորդ համանման որոշումը չկատարելու համար դարձյալ նշանակվել է վարչական տուգանք 400.000 դրամի չափով, որը, սակայն, չի բռնագանձվել, քանի որ պարտապանը դատական կարգով վիճարկել է հարկադիր կատարողի որոշումը, այդ գործով առկա չէ օրինական ուժի մեջ մտած վճիռ, քննությունը շարունակվում է:

Իսկ 11.07.2011թ. պահանջատերն իր դիմումով, օրենքով սահմանված կարգով, խնդրել է վերադարձնել կատարողական թերթը: Այդ հիմքով 13.07.2011թ. թիվ ԵՔԴ/0258/02 կատարողական թերթը վերադարձվել է պահանջատիրոջը, և որոշում է կայացվել թիվ 01/04-3130/08 կատարողական վարույթն ավարտելու մասին:

ՀՀ արդարադատության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը