Քաղաքական

07.06.2021 16:50


Բաղրամյան գյուղի դպրոցի Վերջին զանգը հետաձգվել է. դպրոցի տնօրենն ուսուցիչներին տարել է Փաշինյանի քարոզարշավին

Բաղրամյան գյուղի դպրոցի Վերջին զանգը հետաձգվել է. դպրոցի տնօրենն ուսուցիչներին տարել է Փաշինյանի քարոզարշավին

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրեն Քնարիկ Գալստյանը այսօր՝ հունիսի 7–ին, դպրոցի աշխատողներին հավաքել ու տարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։ Այս մասին NEWS.am-ի խմբագրություն է ահազանգել գյուղի բնակիչներից մեկը։

Բնակչի խոսքով՝ դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանի համակուրսեցին է եղել. «Արդեն համբերության բաժակը լցվել է։ Տնօրենի համակուրսեցին է Փաշինյանը, երբ 2018 թվականից նա դարձավ վարչապետ, սա էլ դարձավ տնօրեն։ 2021 թվականի մարտի 1-ին ուսուցիչներին խաբեց, տարավ «Մարիոթ» հյուրանոցի մոտ, հետը քայլեցին, դրանից առաջ խաբեց, տարավ Եռաբլուր, այսօր հավաքել, բերել է Էջմիածին, որքա՞ն կարելի է, արդեն զզվեցրեց։ Ով էլ հրաժարվում է գնալ, տեսնեք՝ ինչ է անում նրանց գլխին, մե՞ղք չեն այդ ուսուցիչները»։

Բնակիչը պատմեց, որ այսօր դպրոցում պետք է տեղի ունենար Վերջին զանգ, սակայն Փաշինյանի քարոզարշավի համար այն հետաձգվել է. «Այսօր պետք է Վերջին զանգ արվեր դպրոցում, այն հետաձգել է 1-ից հետո, որ հավաքի ժողովրդին, տանի։ Դպրոցում խայտառակ վիճակ է, տնօրենն իրեն խուլիգանի պես է պահում։ Հիմա մեր գյուղի ուսուցիչները գնացել են Էջմիածին՝ ցույցի, նրանցից են տնօրենը, հոգեբանը՝ Գասպարյան Սիրանուշ, անգլերենի ուսուցչուհի Եղիկյան, Մարիամ Հակոբջանյանը, Մխիթարյան Հրանուշ, Պապայան Թագուհի, գրադարանավարուհին, փոխտնօրեն Նարգիզ Հովհաննիսյանը»։

Այս խորագրի վերջին նյութերը