Մեկնաբանություն

06.06.2021 13:05


Ռոբերտ Քոչարյանի կորը և Նիկոլի անկումը

Ռոբերտ Քոչարյանի կորը և Նիկոլի անկումը

Անգամ պաթոլոգիկ իշխանամետ ու Ռոբերտ Քոչարյանի դեմ պատվեր կատարող տնաբույծ քաղաքագետները, սազանդար սոցիոլոգները, փորձագետները, պաշտոնական ագիտպրոպը չեն կարողանում չընդունել, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի վարկանիշն աճում է։

Քոչարյանի վարկանիշային աճին զուգահեռ անկում է ապրում Նիկոլի վարկանիշը։

Վարկանիշային կտրուկ անկում Նիկոլը 2020–ի նոյեմբերի 9–ից հետո է ունեցել, բայց հիմա նրա վարկանիշն ընկնում է արդեն սեփական թիմի ներսում, քանզի ուսապարկերը վախենում են, որ Նիկոլը չի կարողանալու իրենց համար իշխանություն ապահովել և ֆիզիկական անվտանգության երաշխիքներ տալ, իսկ պետական ապարատում հաշվում են այս պարտության խորհրդանիշի հեռացման օրերը։

Թե որքան կհավաքի Քոչարյանը մինչև հունիսի 20–ը, դժվար է ասել։ Բայց որ նրա վարկանիշային կորը դեպի վերև է ուղղված, միանշանակ է։

Քոչարյանի վերադարձը

Այս ընտրություններում կան երկու հիմնական խաղացողներ՝ Քոչարյանն ու Նիկոլը։ Վերջինիս մոտիվացիան վախն է։ Դատվելու, պատասխան տալու, թալանածը վերադարձնելու և արդարադատության ծանր հարվածի տակ ընկնելու վախը։

Քոչարյանի մոտիվացիան այլ է։ Նա ինքն իրեն ու աշխարհին ապացուցելու բան ունի։ Քոչարյանը հասկանում է, որ եթե իր գլխավորած դաշինքով կամ այլ ուժերի հետ կոալիցիա կազմելով իշխանությունը չվերցրեց, ապա դա կնշանակի սեփական քաղաքական կարիերայի ավարտ, իսկ Նիկոլի վերարտադրությունը՝ Հայաստանի ու Արցախի վերջնական կապիտուլյացիա։ Դրա համար էլ Քոչարյանը, մարզական լեզվով ասած, պատրաստվում է եզրափակչի։

Քոչարյանը հիմա նման է մարզիկի, որը նախկինում բազմակի չեմպիոն է դարձել, հետո հեռացել ակտիվ սպորտից, բայց հիմա նրա կարիքը կրկին կա ու նա վերադարձել է։ Վերադառնում է ստացած վնասվածքներից ապաքինվելով (իր դեմ և՛ պաշտոնավարման ընթացքում, և՛ դրանից հետո, այսինքն՝ 23 տարի շարունակ հակաքարոզ է տարվել, հազար ու մի լկտի ստեր են տարածվել և այլն) և օպտիմալ «քաշին», մարզավիճակին գալով։

Ինչո՞վ կավարտվի դաժան մրցապայքարը

Քոչարյանին չընդունողներն անգամ խոստովանում են, որ միայն նա կարող է Նիկոլին հեռացնել։ Այլ հակառակորդ այս պահին չկա։ Մյուսներն ուզում են, բայց իրենց կալիբրով էականորեն զիջում են Քոչարյանին։

Քոչարյանը բազմաթիվ մեղքեր ու սխալներ ունի, բայց նրան երբեք հնարավոր չէ մեղադրել դավաճանության, ստախոսության, անգրագիտության, ապաշնորհության, դեմագոգիայի մեջ։ Այդ հատկանիշները նրա հակառակորդինն են՝ Նիկոլ Փաշինյանինը։

Քոչարյանը նույնիսկ չափից դուրս ուղղամիտ է քաղաքական կյանքում։ Նա ավելի շուտ ճգնաժամային կառավարիչ է, քան հարթակային քարոզիչ։ Նա զզվում է հարթակից, քանզի հարթակում որոշումներ չեն կայացվում, ծրագրեր չեն մշակվում, ռացիոնալիզմին փոխարինում է զգացմունքը։ Բոլորն էլ տեսան, թե ինչ հետևանքների բերեց հարթակային ծաղրածուի գործունեությունը։

Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ գնալ ոչ պոպուլիստ, ոչ պոպուլյար, բայց անհրաժեշտ ու առողջարար քայլերի պատրաստ գործչի, թե՞ մահվան ու պարտության խորհրդանիշի հետևից։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը